211652_close_icon
views-count2525 դիտում article-date 21:10 14-09-2020

«Մաղթում եմ, որ առաջինը լինեք նաև կրթական մակարդակով». Լոռու փոխմարզպետն այցելել է Վանաձորի թիվ 7 դպրոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը եղավ Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում: Նա իր ջերմ բարեմաղթանքներն էր բերել առաջին դասարանցիներին. -Սիրելի՛ աշակերտներ, ձեզ մաղթում եմ բարի ուսումնառություն: Շնորհավորում եմ նաև ձեզ, հարգելի ուսուցիչներ և մաղթում, որ դպրոցի շենքային և գույքային պայմաններով առաջինը լինելով մարզում՝ առաջինը լինեք նաև կրթական մակարդակով,-ասաց Գ. Մարկոսյանը: Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանի և դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանի ուղեկցությամբ փոխմարզպետը շրջեց դպրոցում, ծանոթացավ շենքային պայմաններին, համաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ իրականացված նախապատրաստական աշխատանքներին: Դպրոցը կառուցվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ(ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան մեկ միլիարդ դրամ): Ժամանակակից մոտեցումներով կառուցված սեյսմակայուն այս դպրոցը համապատասխանում է միջազգային չափանիշներին, բնական աղետների դեպքում որպես ապաստարան կծառայի բնակչությանը: Ուսումնական հաստատությունը համալրվել է նաև ժամանակակից գույքով և տեխնիկական միջոցներով: Ներկայում աշակերտների թիվը 285 է, առաջին դասարան են հաճախում 48 աշակերտ: Ինչպես հայտնի է, Վանաձոր քաղաքի Ա.Բակունցի անվան թիվ 7 դպրոցի հարավային հատվածում մարզպետ Անդրեյ Ղուկասյանի առաջարկությամբ և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ երեխաների անվտանգ երթևեկը կազմակերպելու նպատակով իրականացվում է վերգետնյա անցումի կառուցում: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են (նախահաշվային արժեքը՝ 27մլն դրամ): Աշխատանքների ավարտը նախատեսված է սեպտեմբերի վերջին: Քանի որ դպրոց են հաճախում նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ, ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի նախագահի և մարզի ղեկավարի քննարկման արդյունքում որոշում է կայացվել անցումից օգտվելու համար նաև վերելակ կառուցել: Ներկայում նախագծանախահաշվային աշխատանքներ են իրականացվում: Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը, վարչության աշխատակիցները նույնպես այցելել են մարզի տարբեր տարածաշրջանների դպրոցներ, բարի ուսումնական տարի մաղթել առաջին դասարանցիներին և հետևել դպրոցներում համաճարակային կանոնների պահպանմանը: Այն դպրոցներում, որտեղ նկատվել են վերջինիս հետ կապված թերություններ, հանձնարարվել է արագ վերացնել դրանք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր