1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը մեծ պահանջարկ ունի

 Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը մեծ պահանջարկ ունի

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ: «Գրի՞պ ես» հարցին այս օրերին արդեն դրական պատասխան են տալիս։ Գրիպի առումով ռիսկային սեզոնը մեկնարկել է։ Բայց հիվանդությունը կարելի է կանխել պատվաստման միջոցով։ Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը ներառված է ազգային օրացույցում։ Միայն թե այն նախատեսված է ռիսկի խմբերի համար։
Այսպես, գրիպի պատվաստման հարցում առաջնահերթությունը տրվում է հղիներին, 6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաներին, խրոնիկ հիվանդությամբ անձանց, բուժաշխատողներին, փակ կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ նրանց սպասարկող անձնակազմին, օրինակ՝ մանկատներ, ծերանոցներ, եւ զինվորական անձնակազմին ու տարեցներին։ Ոչ ռիսկային խմբի ներկայացուցիչը կամավոր կարող է պատվաստվել ռիսկային խմբի որեւէ ներկայացուցչի՝ պատվաստումից հրաժարվելու դեպքում՝ նրան հասանելիք վակցինայով։
Բայց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը «ՀՀ»-ի հետ զրույցում արձանագրեց, որ նախորդ տարվա փորձը ցույց է տվել՝ գրիպի պատվաստումների նկատմամբ բնակչության պահանջարկը բավականին մեծ է. «Այս տարի եւս նկատվում է, որ պահանջարկը մեծ է՝ բոլորը հետաքրքրվում են, թեժ գծին եկող զանգերի մեծ մասը պատվաստումներին է վերաբերում։ Հատկապես նրանք, ովքեր պատվաստման արդյունավետությունը զգացել են իրենց օրինակով, սեպտեմբերի կեսից արդեն ահազանգում էին՝ ե՞րբ են սկսելու պատվաստումները»։
Այս եւ նախորդ սեզոններին պատվաստումների ուշացման համար, ըստ ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության, կան մի շարք հիմնավոր պատճառներ։ Առողջապահության նախարարության կողմից 2019-2020 թթ. սեզոնի համար մի քանի փուլով հայտարարվել են պատվաստանյութի ձեռքբերման մրցույթներ, սակայն մասնակիցներ չեն եղել, կամ առաջարկները չեն համապատասխանել «Գնումների մասին» օրենքի պահանջներին։
Միաժամանակ սեզոնային գրիպի պատվաստանյութի գլոբալ անբավարարություն է դիտվում, եւ Հայաստանի փոքր շուկան հրապուրիչ չէ մատակարարների համար։ Սեզոնային գրիպի պատվաստանյութն ունի մեկ այլ առանձնահատկություն՝ մյուս պատվաստանյութերի նման պահուստային պաշար չի ձեւավորվում, այլ գնվում է միայն տվյալ սեզոնի համար։
Հիմա պատվաստանյութն արդեն երկրում է։ Երեկվանից Երեւանում են առաջարկվում, իսկ արդեն երկուշաբթի օրվանից սեզոնային գրիպի պատվաստումներն ամբողջ հանրապետությունում կառաջարկվեն ռիսկի խմբերին։
Գ. Սահակյանի խոսքերով, ինչպես բոլոր պատվաստումները, այդ պատվաստումը եւս հակացուցումներ ունի։ Եթե նույն պատվաստման նախորդ դեղաչափից ծանր ալերգիկ ռեակցիա է եղել, ապա տվյալ անձին պատվաստում չի արվում։ Բայց մեր զրուցակիցը բարձրաձայնում է, որ դեռեւս նման երեւույթի չեն հանդիպել։ Ժամանակավոր հակացուցումներն էլ նույնն են, ինչ մյուս պատվաստումների դեպքում։
Որոշակի վիճակագրություն ներկայացնելով՝ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը նկատում է, որ առհասարակ պատվաստումների առումով բավականին ակտիվ են մարզերի բնակիչները։ Երեւանում, սակայն, պասիվ են։ Բայց ահա սեզոնային գրիպի առումով մայրաքաղաքը մարզերին գրեթե չի զիջում։
Ռիսկի խմբերի ակտիվ ընդգրկվածության մասով Գ. Սահակյանը տարանջատում չի կատարում։ Միայն նշում է, որ փակ կազմակերպությունների, բանակի ներկայացուցիչների, բուժանձնակազմի համար այս պատվաստումը նորություն չէ, մյուս խմբերի, օրինակ՝ հղիների դեպքում նորույթ է, երկու տարի է, ինչ կիրառվում է։ Ու թեեւ նորությունը միշտ դժվարությամբ է ընկալվում, այդուհանդերձ, Սահակյանը դրական միտում նկատում է. «Ընդգրկվածությունն աստիճանաբար մեծանում է։ Բայց իրազեկվածության խնդիր կա»։
Հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ պատվաստված անձի համար գրիպը բացառված է, ծրագրի ղեկավարը պատասխանում է, որ նման բան գոյություն չունի։ Դա պայմանավորված է օրգանիզմի առանձնահատկություններով. «Պատվաստված անձը կարող է վարակվել, բայց «թեթեւ» կտանի։ Պետք է հիշել, որ եթե որեւէ անձի դեպքում հիվանդությունը բարդություններով է ուղեկցվում, սա համար առաջին ցուցված պատվաստումն է»։
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումն արվում է տարին մեկ անգամ, որովհետեւ գրիպի վիրուսները հակում ունեն փոփոխվելու, մուտացիաներ առաջացնելու։
Հ. Գ. Պատվաստվելուց բացի, վիրուսի դեմ կարելի է պայքարել նաեւ որոշակի կանխարգելիչ միջոցառումներով։ Օրինակ՝ հանրային տրանսպորտում պատուհանները, այսպես ասած, հերմետիկ փակելով՝ հայտնվում ենք չօդափոխվող փակ տարածքում։ Իսկ նման տեղերում մեկ հոգու վարակված լինելն անգամ բավական է վիրուսի տարածման համար, հատկապես որ տվյալ անձը եւ, առհասարակ, մեր հասարակությունը բարդույթներ ունեն պաշտպանիչ դիմակ կրելու հարցում։

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
«Հայաստանի Հանրապետություն»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]