«Ադրբեջանը վերադառնում է ռազմական շանտաժին». Ադրբեջանագետ

«Ադրբեջանը որոշ ժամանակ խաղում էր, այսպես կոչված, խաղաղարարի դիմակով՝ համաշխարհային հանրությանն ավելի հանդուրժող ու դեմոկրատ ներկայանալու նպատակով։ Հատկապես Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների պատճառով, Ադրբեջանը չէր ցանկանում ագրեսորի կարգավիճակում լինել, բայց այդ իրադարձություններից արդեն անցել է մեկ տարի, և Ադրբեջանն այն, ինչ ուզում էր հայկական կողմից,  չի ստացել, ուստի Ադրբեջանը վերադառնում է ի շրջանս յուր՝ ռազմական շանտաժին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ անդրադառնալով  վերջին շրջանում սահմանային լարվածության աճին։

Նրա խոսքով՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վարած  քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, և սահմանին եղած համեմատաբար մեղմ քաղաքականությունն աստիճանաբար վերածվում է ռազմատենչ քաղաքականության։

«Մենք խոսում ենք խաղաղության մասին, իսկ Ադրբեջանը մեր քթի տակ, Թուրքիայի հետ միասին, զորավարժություններ է անցկացնում՝ չթաքցնելով համատեղ դաշինքով Հայաստանը ոչնչացնելու իր ծրագիրը»,- ասաց ադրբեջանագետը։

Անդրադառնալով Բրյուսելում Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնած այն վստահությանը, ըստ որի՝  բանակցային գործընթացը շարունակվելու է, ուստի կարևոր է, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ առանց Արցախի՝ անհնար է հասնել հակամարտության կարգավորման, ադրբեջանագետը նկատեց՝ միայն Հայաստանի ցանկությամբ անհնար է Արցախին դարձնել բանակցությունների կողմ, ավելին՝ Ադրբեջանը երբեք չի համաձայնի, որպեսզի Արցախը լիակատար վերադառնա բանակցությունների սեղան։

«Ալիևն այդ բանակցություններն օգտագործում է քարոզչության նպատակով, նա գալիս է բանակցելու, իսկ նրա երկրում պատրաստվում են պատերազմի։ Նա ցանկանում է այնպիսի տպավորություն ստեղծել, որ իբրև բանակցում է «ագրեսոր» Հայաստանի հետ, որպեսզի վերջինս Արցախից դուրս բերի իր զորքերը։ Բայց եթե Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, Ադրբեջանն այդ շանսից կզրկվի։ Իհարկե, շատ ճիշտ է, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, բայց սա բարդ գործընթաց է»,- հավելեց ադրբեջանագետը։

Ըստ նրա, պետք է առաջ տարվի ոչ միայն Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցը, այլև հստակ պետք է դրվի ադրբեջանահայության խնդիրները, թե ի՞նչ է կորցրել պատերազմի տարիներին, ի՞նչ ճանապարհ է անցել Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս