Քաղաքական 09:00 27/10/2019 Հայաստան

Ռոբերտ Քոչարյանը՝ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասին

1999 թվականի հոկտենբերի 27-ի ահաբեկչության մասին՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքից։

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը խորհրդարանում

ԳԼՈՒԽ 13

Առավոտ

Այդ օրն ինձ համար սկսվեց ղարաբաղյան կարգավորման խնդրով ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումից: Ես ու Ալիևն արդեն մի քանի ամիս նոր գաղափարներ էինք քննարկում, որոնք վերջապես կկարողանային բանակցությունները շարժել մեռյալ կետից, ու հասել էր դրանք միջնորդներին ներկայացնելու ժամանակը: Ամերիկացիների պատվիրակությունը գլխավորում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոուբ Թելբոթը, իսկ մեր կողմից, բացի ինձնից, Վարդան Օսկանյանն էր, հանդիպմանը ներկա էր նաև Վազգեն Սարգսյանը:

Վազգենին հատուկ էի հրավիրել. համենայնդեպս, կարգավորումը բարդ ու ցավոտ թեմա է, և իրականացումը պահանջում է պետության առանցքային դեմքերի ներգրավվածություն: Հասկանալով դա՝ ես միշտ ընթացքին տեղյակ էի պահում Վազգենին, Սերժին և, իհարկե, ԼՂՀ ղեկավարությանը: Հետաքրքիր ու խոստումնալից խոսակցություն ստացվեց: Երևում  էր, որ միջնորդները, զգալով հաջողության հնարավորությունը, մտադիր են ամեն կերպ խրախուսել ու արագացնել գործընթացը: Երկու շաբաթ առաջ Մոսկվայում հանդիպել էի Ելցինի հետ, և նա էլ բանակցություններին լիակատար աջակցության պատրաստակամություն էր հայտնել: Մենք տարվեցինք մանրամասների քննարկումով, հանդիպումը նախատեսվածից մի քանի ժամ ավելի տևեց, ու երբ ավարտեցինք, հասել էր ճաշի ժամը:

Վազգենին առաջարկեցի միասին մի կտոր բան ուտել: Բարձրացանք ինձ մոտ, ճաշեցինք ու նույնիսկ մի-մի փոքրիկ բաժակ օղի խմեցինք, ինչն ինձ երբեք աշխատանքային ժամերին թույլ չէի տալիս: Երկուսիս տրամադրությունն էլ բարձր էր, Վազգենը նույնիսկ ոգևորված էր: Նոր գաղափարներն ու միջնորդների վերաբերմունքը դրանց կարգավորման հարցում լրջորեն առաջ գնալու իրական հնարավորություն էին բացում:

 Տեսնում էի, որ Վազգենն ուզում է խոսել, քննարկել անցած հանդիպումը, ուստի առաջարկեցի. «Գուցե մի քի՞չ էլ նստենք», բայց Վազգենը ժամացույցին նայելով՝ ասաց. «Ժամը չորսն է դառնում: Պիտի խորհրդարան գնամ: Պապին կնեղանա, որ էնտեղ չլինեմ: Իսկ եթե երեկոյան շարունակե՞նք»:

Նա նեղ շրջանում Կարեն Դեմիրճյանին էր պապի ասում: Այդ օրը խորհրդարանում կառավարության ավանդական հանդիպումն էր պատգամավորական կորպուսի հետ, որի ընթացքում կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, պատասխանում է պատգամավորների հարցերին: Այդպիսի հանդիպումները Ազգային ժողովի կանոնակարգի մասին օրենքի համաձայն տեղի էին ունենում երկու շաբաթը մեկ, սկսվում էին 16:00-ին ու տևում 1,5 ժամ:

«Լավ, եթե կնեղանա, արի... երեկոյան հանդիպենք»,- ասացի Վազգենին:

Այդ պայմանավորվածությամբ էլ բաժանվեցինք:

Աղետ

Որոշ ժամանակ անց սկսվեց երկրորդ հանդիպումը՝ Ֆրանսիայի նախկին դեսպան Ֆրանս դ’Արտինգի հետ, որին լավ էի ճանաչում դեռևս Լեռնային Ղարաբաղից: Դեռ կես ժամ էլ չէինք զրուցել, երբ դուռը բացվեց, ու Ալեքսան Հարությունյանը՝ աշխատակազմի ղեկավարը, ժեստերով կանչեց ինձ: Որ մեկը այսպես ընդհատի նախագահի հանդիպո՞ւմը... Չտեսնվա՜ծ դեպք էր: Դուրս գալով՝ առաջին իսկ հայացքից հասկացա՝ շատ լուրջ բան է պատահել: Կտավի պես ճերմակած Հարությունյանը հուզմունքից մի կերպ էր խոսում. նրան հենց նոր խորհրդարանից հայտնել էին, որ նիստի ժամանակ ինչ- որ մարդիկ խուժել ներս ու կրակ են բացել: Քանի որ դահլիճից ուղիղ հեռարձակում էր գնում, բոլոր ունկնդիրները վկա էին դարձել ներխուժմանը:

Վերջին բանը, որ նրանք լսել էին, ավտոմատի կրակահերթերն էին: Հետո հեռարձակումը կտրուկ ընդհատվել էր: Հարությունյանն ասաց, որ համարյա ոչինչ չի կարողացել պարզել: Կարծես թե կառավարությունն ու խորհրդարանը պատանդ են, սպանվածներ ու վիրավորներ կան: Ես անմիջապես ընդհատեցի հանդիպումը: Ասացի, որ արտակարգ դեպք է պատահել, ներողություն խնդրեցի ու դուրս եկա: Ալիկի ստացած տեղեկությունները չափազանց սուղ էին: Ես վազեցի իմ աշխատասենյակ ու նետվեցի դեպի հեռախոսը՝ պարզելու, թե ինչ է կատարվում խորհրդարանում: Մանրամասներ էին պետք. քանի ահաբեկիչ է թափանցել շենք, որտեղ են հիմա նրանք, ինչպիսին են նրանց պահանջները, քանի մարդ է զոհվել, քանիսն են վիրավոր, ինչ վիճակում է Վազգենը:

Փորձում եմ կապվել ներքին գործերի նախարարի հետ. տեղում չէ: Ուր է՝ ոչ ոք չգիտի: Զանգում եմ պաշտպանության նախարարին՝ նույն պատկերը: Ոչ մեկին գտնել չեմ կարողանում: Տարօրինակ է. կարծես թե բոլորը Հայաստանում են, բացի Սերժ Սարգսյանից. նա մեկնել է Ղարաբաղ: Զանգում եմ բոլոր հնարավոր ծառայություններ: Վերջապես հաջողվում է կապվել ներքին գործերի և անվտանգության նախարարների տեղակալների հետ, բաց դա պարզություն չի մտցնում. նրանցից ոչ մեկը չի տիրապետում իրավիճակին: Ոչ մի ուժային գերատեսչություն չունի տեղի ունեցածի հստակ պատկերը՝ քանիսն են ահաբեկիչները, քանի սպանված կա, քանի վիրավոր, քանի պատանդ:

Շուտով պարզվեց ահաբեկիչների պարագլխի անունը՝ Նաիրի Հունանյան: Նա էր դահլիճը գրավելուց հետո զանգել տարբեր մարդկանց, ասել, որ ոչնչացրել է Հայաստանի թշնամիներին, ու կոչ էր արել ժողովրդին հավաքել խորհրդարանի շենքի մոտ: Դաշնակցություն կուսակցության ղեկավար Հրանտ Մարգարյանին էլ էր զանգել: Հրանտը հեռախոսազանգի մասին անմիջապես հայտնել էր անվտանգության մարմիններին և իմ աշխատակազմի ղեկավարին: Ահաբեկիչների թիվը, նրանց շարժառիթներն ու պահանջները անհայտ էին մնում:

Ավելի ուշ պատանդ պատգամավորներից մեկը՝ Մարտուն Մաթևոսյանը, զանգեց Ալիկ Հարությունյանին ու հեռախոսը փոխանցեց ահաբեկիչների ղեկավարին: Հունանյանը պահանջում էր, որ ես անհապաղ գնամ խորհրդարանի նիստերի դահլիճ: Շուտով տեղեկություն ստացվեց, որ դահլիճում բազմաթիվ զոհվածներ կան, ու նրանց թվում՝ Վազգեն Սարգսյանը: Տեղեկությունը հայտնել էին գրավման պահին դահլիճում աշխատող լրագրողները, երբ ահաբեկիչները նրանց բաց էին թողել: Տեսնելով, որ ահաբեկիչներին զինաթափելու ուղղությամբ որևէ համակարգված գործողություն չի կատարվում, տեղի ունեցողի մասին հավաստի տեղեկատվություն չի ստացվում, որոշեցի, որ պետք է գնալ այնտեղ, տեղում պարզել ամեն ինչ և գործել ըստ իրավիճակի:

Թիկնազորիս պետ Գրիշա Սարգսյանին ասացի՝ վե՛րջ, գնում ենք խորհրդարան:

Նա մի քիչ ժամանակ խնդրեց անվտանգությունն ապահովելու համար՝ որպեսզի իր մարդկանց ուղարկի այնտեղ, տեսնեն՝ կոնկրետ ուր կարելի է մտնել, ինչպես տեղավորվել և այլն: Տասնհինգ րոպեից զեկուցեց, որ ամեն ինչ պատրաստ է: Աշխատակազմում ինձ, իհարկե, փորձեցին հետ պահել. «Ինչպե՞ս: Ո՞ւր: Չի՛ կարելի», բայց ուրիշ ելք չէի տեսնում: Իրավիճակը կրիտիկական էր, բազմաթիվ պատգամավորների կյանքը՝ վտանգի տակ, ու պետք էր շտապ ինչ-որ բան անել:

Ժամը 19:00-ին արդեն խորհրդարանում էի:

Ահաբեկիչների զինաթափման գործողությունը

Առաջինը, որ աչքի զարնեց, բազմաթիվ խուճապահար, աննպատակ դեսուդեն ընկնող մարդիկ էին: Ամբողջ բակը լցված էր պաշտպանության նախարարության ինչ-որ սպաներով, «Երկրապահի» ներկայացուցիչներով, համազգեստով ու քաղաքացիական հագուստով մարդկանցով, ոմանք զինված էին:

Խիստ բորբոքված՝ նրանք այսուայնկողմ էին վազում, ինչ-որ բան գոռում: Ամենուրեք՝ բակում, միջանցքներում, քաոս էր: Հպանցիկ այնտեղ տեսա նաև շարունակ Վազգենի շուրջը պտտվող մարդկանց. այն «խայտաբղետ կոնտինգենտի» մի մասին, որն իր մոտ էր պահում, որպեսզի կարողանա վերահսկել: Բայց այդ շփոթահար, անընդհատ աննպատակ պտտվող զանգվածի մեջ չտեսա և ոչ մեկին նրանցից, որ ծառայության բերումով պարտավոր էին կանոնակարգել ու հսկողության տակ վերցնել այդ իրավիճակը: Առաջին իսկ պահից հասկանալի էր մեկ բան. ահաբեկիչները գրավել են դահլիճն ու պատանդ վերցրել պատգամավորներին, բայց դահլիճից դուրս ոչ ոք չկա:

Գնացի Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակ ու այնտեղ կանչեցի բոլորին, ում կարողացել էի գտնել՝ ռազմական ոստիկանության պետին, որը շենքում էր, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարների տեղակալներին, որոնց զանգահարել էի դեռ մինչև խորհրդարան գնալը: Պաշտպանության նախարարն ու ներքին գործերի նախարարը այդպես էլ չհայտնվեցին: Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին անմիջապես նշանակեցի ընդհանուր կարգուկանոնի պատասխանատու: Առաջին հերթին հանձնարարեցի շենքն անհապաղ մաքրել բոլոր պարապ թրև եկողներից ու ամբողջ պարագծով շրջափակել խորհրդարանը: Ասացի, որ երբ կես ժամից դուրս գամ, շենքում ոչ մի կողմնակի մարդ չպիտի լինի: Հրամայեցի բոլոր զինվորականներին ուղարկել պաշտպանության նախարարություն: Դեմիրճյանի աշխատասենյակը վերածվեց հակաահաբեկչական գործողության շտաբի:

 - Քանի՞ ահաբեկիչ կա դահլիճում,- հարցնում եմ իմ դիմաց նստած մարդկանց:

Բոլորը ուսերն են թոթվում: Ոչ ոք ստույգ չգիտի՝ յո՞թ, ո՞ւթ, իսկ գուցե հի՞նգ: Անմիջապես ստուգիչ անցակետից պարզեցինք, որ զինված խումբը խորհրդարանի շենք է մտել միանգամայն օրինական՝ անցաթղթերով: Դրանք լրացրել էր ԱԺ վարչակազմի աշխատակցուհին՝ պարագլխի՝ Նաիրի Հունանյանի խնդրանքով, իբր պատգամավորների հետ հանդիպման համար: Սղոցած խզակոթերով ավտոմատները Հունանյանն ու հանցակիցները ներս էին տարել անձրևանոցների տակ պահած:

Արագ պարզեցինք խմբի մյուս անդամների ինքնությունը. պարագլխի փոքր եղբայրը, քեռին և էլի երկուսը: Ընդամենը հինգ հոգի: Հանձնարարեցի գտնել այդ մարդկանց հարազատներին ու կապվել նրանց հետ՝ տեսնենք կարո՞ղ են ինչ-որ կերպ ազդել ահաբեկիչների վրա ու չե՞ն տիրապետում արդյոք որևէ արժեքավոր տեղեկատվության: Պետք էր պարզել ընկերների ու ծանոթների շրջանակը, ամեն ինչ, որ կարող էր նշանակություն ունենալ ստեղծված իրավիճակում: Անհրաժեշտ էր ստուգել՝ ահաբեկիչները հանցակիցներ չունե՞ն, մեզ նոր անակնկալներ չե՞ն սպասում: Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ, ամենայն հավանականությամբ, խումբը մեկուսացված է գործել և արտաքին աջակցություն չունի: Ես պահանջեցի շենքի հատակագիծը, որպեսզի պարզենք՝ է՞լ ինչ մուտքեր կան դեպի դահլիճ: Կապ կա՞ դահլիճի հետ, այնտեղից տեղեկատվություն ստացվո՞ւմ է: Հնարավո՞ր է խոսափողեր տեղադրել կամ էլ միացնել եղածները՝ լսելու և հասկանալու համար, թե ինչ է կատարվում ներսում:

Անվտանգության ծառայությունից տեխնիկայի մասնագետներ եկան, լսող սարքեր դրեցին, ու սկսեցինք լիարժեք տեղեկատվություն ստանալ դահլիճից: Կարճ ժամանակ անց բոլոր ծառայությունները սկսեցին հստակ ու համակարգված աշխատել: Իրավիճակն ավելի ու ավելի էր հստակվում, և գլխավորը՝ մենք արդեն վերահսկում էինք այն:

Ես հանձնարարեցի հատուկջոկատայիններին պատրաստել հնարավոր գրոհի համար: Ահաբեկիչներն ակնհայտորեն հետագա գործողությունների ծրագիր չունեին: Պետք է հասկանայի՝ ինչ մարդիկ են, ինչպես կարելի է նրանց համոզել, որ ցած դնեն զենքն ու հանձնվեն: Հիմա արդեն ժամանակը մեր օգտին էր աշխատում:

Հետագայում պատանդառված պատգամավորներից մեկը ինձ պատմեց, որ ժամը 19:00-ից հետո իրենք հասկացել էին՝ ինչ-որ բան է փոխվել, իսկ իմ խորհրդարան գալու մասին լուրը նրանց բարեհաջող ելքի հույս էր ներշնչել: Ի վերջո, հաջողվեց լրիվ վերականգնել կատարվածի պատկերը: Հարցուպատասխանի ընթացքում, երբ ամբիոնի մոտ է եղել ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը, նիստերի դահլիճ են խուժել զինված մարդիկ ու հենց շեմից կրակ բացել: Առաջին իսկ կրակոցներով սպանվել է Վազգեն Սարգսյանը:

Հենց նրան են նշան բռնել, բայց կրակահերթերի տակ են ընկել բոլոր նրանք, ովքեր նստած են եղել նրա թիկունքում: Նրանց մեջ էր Լեոնարդ Պետրոսյանը՝ ինձ հարազատ մարդ, ում հետ երկար տարիներ ընկերություն էինք արել ու միասին անցել բոլոր փորձությունները Ղարաբաղում:

Դիմահար գնդակահարել էին Կարեն Դեմիրճյանին: Դեմիրճյանը նստած էր նախագահությունում, տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է կատարվածից ապշած վեր կենում ու փորձում ինչ-որ բան ասել ներխուժածներին. ահաբեկիչներից մեկը անմիջապես շրջվում է նրա կողմն ու կրակահերթ արձակում: Ահաբեկիչները չափազանց գրգռված էին՝ վախի՞ց, թե՞ ալկոհոլի ազդեցության տակ:

Դա երևում էր նրանց նյարդային անկանոն շարժումներից, հայհոյանքից ու հիստերիկ բղավոցներից: Դահլիճում նկատված ամենափոքր շարժմանն արձագանքում էին կրակահերթով: Բոլոր նրանց, ովքեր իրենց հրամանով անմիջապես չէին պառկել գետնին, ու բոլորին, ովքեր վայրկենապես չէին քարացել, ովքեր թեկուզ մի քիչ շարժվել էին, սպանել էին ներխուժման առաջին մի քանի րոպեներին: Արյունոտ հաշվեհարդարից հետո, շարունակելով ավտոմատի փողերի տակ պահել դահլիճում գտնվողներին, հայտարարել էին, որ բոլոր պատգամավորները պատանդ են: Իրենց գործողությունները պետական հեղաշրջում էին անվանում և ուղիղ եթեր պահանջում՝ կոչով ժողովրդին դիմելու համար:

Սպանվել էր ութ հոգի, նույնքան էլ վիրավոր կար, և իննսունից ավելի մարդ պատանդ էր վերցվել: Ավելի ուշ ինձ հայտնեցին, որ Հունանյանը ծանոթ է քաղաքական գործիչներից շատերին, հաճախ է հանդիպել ու զրուցել նրանց հետ: Փորձել էր քաղաքական կարիերա անել, բայց այդպես էլ չէր հաջողել: Սրընթաց թռիչք էր երազում, բայց աջակցություն չէր գտել կուսակցություններից ոչ մեկի կողմից:

Փորձել էր տեղավորվել Դաշնակցությունում, բայց նրան արագ վռնդել էին: Անսահման ու չիրացված հավակնությունների տեր մարդ լինելով, համարելով, որ շատ ավելիին է արժանի՝ Հունանյանն իր անհաջողությունները բացատրում էր նրանով, որ «նեխած համակարգն» իրեն ճանապարհ չի տալիս: Ինքն իրեն համոզել էր, որ իշխանությունը նպատակաուղղված խանգարում է իրեն կայանալու որպես քաղաքական առաջնորդի, և իր համար գլխավոր սպառնալիք էր համարում Վազգեն Սարգսյանին: Միևնույն ժամանակ, նա և հանցակիցները համոզված էին, որ ժողովուրդն այնքա՜ն է ատում իշխանությանը՝ ի դեմս «Միասնության», որ հերիք է գլխատի այն, մարդիկ կլցվեն փողոցներն ու կսկսեն շնորհակալություն հայտնել իրենց փրկիչներին: Նրանց թվում էր՝ հերոսական արարք են կատարում՝ վերացնում են ատելի ռեժիմը: Նրանք սպասում էին, որ հիմա ամբողջ ժողովուրդը ոտքի կկանգնի իրենց պաշտպանելու, կշրջապատի խորհրդարանի շենքն ու իրենց ձեռքերի վրա դուրս կբերի որպես հերոսների: Ըստ երևույթին, հենց այդ պատճառով, հաշվեհարդարից քսան րոպե անց, Հունանյանը հանկարծ որոշել էր դահլիճից բաց թողնել հավատարմագրված լրագրողներին: Նրանց պատվիրել էր ժողովրդին տեղեկացնել կատարվածի մասին ու բոլորին կոչ անել, որ հավաքվեն խորհրդարանի մոտ:

Ականատեսները պատմում էին, որ Հունանյանն ու նրա հանցակիցները անընդհատ հարցնում էին. «Իսկ ո՞ւր է ժողովուրդը», նրանց զարմացնում ու վշտացնում էր, որ ոչ ոք չի գնահատում իրենց հերոսությունը, և հետևորդների ամբոխները բոլոր կողմերից չեն պաշարել խորհրդարանը:

Բայց ամեն ինչ հանցագործների սպասածին հակառակ գնաց, ու նրանք սկսեցին նահանջի ուղիներ փնտրել: Սկսեցին խոսել թուրքական սահմանն անցնելու երաշխիքների և այլևայլ անհեթեթությունների մասին: Հենց այդ ժամանակ էլ պատանդներին կարգադրեցին դահլիճից զանգել և իրենց պահանջները փոխանցել մեզ: Առաջին զանգողներից մեկը Անդրանիկ Մարգարյանն էր, որն այն ժամանակ ղեկավարում էր «Միասնություն» դաշինքի խմբակցությունը: Այդ ընթացքում ահաբեկիչների հետ կապ էր հաստատել անվտանգության նախարարի տեղակալ Գրիգոր Գրիգորյանը, որը դահլիճում էր՝ փոխարինելով բացակայող նախարարին: Հենց նա էլ իրեն միջնորդ էր առաջարկել ինձ հետ բանակցություններում: Բնազդով զգում էի, որ պետք է ժամանակ ձգել. գերգրգռված վիճակը երկար տևել չի կարող և, որպես կանոն, փոխվում է ապատիայի:

Փորձեցի պատկերացնել, թե այդ դեպքում ինչ կզգա այսպիսի բան արած մարդը: Ավելի շուտ պիտի սկսի վախ զգալ՝ գիտակցումից, որ անուղղելի բան է արել: Ահաբեկիչների խոսակցություններից ու պահվածքից նկատեցի, որ գրգռվածությունն աստիճանաբար մարում է: Պետք էր սպասել: Դահլիճի գրոհը կարող էր բերել նոր զոհերի. հանցագործներն այլևս կորցնելու ոչինչ չունեին: Որպես գործողության ղեկավարումը ստանձնած մարդ՝ գիտակցում էի, որ նման բան թույլ չպիտի տամ: Իսկ մինչ այդ շարունակում էինք բանակցությունները՝ ահաբեկիչներից քայլ առ քայլ փոքրիկ զիջումներ կորզելով: Վիրավորներին արդեն բաց էին թողել, հիմա պետք էր համոզել, որ դուրս բերվեն դիակները. նրանք համաձայնեցին:

Մի խոսքով, ամեն ինչ ճիշտ այնպես էր, ինչպես բազմաթիվ անգամներ տեսել էի կինոյում: Միայն այն տարբերությամբ, որ հիմա ոչ թե հանդիսատես էի, այլ գործող անձանցից մեկը:

Ու հենց նոր կորցրել էի երկու հարազատ մարդկանց, որոնց հետ աղուհաց էի կիսել ամենադժվար ու վտանգավոր տարիներին. Վազգենին ու Լեոնարդին: Այդ ընթացքում ինձ զանգեցին Ելցինն ու Շևարդնաձեն. իրավիճակից էին հարցնում: Աջակցություն հայտնեցին և օգնություն առաջարկեցին: Շնորհակալություն հայտնեցի ու կարճ, երկու խոսքով նկարագրեցի վիճակը: Մի ժամից ինձ զեկուցեցին, որ սպասում են Ռուսաստանից «Ալֆա» ստորաբաժանման ժամանելուն, որը գալիս էր Ելցինի հանձնարարությամբ: Կարգադրեցի նրանց մեր հատուկջոկատայինների հետ տեղավորել ազգային անվտանգությունում:

Տեր-Պետրոսյանն էլ զանգեց, ասաց, որ հասկանում է իրավիճակի ամբողջ բարդությունն ու պատրաստ է աջակցելու: Ես շնորհակալություն հայտնեցի ու մտածեցի, որ երբ ամեն ինչ կարգավորվի, պետք է հանդիպել նրա հետ: Խնդիր էի դրել կենդանի վերցնել բոլոր հինգ ահաբեկիչներին: Դա կարևոր էր նաև այն պատճառով, որ այդ ժամանակ արդեն հասկանում էի՝ ինձ համար լուրջ խնդիրներ են սկսվում: Ամբողջ գիշերվա ընթացքում, քանի դեռ բանակցություններ էին ընթանում հանցագործների հետ, իսկ պատանդները դահլիճում էին, այդպես էլ չկարողացա գտնել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին ու ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանին:

Հասկանում էի, որ դա պատահական չէ:

Աբրահամյանը, ինչպես պարզվեց, պատանդների մեջ էր եղել, բայց վիրավորներին դուրս բերելիս սողալով դուրս էր եկել նիստերի դահլիճից ու անհետացել էր: Փախել էր՝ իր ուղղակի պարտականությունները կատարելու փոխարեն:

Մի պահի զեկուցեցին, որ պաշտպանության նախարարության շենքում աներևակայելի ակտիվություն է նկատվում. մարդկանց մի մեծ խումբ հավաքվել է այնտեղ ու ինչ-որ բան են քննարկում: Այսինքն՝ մենք այստեղ՝ խորհրդարանում, փորձում ենք հանգուցալուծել իրավիճակը, ահաբեկիչները զինաթափված չեն, զոհվածների դիակները դեռ դահլիճում են, իսկ նախարարությունում այդ ընթացքում ինչ- որ բուռն ժողով է գնում: Հենց այնտեղ էլ հայտնաբերվեց անհետացած ներքին գործերի նախարարը:

Այնտեղ էին ժամանել նաև մի խումբ ՀՀՇ-ականներ, որ իշխանության էին եղել Տեր-Պետրոսյանի օրոք, այդ թվում և ներքին գործերի նախկին օդիոզ նախարար Վանո Սիրադեղյանը: Մի խոսքով՝ նախարարությունում էին հավաքվել ինձնից դժգոհ բոլոր մարդիկ, բոլոր նրանք, ում տարբեր ժամանակներում տարբեր պատճառներով պատժել էի, բոլորը, որ իմ պատճառով պաշտոն էին կորցրել:

Միացել էին նաև նրանք, ովքեր կարծես ոչինչ չէին կորցրել, բայց միշտ վախեցել էին ինձնից, դրա համար էլ պտտվում էին Վազգեն Սարգսյանի շուրջը՝ համարելով, որ նրա հետ մտերմությունը ապագայում անվտանգություն կապահովի իրենց համար: Հիմա այդ ամբողջ հասարակությունը հավաքվել պաշտպանության նախարարությունում ու ժողով էր անում՝ որոշելով, թե ինչպես օգտագործեն ընթացիկ վիճակը, քանի դեռ նախագահը զբաղված է խորհրդարանում ահաբեկիչների վնասազերծումով:

Պաշտպանության նախարարն էլ գտնվեց. այդ խառնաժողովի ամենաակտիվ մասնակիցներից էր:

Պատահական մարդիկ էլ էին հայտնվել այնտեղ, ովքեր նախարարության շենք էին եկել, որ իմանան՝ ինչ է կատարվում խորհրդարանում, ու ոչ մի կապ չունեին իմ թիկունքում ընթացող անդրկուլիսյան հավաքույթի հետ: Նրանք զանգում ինձ ու ասում էին. «Այստեղ խնդիր է հասունանում»:

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն իրենից երևելի ոչինչ չէր ներկայացնում: Ամբողջ պատերազմի ընթացքում մեր պաշտպանության նախարարության ներկայացուցիչն էր եղել Ռուսաստանում, այնտեղ էլ հասել էր գեներալի աստիճանի: Այստեղ մարդիկ կռվում էին, իսկ նա ապրում էր Մոսկվայում, զբաղվում մատակարարման հարցերով: Երբ մեր պատվիրակությունները մեկնում էին Մոսկվա, նրանց ռեստորան էր տանում. դա նրա պարտականությունների կարևոր մասն էր: Դրա համար էլ անունը «ռեստորանային գեներալ» էին դրել:

Պաշտպանության նախարարի պաշտոնին Հարությունյանին առաջարկեց Վազգեն Սարգսյանը: Ես լուրջ կասկածներ ունեի նրա թեկնածության վերաբերյալ ու Վազգենին ասացի, որ բնավ լավագույն տարբերակը չէ: Պատերազմը նոր-նոր էր վերջացել, ու ես համարում էի, որ այդ պաշտոնում մարտական փորձ ունեցող մարդ է հարկավոր, հակառակ դեպքում նրանք, որ կռվել են, նրան չեն հարգի: Վաղարշակը բացասական զգացումներ չէր հարուցում, բայց նրա մեջ ինչ-որ լպրծուն բան էի տեսնում, ու մարտական սպայի տպավորություն ամենևին չէր թողնում, որի վրա կարելի էր հենվել:

Վազգենի միակ համոզիչ փաստարկն այն էր, որ այնպիսի մարդ է հարկավոր, որին Ռուսաստանի զինվորական ղեկավարությունն արդեն ճանաչում է, և որը կկարողանա հեշտ պայմանավորվել զինվորական համագործակցության բոլոր հարցերով:

Դա իրոք կարևոր էր, և արդյունքում համաձայնեցի՝ համարելով, որ զորքերի իրական ղեկավարությունը կստանձնի գլխավոր շտաբը: Այդ ընթացքում պաշտպանության նախարարության խառ-նաժողովը շարունակվում էր, ու ես նոր տագնապալի ահազանգեր էի ստանում:

Պաշտպանության նախարարությունից որևէ մեկի հետ չհամաձայնեցված հրամաններ ուղարկվեցին Երևանի շրջանի զորամասերին՝ ստորաբաժանումները մարտական պատրաստության բերելու և ճանապարհներին պահակակետեր դնելու մասին: Նորից փորձեցի կապվել պաշտպանության նախարարի հետ. ապարդյո՛ւն: Այդ գործողությունները կասեցնելը դժվար չէր՝ նկատի ունենալով պաշտպանության նախարարի չափազանց ցածր հեղինակությունը:

Զորամասի հրամանատարները առաջին հերթին զանգում էին աշխատակազմ, ասում էին՝ անհասկանալի հրամաններ են գալիս նախարարությունից, ի՞նչ անենք:

Երկրի համար ողբերգական ու բարդագույն իրավիճակում ստիպված էի զբաղվել ոչ միայն ահաբեկիչների վնասազերծմամբ, այլև մեր իսկ պաշտպանության նախարարության ապակառուցողական գործողությունները չեզոքացնելով: Առաջնահերթը, իհարկե, պատանդներին ազատելն էր, բայց արդեն հասկանում էի, որ այդ ամենով պետք է լրջորեն զբաղվել, որ խորհրդարանից անմիջապես գնալու եմ պաշտպանության նախարարություն:

Բայց նրանք ինձ կանխեցին: Երեկոյան ժամը ութի կողմերը զեկուցեցին, որ պատվիրակություն է եկել պաշտպանության նախարարությունից, ուզում են հանդիպել ինձ հետ: Զարմացա, բայց ասացի, որ սպասեն. ինձ զեկուցում էին հերթական տեղեկատվությունը դահլիճի մասին:

 Տասը րոպեից ներս հրավիրեցի: Մտան յոթ-ութ հոգի, շարքով կանգնեցին. նստել չառաջարկեցի: Պատվիրակների մեջ էր Ալիկ Պետրոսյանը՝ պաշտպանության նախարարի տեղակալն ու «Երկրապահի» նախագահի տեղակալը: Նորմալ, բայց ոչնչով առանձնապես աչքի չընկնող տղա էր:

Խիստ սկսեցի. - Ի՞նչ կա: Ի՞նչ է պատահել: Ասել էի, չէ՞, որ կողմնակի մարդ չլինի այստեղ:

Ալիկը ծամծմում է. - Ահա... եկել ենք... բոլորով էնտեղ հավաքվել էինք... մենք... Այդպես էլ խոսքը չվերջացնելով՝ կողեկող,- քաշվում էր թե վախենում,- մոտենում ու ինչ-որ կոլոլած թուղթ է դնում սեղանին:

Վերցնում եմ, բացում. - Է՞ս ինչ է:

- Դե... խորհրդակցեցինք... ու բոլորը ասում են, որ... եթե... եթե այ էս մարդիկ նշանակվեն էս պաշտոններին, մենք ձեզ կաջակցենք: Կարմիր գրիչով այդ թղթի վրա գրված էին բոլոր առանցքային պաշտոնները: Այսպիսի դասավորություն էին մտածել. պաշտ- պանության նախարարը մնում է իր տեղում: Նրա եղբայրը, որ մեր ԱԻՆ-ում էր աշխատում, դառնում է անվտանգության նախարար: Արտադրական ենթակառուցվածքների նախարար Շիրխանյանն իր համար ընտրել էր վարչապետի պաշտոնը: Ի դեպ, Շիրխանյանի մասին Վազգենին մի քանի անգամ ասել էի. «Չե՞ս տեսնում, որ նա խարդախ ու բանսարկու է: Ի՞նչ ես գտել դրա մեջ»:

Հետո ցուցակում դատախազի պաշտոնին Գագիկ Ջհանգիրյանն էր, իսկ փոխվարչապետի տեղին աչք էր դրել Անդրանիկ Քոչարյանը:

Մի խոսքով, արդեն ամեն ինչ մեջ-մեջ էին արել:

- Ահա, նայեք... եթե համաձայն եք... Էդ դեպքում... ոնց որ թե... մենք...

Ու ես պայթեցի: - Դուք պարզապես սրիկաներ եք: Դահլիճում դեռ վաթսուն մարդ ունեմ, դահլիճում դիակները դեռ չեն սառել, դուք արդեն պաշտո՞ն եք կիսում: Անասուննե՜ր:

Մի խոսքով, հայհոյելով դուրս արեցի: Հրամայեցի. «Մա՛րշ էստեղից պաշտպանության նախարարություն: Էստեղ հարցը լուծեմ՝ կգամ ձեզանով զբաղվելու»:

Գլուխները կախ դուրս եկան... Կատաղել էի. նույնիսկ նրանցից այդպիսի բան չէի սպասում: Այդ թուղթը մինչև հիմա էլ իմ սեյֆում է: Այդ պահին ժամանակ չունեի դրա մասին մտածելու: Պարզապես մոռացա այդ աղբը ու շարունակեցի աշխատել: Ծառայություններն իրենց գործն էին անում, ժամանակն անցնում էր, դահլիճի հետ հաղորդակցությունը չէր ընդհատվում:

Սերժ Սարգսյանը, որն արդեն հասցրել էր վերադառնալ Ղարաբաղից, ասաց, որ կատարվածի մասին իմանալուն պես ցանկացել է թռչել Երևան, բայց իր ետևից երկար ժամանակ զինվորական ուղղաթիռ չէին ուղարկել: Իբր՝ վատ եղանակի պատճառով, բայց ակնհայտորեն եղանակն ընդամենը պատրվակ էր. նրան դիտմամբ փորձել էին ուշացնել Ղարաբաղում:

Դալիճից դուրս եկած որոշ պատգամավորներ բարձրանում էին ինձ մոտ ու նոր մանրամասներ հայտնում: Ահաբեկիչների պահանջների տոնայնությունն աստիճանաբար փոխվում էր, գրգռվածությունը փոխարինվել էր ճնշվածությամբ: Դա զգացվում էր նաև պատանդների հետ նրանց շփումից: Կեսգիշերին մոտ արդեն չէի կասկածում, որ առավոտվա դեմ հնարավոր կլինի չեզոքացնել իրավիճակը: Ե՛վ գաղտնալսումներից, և՛ դահլիճի հետ կապ պահողների զեկույցներից պարզ էր. վրա է հասել բեկումնային պահը:

