Դավաճանության նոր դեպք․ Ստամբուլում հավաքագրվածը փորձել է զինվորագրվել ՀՀ-ում՝ տեղեկություն ստանալու

Դավաճանության նոր դեպք․ Ստամբուլում հավաքագրվածը փորձել է զինվորագրվել ՀՀ-ում՝ տեղեկություն ստանալու

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է դավաճանության նոր դեպքի բացահայտման մասին։ Ըստ տարածված հաղորդագրության՝ ՀՀ քաղաքացի Մ.Ս.-ն, 2015-ին արտագնա աշխատանքի նպատակով գտնվելով Ստամբուլում, հավաքագրվել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների կողմից։

Հայաստան վերադառնալով՝ 2019-ին նա առաջարկ է ստացել գումարի դիմաց ՀՀ ու Արցախի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ։ Այդ թվում` նրանից պահանջել են բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների, իսկ վերջին շրջանում՝ նաև մարդկային կորուստների և այլնի վերաբերյալ։

Քաղաքացին ընդունել է առաջարկը։

Ընդ որում, որոշակի առաջադրանքներ կատարելու համար Մ.Ս.-ն կրկնակի բժշկական հետազոտության միջոցով վերացրել է զինվորական ծառայությանը խոչընդոտող սահմանափակումները, միջոցներ է ձեռնարկել ծառայության անցնելու ՀՀ զինված ուժերում՝ այսպիսով կրկին տեղեկություններ հավաքագրելու և թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ պետությանը փոխանցելու նպատակով։ Դա, սակայն, նրան չի հաջողվել, քանի որ պատկան մարմինները մերժել են նրան աշխատանքի ընդունելու դիմումը:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրգործ, որի շրջանակում պետդավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Մ.Ս.-ն ձերբակալվել է, տվել խոստովանական ցուցմունքներ:

Հոդվածը նախատեսում է պատիժ հայրենիքին դավաճանելու՝ թշնամու կողմն անցնելու, լրտեսության և այլ նման հանցագործությունների համար, և պատժվում է 10-15 տարվա ազատազրկմամբ։

Արցախում պատերազմի սկզբից ի վեր ԱԱԾ-ն դավաճանության առնվազն 2 դեպք է բացահայտել, նաև ձերբակալվել են այլազգի լրտեսներ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---