Ամբողջ գիշեր տարբեր պատանդ պատգամավորների միջոցով Հունանյանն ինձ հետ հանդիպում էր պահանջում: Առավոտվա ժամը չորսի մոտ Ալիկ Հարությունյանին թույլ տվեցի հանդիպել նրանց հետ: Հանդիպման վայրն ու մանրամասները նրա հետ քննարկում էր Գրիգոր Գրիգորյանը, իսկ հանդիպումը տեղի ունեցավ խորհրդարանի դահլիճին կից միջանցքում:

Հունանյանը հանձնվելու երկու պայման դրեց. ես երաշխավորում եմ իրենց անվտանգությունը և ուղերձով ուղիղ եթեր դուրս գալու հնարավորություն եմ տալիս: Ես չէի պատրաստվում ուղիղ եթեր տրամադրել ութ մարդու սպանած հանցագործներին, ուստի որոշեցի, որ էլի է պետք սպասել, մինչև նրանց կամքը վերջնականապես կոտրվի:

Նրանք ուզում էին ապրել, դա զգացվում էր. «Մեզ երաշխիքներ են պետք, որ եթե հանձնվենք, մեզ չեն սպանի, և արդար քննություն ու դատ կլինի»:

Ես ասացի. «Նրանց փոխանցեք, որ դատ, իհարկե, կլինի»:

Բայց Նաիրի Հունանյանը պնդում էր ինձ հետ հանդիպելու պահանջը. «Չէ, մենք ուզում ենք դա ուղիղ Քոչարյանից լսել: Եթե հանդիպի մեզ հետ ու անձամբ հաստատի, կհանձնվենք»:

Ես համաձայնեցի:

Հանդիպեցինք առավոտվա ժամը հինգին: Հանդիպման վայրն ընտրել էր իմ թիկնազորը՝ ռազմական ոստիկանության պետի հետ. ինձ անծանոթ փոքրիկ սենյակ էր, գուցեև պատգամավորներից մեկի աշխատասենյակը, դահլիճի մոտ, դահլիճի մուտքից տասը- տասնհինգ մետրի վրա: Հունանյանը եկավ մենակ. հանցակիցներին թողել էր, որ հսկեն պատանդներին: Ինձ հետ աշխատակազմի ղեկավարն էր:

Առաջինը, որ հարցրեց Հունանյանը՝ «Ինձ ճանաչեցի՞ք»:

Ես զարմացա. բացարձակ չէի հիշում, որ հանդիպած լինեինք: «Ես եղել եմ ձեզ մոտ՝ Ղարաբաղում...»:

Նա պատմեց, որ շատ տարիներ առաջ՝ 1988 թե 1989 թվին, Ղարաբաղ է եկել համալսարանի ակտիվիստ- ուսանողների հետ: Ես այն ժամանակ արդեն շարժման ճանաչված առաջնորդներից էի, ու նրանք ինձ հետ հանդիպում են խնդրել: Խումբը մեծ էր, ու ես առաջարկել էի մի քանի ներկայացուցիչ ընտրել, որոնց համաձայն էի ընդունել: Հունանյանը, որպես խմբի ղեկավար, նրանց մեջ էր: Իրավիճակը հիշեցի, անձամբ Հունանյանին՝ ոչ: Նրա դեմքը առանձնակի ոչնչով աչքի չէր ընկնում, իսկ հանդիպումներն այն ժամանակ գեղադիտակի պատկերների պես էին փոխարինում իրար:

Ես հարցրի՝ անձնական շփում ունեցե՞լ է Վազգեն Սարգսյանի հետ: Պատասխանեց, որ՝ ոչ, բայց իր կարծիքով՝ Վազգենը խանգարում էր երկրի զարգացմանը, երկրին ցնցում էր պետք, և Հունանյանը գնացել էր այդ քայլին հանուն Հայաստանի ապագայի:

Ես մտածեցի. մնացած ամբողջ կյանքում երևի կկառչի այդ փաստարկից, որպեսզի արդարացնի իր օրերը բանտախցում ավարտելը: Նա փորձում էր պնդել ուղիղ հեռուստաեթերի պահանջը, բայց ես ասացի. «Մոռացի՛ր: Ոչ մի նման բան չես ստանա: Առավելագույնը՝ կարող եք գրավոր հայտարարություն անել, ու հաղորդավարն այն կկարդա: Թե ինչ համատեքստում կկարդա, արդեն ձեր խնդիրը չէ: Եթե ուզում եք, որ ձեր գրածը բարձրաձայնեն, դա կանենք»:

Նա համաձայնեց, բայց պայմանով, որ իրենց հեռուստացույց կտան, որպեսզի անձամբ տեսնեն: Ես խոստացա: Նրա հայտարարության մեջ Վազգենի մասին ինձ համար անընդունելի մի պարբերություն կար, ու ես պնդեցի, որ հանվի. կամ էլ ընդհանրապես հայտարարություն չի լինի:

Ալիկ Հարությունյանը խմբագրեց տեքստն ու համաձայնեցրեց Հունանյանի հետ: Մնացած պահանջներին պատասխանում էի նույնպիսի կտրուկ մերժումով. «Մոռացի՛ր: Մոռացի՛ր: Մոռացի՛ր»:

Հետո չդիմացա. «Ի՞նչ պահանջներ: Դեռ չե՞ս հասկացել ինչ վիճակում ես: Չե՛ս հասկացել՝ ի՜նչ եք արել: Առավելագույնը, որ կարող ես խնդրել՝ որ պահպանվի ձեր կյանքն ու արդար դատավարություն երաշխավորվի»:

Գլուխը կախ լռում էր: Իմ առաջ կանգնած էր վախեցած ու շփոթված մի մարդ, որը կարծես գիտակցում էր, որ կործանել է ոչ միայն ուրիշների, այլև իր կյանքը: Ագրեսիան չքացել էր: Միակ բանը, որ հիմա հուզում էր նրան՝ ի՞նչ է լինելու հետո:

Հարցրեց՝ Հայաստանում մահապատիժ կա՞: Պատասխանեցի, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելու գործընթացով պայմանավորված՝ փաստացի չի իրականացվում: Դրանով մեր խոսակցությունն ավարտվեց:

Հետագայում, երբ հարցնում էին, թե ինչ տպավորություն է թողել ինձ վրա ահաբեկիչների պարագլուխը, պատասխանում էի՝ «ոչ մի», ու դա ճշմարտություն էր:

Նրանց հետ ավտոբուս բարձրացան Անդրանիկ Մարգարյանն ու Գրիգոր Գրիգորյանը՝ որպես երաշխավորներ, որ ահաբեկիչների նկատմամբ մեկուսարանի ճանապարհին ինքնադատաստան չի լինի: Քննչական մեկուսարանում Հունանյանը հանձնեց ատրճանակը: Դա հանձնվելու պայմաններից էր: Այդպես ավարտվեց այդ գործողությունը:

Կուլիսներում

Ահաբեկիչներին տեղափոխելուց հետո մի րոպեով մտա դատարկ դահլիճ: Տեսա արյունն ու գնդակների հետքերը և անմիջապես գնացի պաշտպանության նախարարություն: Այնտեղ առաջվա պես բազմամարդ էր: Հավաքվածների մեջ տեսա նաև նրանց, որ պաշտոնների պահանջով գիշերն այցելել էին ինձ: Ներսս եռում էր, կարեցածի չափ զսպում էի կատաղությունս, բայց մեկ է՝ պոռթկում էր՝ արտահայտվելով ձայնի խստությամբ ու, գուցե, դիմախաղով:

Ասացի. - Իրավիճակը հանգուցալուծվեց: Հանցագործները հանձնվել են, ձերբակալված են: Բայց ես բացարձակ չեմ հասկանում, թե այստեղ՝ ձեզ մոտ, ինչ էր կատարվում այս ամբողջ ընթացքում: Այդ ի՜նչ ցուցակի գաղափար էր: Ընդհանրապես, ինչպե՞ս կարող էր նման բան տեղի ունենալ: Բարդագույն գործողության ամենաթեժ պահին, երբ ես զբաղված եմ պատանդներին ազատելով, երբ Վազգեն Սարգսյանի դին դեռ չի սառել, դուք, որ նրան համարում եք ձեր առաջնորդը, արդեն կռվում եք պաշտոնների համար: Արդեն որոշե՜լ եք՝ ով է գրավելու նրա տեղը:

Բոլորը նստել էին գլխահակ ու աչքերը թաքցնելով: Միայն Շիրխանյանը խոսք խնդրեց, վեր կացավ ու սկսեց հավաստել իր հավատարմությունը. «Ի՜նչ եք ասում, պարո՛ն նախագահ, ինչո՞ւ չեք վստահում մեզ: Ինչո՞ւ չեք ուզում հենվել մեզ վրա: Չէ՞ որ միասին ենք կռվել, միասին արյուն թափել...»:

Ես կտրուկ ընդհատեցի. - Լսի՛ր, Վահա՛ն: Դու ոչ մի տեղ արյուն չես թափել: Դու ճակատի գծին հիսուն կիլոմետրից ավելի մոտ երբեք չես եղել: Պատերազմի տարիներին արածդ այն է եղել, որ բաժանել ես Ղարաբաղին օգնություն ուղարկված շորեղենն ու վատ չես վաստակել դրա վրա: Դու իրավունք չունես խոսելու, թե ով որտեղ է արյուն թափել:

Հետո դարձա պաշտպանության նախարարին. - Իսկ դո՞ւ: Ո՞վ է քեզ թույլ տվել պահակակետեր տեղադրել ճանապարհներին՝ ռազմական տեխնիկայի օգտագործմամբ:

Նստել է, ձեռքերը դողում են, փորձեց ինչ-որ բան պատասխանել ու ոչինչ ասել չկարողացավ, սկսեց կմկմալ:

- Լա՛վ,- ասացի:- Վերջ դատարկախոսությանը: Գնացեք աշխատեք: Իսկ ես կմտածեմ, թե ինչ անենք այս ամենի հետ:

Հետո ոմանք ասում էին. «Նախագահը եկավ ու բուլդոզերով անցավ բոլորի վրայով»: Իսկապես, շատ կոշտ խոսակցություն էր: Այդպես ավարտվեց այդ օրը:

Երկրում եռօրյա համազգային սուգ հայտարարվեց, իսկ զոհվածներին հրաժեշտը հոկտեմբերի 30-ին էր Երևանի Ազգային օպերայի շենքում: Ողբերգությունը արտառոց էր ու միջազգային մեծ արձագանք էր ստացել: Զոհերի հիշատակը հարգելու էին եկել պատվիրակություններ երեսուն երկրից: Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր այն ժամանակ վարչապետ Պուտինը, Վրաստանից ժամանել էր Շևարդնաձեն: Մարդկանց հոսքը չէր դադարում: Դեմքերին ոչ միայն վիշտ, այլև տարակուսանք ու շփոթմունք էի տեսնում. ինչպե՞ս կարող էր նման բան պատահել ու՝ մեզ մոտ: Ութ մարդ էր զոհվել. հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, նրա երկու տեղակալները՝ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատգամավոր Միքայել Քոթանյանը, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արմեն Արմենակյանը:

Եվս մի պատգամավոր՝ «Հայաստան» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հենրիկ Աբրահամյանը, որը ահաբեկչության ժամանակ դահլիճում էր, մահացել էր սրտի կաթվածից:

Զոհվածներից երկուսը՝ Վազգենն ու Լեոնարդը, ինձ հարազատ մարդիկ էին: Կարեն Դեմիրճյանի հետ հասցրել էինք բավականաչափ շփվել, և նրան մեծ համակրանքով ու հարգանքով էի վերաբերվում:

Լավ էի ճանաչում զոհված Արմեն Արմենակյանին: Ջերմ հարաբերություններ ունեի նաև փոխխոսնակ Յուրի Բախշյանի հետ:

Մյուս զոհվածներին ավելի քիչ գիտեի: Ահաբեկչական գործողությունից հետո դրվեց պաշտոնատար անձանց անվտանգության հարցը: Կարեն Դեմիրճյանը ժամանակին հրաժարվել էր թիկնազորից:

Ի պատասխան ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի բոլոր առաջարկներին՝ կատակով պատասխանում էր. «Ուզում ես ինձ հսկողության տակ պահե՞ս»:

Վազգեն Սարգսյանը թիկնազոր ուներ, բայց հանցագործների ներխուժելու պահին թիկնապահները բակում ծխում էին: Եթե նրանք դահլիճին կից նախասրահում լինեին, ահաբեկչություն պարզապես տեղի չէր ունենա: Բայց այն ժամանակ դեռ պահպանության կազմակերպման հստակ հրահանգներ չկային, ասենք, պահպանության ինստիտուտն էլ շատ հեռու էր կատարելությունից: Ամեն մեկն իր թիկնապահներին ինքն էր ընտրում՝ ելնելով նրանց անձնական հավատարմությունից, այն դեպքում, երբ դա պիտի պետության խնդիրը լիներ:

Պաշտոնատար անձանց պահպանության վիճակը արտացոլում էր ընդհանրապես երկրում տիրող իրավիճակը:

Այդ օրը հսկիչ-անցագրային կետում ծառայություն կատարող ոստիկանին դատեցին նրա համար, որ ներս էր թողել հինգ հանցագործներին, չնայած նրանք շենք էին մտել անցաթղթերով, իսկ ահա նրանց, ում պարտականությունն էր պահպանել վարչապետին, պատասխանատվության չկանչեցին. համապատասխան օրենք չկար: Ոստիկանության վերաբերյալ օրենսդրական բազա կար, իսկ պաշտոնատար անձանց պահպանության՝ ոչ...

Ահաբեկչական գործողության  քաղաքական հետևանքները

Հաջորդ կես տարին չափազանց բարդ էր ինձ համար: Անմիջապես հուղարկավորությունից հետո խոսակցություններ ու բամբասանքներ սկսվեցին. «Ում էր ձեռնտու խորհրդարանի սպանդը: Ո՞վ է կանգնած դրա ետևում»:

Սկսեցին ակնարկներ անել, թե ես ու Սերժ Սարգսյանը խառն ենք ահաբեկչական գործողությանը, որովհետև, իբր, լարված հարաբերություններ ունեինք Վազգեն Սարգսյանի հետ: Այդ ցնդաբանությունը պարզապես չէր տեղավորվում գլխումս: Լուրերը տարածում էին այն մարդիկ, որոնք այդ ողբերգական գիշերը չէին հասել ցանկալի պաշտոններին ու հասկանում էին, որ իրենց արարքի համար ստիպված են լինելու պատասխան տալ: Ավելի մեծ ցավ էր պատճառում այն, որ այդ ամբողջ ոհմակը սկսեց ակտիվորեն շփվել Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ՝ հարազատներին ներշնչելով, թե մասնակից եմ նրա զոհվելուն:

Ահաբեկիչների վնասազերծման գործողությունը ղեկավարելը ահաբեկչական գործողությանն իմ մասնակցության համարյա թե գլխավոր ապացույց էր համարվում: Ես պատասխանատվություն էի վերցրել բազմաթիվ մարդկանց կյանքի համար, հաջողությամբ իրականացրել էի, ու դա շրջվի իմ դե՞մ: Մտքիս մեջ չէր տեղավորվում, հրեշավոր ու անարդար էր և չափազանց ծանր փորձություն դարձավ ինձ համար:

Մտքում պտտում էի այդ օրը, հիշում՝ ինչպես իմ մոտից գնաց Վազգենը՝ ուրախ ու Ղարաբաղի ապագայի հույսերով ոգևորված: Դառնությամբ մտածում էի՝ չէ՞ որ կարող էր մնալ, բայց գնաց խորհրդարան, որ «պապիին չնեղացնի»:

Իսկ եթե չգնա՞ր: Գուցե, եթե նա այնտեղ չլիներ, այդ ամենը և տեղի չունենա՞ր: Եվ նա ու «պապին» ո՞ղջ մնային: Շատ բան կտայի անցյալ վերադառնալու և այդ ամենը վերախաղարկելու համար... Բայց ոչ ոք չի կարող փոխել անցյալը: Միակ հնարավորությունս՝ փորձել այստեղ՝ ներկայում հաղթահարել կատարվածի հետևանքները: Առաջին հերթին պետք էր խորհրդարանի նոր ղեկավարություն ընտրել՝ նախագահ ու երկու տեղակալներ, որոնք կկարողանան ապահովել Ազգային ժողովի աշխատանքը:

Նոյեմբերի 2-ին առանց բարդությունների արեցինք՝ պահպանելով ՀՀԿ-ի ու ՀԺԿ-ի նախկին քվոտաները: Դրանից հետո պիտի վարչապետ նշանակեի ու, դրա հետ մեկտեղ, նոր կառավարություն ձևավորեի:

Կառավարության բնականոն աշխատանքի համար հենարան էր պետք խորհրդարանում, որը կարտացոլեր կուսակցական կազմությունը:

Խնդիրը բարդանում էր նրանով, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցությունների առաջնորդները՝ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, զոհվել էին, իսկ ծանրակշիռ երկրորդ համարներ չկային ո՛չ ՀՀԿ-ում, ո՛չ Ժողովրդական կուսակցությունում: Համարյա չէի ճանաչում Դեմիրճյանի կուսակցության անդամներին, իսկ ՀՀԿ-ի ներկայացուցիչների մեծ մասի հետ ինձ կապում էր զուտ հպանցիկ ծանոթությունը: «Միասնություն» դաշինքի նախընտրական ցուցակները կազմելուն չէի միջամտել. հասկանում էի, որ դա բարդ ներկուսակցական ու միջկուսակցական փոխզիջումներ է ենթադրում, ու չէի ուզում զբաղվել դրանց որոնումով:

Ինձ դաշինք էր հարկավոր խորհրդարանական մեծամասնության հետ, բայց այն մտադիր էի ստեղծել Վազգենի ու Կարեն Դեմիրճյանի միջոցով: Իսկ նրանք այլևս չկան...

Խորհրդարանն արձակել ու նոր ընտրություններ նշանակել չէի կարող. Սահմանադրությամբ նախագահը դրա իրավունքն ունի միայն նախորդ ընտրությունից մեկ տարի անց, իսկ ընդամենը հինգ ամիս էր անցել: Խորհրդարանն արձակելը նաև արտակարգ քայլ է, կարող է նոր բարդություններ առաջացնել:

Ի՞նչ անել:

Ո՞ւմ վրա հենվել՝ հակառակորդ խորհրդարան չստանալու համար: Դա առաջնահերթ ու չափազանց բարդ խնդիր էր: Իրավիճակը բարդացնում էր նաև համատարած կասկածի ու քաղաքական անորոշության մթնոլորտը, որ ստեղծվել էր ահաբեկչական գործողությունից հետո: Պաշտպանության նախարարության գիշերային հավաքի մասնակիցները համոզված էին, որ չեմ ներելու ողբերգության պահին ինձ վրա ճնշում գործադրելու իրենց փորձը:

Նրանք ամբողջ ուժով սկսեցին բորբոքել ահաբեկչական գործողությանը իշխանության մասնակից լինելու վարկածը, որպեսզի ցանկացած գնով հասնեն իմ հրաժարականին: Իշխանության համար պայքարն աչքի առաջ սկսում էր այլանդակ ձևեր առնել, ու ես լարվածությունը հանելու կամ գոնե թուլացնելու լուծումներ էի փնտրում:

Բոլորի համար անսպասելի վարչապետ նշանակեցի Վազգեն Սարգսյանի փոքր եղբորը: Գաղափարը տվեց գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանը:

Դավիթ Զադոյանը Վազգենի գյուղում էր ծնվել ու լավ գիտեր նրանց ընտանիքը: Նա ընդունելություն խնդրեց ու պատմեց, որ իմ հակառակորդներն անընդհատ պտտվում են Վազգեն Սարգսյանի հարազատների շուրջը, նույնիսկ նրանք, որ կենդանության օրոք չէին սիրում Վազգենին: Նրանք ընտանիքը տրամադրում են իմ ու Սերժի դեմ, որ օգտագործեմ իրենց քաղաքական նպատակների համար:

Դավիթը սերտ շփվում էր Վազգենի հարազատների հետ ու գիտեր նրանց տրամադրությունները, դրա համար էլ առաջարկեց. «Գուցե վարչապետ նշանակեք Արամի՞ն՝ Վազգենի փոքր եղբո՞րը»:

Արամն այն ժամանակ ցեմենտի գործարանի տնօրենն էր: Նրան կարգին չէի ճանաչում, միայն մի անգամ տեսել էի Վազգենի տանը: Արամը երբեք չէր մասնակցում մեր խոսակցություններին, նույնիսկ մեզ հետ սեղան չէր նստում, զուտ հյուրերով էր զբաղվում:

 Ես ասացի. «Վարչապետի աշխատանքը բարդ է, Արամը փորձ չունի, ու չգիտեմ նրա ունակությունները»:

Զադոյանը սկսեց գովել նրան. «Խելացի տղա է: Իսկ գլխավորը՝ այդպիսի նշանակումը թույլ կտա վերացնել բոլոր կասկածները»:

Գաղափարը խելամիտ էր թվում: Բացի դրանից՝ վարչապետի պաշտոնի համար, միևնույն է, պետք էր մարդ գտնել «Միասնություն» դաշինքից. ես համաձայնեցի: Կանչեցի Արամին, խոսեցի հետը ու նշանակեցի վարչապետ: Իմ պատրաստակամությունը հայտնելու և նախաքննության հանդեպ լիակատար վստահություն ապահովելու համար Արամի հետ համաձայնեցնում էի ուժային կառույցների անխտիր բոլոր նշանակումները:

 Անմիջապես ընդունեցի Սերժ Սարգսյանի հրաժարականը և ԱԱՆ-ից նրան տեղափոխեցի նախագահի աշխատակազմ: Կազմեցի ՆԳՆ և ԱԱՆ փոխնախարարների ցուցակն ու Արամին ասացի. «Ահա այս մարդիկ, իմ կարծիքով, կարող են ղեկավարել այդ գերատեսչությունները՝ և՛ իրենց պրոֆեսիոնալ որակներով, և՛ փորձով: Նրանցից որի՞ն ես լավ ճանաչում: Ո՞ւմ ես լիովին վստահում: Արի միասին ընտրենք, որ հետո, երբ սկսեն զբաղվել ահաբեկչական գործողության քննությամբ, ոչ ոք չկասկածի նրանց անաչառությանը»:

Կանգ առանք Հայկ Հարությունյանի ու Կառլոս Պետրոսյանի վրա. նրանք նշանակվեցին ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարներ:

Ես ավելի առաջ գնացի. «Կա՞ մեկը դատախազությունում, որին վստահում ես, ինչպես քեզ կվստահեիր»:

Արամը տվեց մանկության ընկերոջ անունը, որը հայրենի Արարատի մարզի դատախազն էր: Այդ մարդն իր որակներով դժվարությամբ էր ձգում նույնիսկ շրջանի դատախազի մակարդակին, իսկ պաշտոնը ստացել էր զուտ Վազգեն Սարգսյանի հովանավորության ու նրանց ընտանիքին մոտ լինելու շնորհիվ, բայց գնացի նրան Հայաստանի գլխավոր դատախազ նշանակելուն:

Հիմա ավելի կարևոր էին ոչ թե նրա անձնական ու մասնագիտական որակները, այլ այն, որ մանկուց ընկերություն էր անում Արամի հետ և ընդունված էր նրանց ընտանիքում: Գլխավոր դատախազի պաշտոնն այն ժամանակ զբաղեցնում էր Աղվան Հովսեփյանը, որին դեռ Ղարաբաղից գիտեի. ծնունդով ուրիշ տեղից էր, բայց դեռ սովետական տարիներին քննիչ էր աշխատել մեր դատախազությունում: Այդ սկզբունքային մարդուն ու փորձառու պրոֆեսիոնալին, որը քննիչից գլխավոր դատախազ պաշտոնեական ճանապարհ էր անցել, հարգում էին բոլորը: Դա շատ բանի մասին էր վկայում. դատախազությունում երկար ժամանակ ծառայած մարդկանց հազվադեպ է հաջողվում պահպանել շրջապատողների հարգալից վերաբերմունքը:

Շիտակ ասացի. «Աղվա՛ն, մենք ծանոթ ենք երկար տարիներ, և իմ վերաբերմունքը քո հանդեպ չի փոխվել: Քո աշխատանքի վերաբերյալ բացարձակապես որևէ դժգոհություն չունեմ: Բայց քեզ որպես ինձ մոտ մարդ են ընկալում, ու դա ստեղծված իրավիճակում մեծ խնդիր է: Ես քո տեղը ուրիշին եմ նշանակում, որ ոչ ոք չկարողանա նախաքննությանը պահանջներ ներկայացնել: Այսպես է: Հուսով եմ՝ ինձ հասկանում ես: Կմնաս դատախազի տեղակալ, իսկ հետո կերևա»:

Ահաբեկչական գործողության գործը՝ քրեական գործը, Արամի խնդրանքով ԱԱՆ վարույթից հանձնեցին զինվորական դատախազությանը: Դրդապատճառը նույնն էր. զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը ծնունդով նրա գյուղից էր ու Վազգենի ընտանիքին մոտ մարդկանց շրջանակից:

Ես ձգտում էի այնպիսի իրավիճակ ստեղծել, երբ անհնար կլիներ ասել, թե քննությունը անբավարար ջանադրությամբ է կատարվել, իսկ արդյունքները կանխակալ են: Ե՛վ բուն քննչական գործողությունները, և՛ դրանց վերահսկողությունը լիովին իրականացնում էին Վազգենի ընտանիքին մոտ կանգնած ու նրա եղբոր ներկայացնելով նշանակված մարդիկ: Կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում դա ճիշտ որոշում էր, ինչը չի կարելի ասել Արամ Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին:

Արամը, պարզվեց, պատրաստ չէ այդպիսի պատասխանատվության՝ ո՛չ գիտելիքների մակարդակով, ո՛չ կառավարման փորձով, ո՛չ բնավորությամբ: Մենք հանդիպում էինք ամեն շաբաթ, և արդեն երկրորդ հանդիպմանը հասկացա, որ խիստ սխալվել եմ՝ նրան կառավարության ղեկավար նշանակելով: Նոր վարչապետը կատարելապես զուրկ էր համակարգայնությունից, հետևողականությունից ու առաջնահերթությունները տեսնելու ունակությունից: Ենթադրել անգամ չէի կարող, որ նա այդ աստիճան զուրկ է կառավարման հմտությունից. համենայնդեպս, գործարանի տնօրե՜ն էր եղել:

Ավելի ուշ պարզվեց, որ ցեմենտի գործարանը, ըստ էության, ոչ թե նա էր ղեկավարել, այլ գլխավոր ինժեները: Բացի դրանից՝ Արամը շատ հեշտ էր ուրիշի ազդեցության տակ ընկնում: Նրա տեսակետը կախված էր այն բանից, թե ում հետ էր ավելի շատ շփվում վերջին օրերին կամ ժամերին, իսկ դրանք ավելի հաճախ մարդիկ էին, որոնց ծրագրերն ու նպատակները հակառակ էին իմին:

Մի խոսքով, արտաքին նմանությունից բացի՝ եղբայրը Վազգենի հետ ընդհանուր ոչինչ չուներ:

Այդ իրավիճակում, երբ տնտեսության մեջ բազում խնդիրներ կային, այդպիսի վարչապետ ունենալն անթույլատրելի էր: Բոլորը տեսնում էին, որ երկրում ոչինչ տեղից չի շարժվում, որոշումներ չեն ընդունվում, կառավարությունը տեղապտույտ է տալիս, չնայած նրան, որ նախարարներից շատերը լավ կառավարիչներ էին: Տնտեսությունն ակնթարթորեն արձագանքեց. 1999 թվականի վերջն ու 2000-ի սկիզբը լուրջ անկման շրջան դարձան: Զուգահեռ՝ սկսվեց նախաքննությունը: Երկար ու ծանր քննությունը տևեց տարուց ավելի: Տպավորություն էր ստեղծվում, որ նրա հիմնական խնդիրն էր՝ գոնե մի չնչին բան գտնել, որը կհաստատեր իմ մասնակցությունն ահաբեկչական գործողությանը: Որպես վկա ես գրավոր ցուցմունքներ տվեցի, թե ինչպես եմ վարել բանակցությունները ահաբեկիչների հետ այդ գիշեր, ու դրանից հետո որևէ կերպ քննության ընթացքին չէի մասնակցում:

Շաբաթը մեկ, ինչպեսև ահաբեկչական գործողությունից առաջ, հանդիպում էի գլխավոր դատախազի հետ, ու նա հակիրճ, տառացիորեն երկու խոսքով տեղեկացնում էր նախաքննության ընդհանուր ընթացքի մասին:

Այդ ամբողջ ընթացքում մի քանի անգամ հանդիպեցի զինվորական դատախազի հետ, դրանցից մի քանիսը՝ նրա խնդրանքով: Դա այն նույն Գագիկ Ջհանգիրյանն էր, որը պաշտոններ բաժանելու այն գիշերվա ցուցակում նշվում էր որպես գլխավոր դատախազ, իսկ այդ օրերին, նախաքննության ղեկավար դառնալով, իրեն ճակատագրեր տնօրինող էր զգացել:

Բոլորը հանկարծ սկսեցին վախենալ նրանից. չէ՞ որ նրա կամոք ուզածդ պահի կարող էին հայտնվել խորհրդարանի սպանդի հանցակիցների ցանկում, և, ըստ երևույթին, Ջհանգիրյանը հաճույք էր ստանում դրանից: Մեր հանդիպումներից մեկի ժամանակ՝ դեկտեմբերին, Ջհանգիրյանն ասաց, որ Նաիրի Հունանյանը անուղղակի ցուցմունքներ է տալիս Ալիկ Հարությունյանի դեմ, ու որ քննության շահերից ելնելով՝ իրենք նրան պետք է հարցաքննեն ու առերեսում կազմակերպեն:

Միայն տարիներ անց իմացա, որ Հունանյանին խոշտանգել են իրենց անհրաժեշտ ցուցմունքները կորզելու համար, ընդ որում՝ բանը հասել է ինչ-որ ներարկումներ անելուն:

Դեկտեմբերի կեսին Ալիկը հրաժարական տվեց իմ խորհրդականի պաշտոնից: Ստիպված էի բացատրել, որ պաշտոնաթողությունը պայմանավորված է քննության լիարժեք օբյեկտիվություն ապահովելու անհրաժեշտությամբ: Դրանից առաջ ահաբեկիչների հետ կապի մեջ կասկածվել ու կալանավորվել էր խորհրդարանի պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, իսկ հունվարին նույն բախտին արժանացավ հեռուստատեսության Առաջին ալիքի տնօրեն Հարություն Հարությունյանը: Քննչական խմբի վրա ճնշումն օրեցօր աճում էր:

Բոլորը սպասում էին նոր աղմկահարույց ձերբակալությունների, բայց... դրանք չէին հետևում: Ավելին՝ տեղեկատվության արտահոսք սկսվեց հենց քննչական խմբից. պարզվեց, որ ոչ մի հիմք չկա քննչական մեկուսարանում պահելու նրանց, ովքեր այդ պահին արդեն կալանավորված էին: Մովսիսյանի ու Հարությունյանի փաստաբաններին ոչ մի փաստ չէր ներկայացվել, որը թեկուզ փոքր-ինչ կհաստատեր նրանց պաշտպանյալների մասնակցությունը հանցագործությանը: Մարտ-ապրիլին Գագիկ Ջհանգիրյանը հայտնվեց շատ բարդ վիճակում:

Նրա վրա ճնշում էին գործադրում նրանք, ովքեր ամեն կերպ ձգտում էին նախաքննությունն օգտագործել իմ հրաժարականի համար՝ պահանջելով նորանոր ձերբակալություններ ու աղմկոտ բացահայ- տումներ: Իսկ կալանավորման հիմքեր ու բացահայտումների համար նյութեր չկային: Ջհանգիրյանը պատեպատ էր խփվում Վազգենի  ու Դեմիրճյանների ընտանիքների, «Երկրապահի» ու ՀՀԿ-ի արանքում՝ հայտնվելով դժվար ընտրության առաջ:

Ենթարկվել ճնշմանն ու գնալ քննչական գործողությունների լիակատար կեղծմա՞ն:

Բայց դա կնշանակեր հանցագործ դարձնել ամբողջ քննչական խումբը: Կամ էլ կանգ առնել, չանցնել գիծը, որից այն կողմ մեծ է անձամբ մեղադրյալի աթոռին հայտնվելու հավանականությունը: Զինվորական դատախազի մարտաշունչ հայտարարությունները, որ հնչում էին քննչական խմբի ստեղծումից անմիջապես հետո, փոխվեցին քննության ընթացքի վերաբերյալ անվստահ, լղոզված ու խուսափողական հաղորդագրությունների: Դա նրա ընտրության ակնհայտ  ցուցիչն էր: Մի անգամ՝ մարտի սկզբին, Ջհանգիրյանը ՀՀԿ-ի ու ՀԺԿ-ի ղեկավարների հետ հայտնվեց համատեղ մամուլի ասուլիսում, որը հաջորդել էր «Երկրապահի» խորհրդի ընդլայնված նիստին: Նրանք պահանջում էին, որ պաշտոնանկ անեմ Սերժ Սարգսյանին ու Տիգրան Նաղդալյանին՝ հեռուստատեսության Առաջին ալիքի ղեկավարին:

Ջհանգիրյանի ներկայությունն այդպիսի միջոցառման դուրս էր դատախազական պարտականություններից, ինչի մասին ստիպված էի հիշեցնել նրան: Փորձեց դուրս պրծնել. անհասկանալի ինչ-որ բան ծամծմեց, թե, իբր, իր վրա ճնշում են գործադրել ու չի կարողացել մերժել, ու, իբր, ընդհանրապես այնտեղ է գնացել, որ մարդկանց հետ պահի չմտածված գործողություններից:

Ապրիլին դատարանը հրաժարվեց երկարացնել Ալիկ Հարությունյանի խափանման միջոցը՝ նրան կալանքի տակ պահելու հիմքերի բացակայության պատճառով:

Հետագայում ազատվեցին նաև շինծու մեղադրանքներով կալանավորված մյուս անձինք. նրանց ամբողջ մեղքը զուտ Հունանյանի հետ ծանոթ լինելու փաստն էր:

Ընդգրկուն դավադրության վերաբերյալ աղմկոտ գործի հույսը աչքի առաջ հալվում էր, ու դա լրջորեն անհանգստացրեց նրանց, ովքեր փորձում էին այդ ալիքի վրա հասնել իշխանափոխության:

Պաշտպանության նախարարությունում, Սարդարապատում, Ծաղկաձորում և այլ վայրերում դժգոհների՝ ժամեր տևող հավաքներ սկսվեցին. մարդիկ հայտարարություններ էին գրում, պահանջում պատասխանատվության ենթարկել ահաբեկչության կազմակերպիչներին՝ դրա տակ ենթադրելով ինձ ու Սերժին: Լուրեր էին տարածում, թե Վազգենին հատուկ ծառայություններն են վերացրել. իբր նա հանդես էր եկել Ղարաբաղյան հարցի լուծման դեմ:

Պայքարը իշխանության, ուրեմն և իմ հրաժարականի համար դարձավ բացահայտ ու ագրեսիվ, սկսվեց ներքաղաքական իրավիճակի նպատակաուղղված լարումը: Իմ լարվածությունն ահռելի էր, ծանրաբեռնվածությունը՝ բոլոր սահմաններից դուրս: Բացի իմ ուղղակի գործառույթներից, ստիպված էի զբաղվել անվտանգության ու վարչապետի կողմից անտերության մատնված տնտեսության հարցերով: Եվ այդ ամենը՝ ճնշող ներքաղաքական մթնոլորտում:

Ու հանկարծ մարտի 22-ին հեռախոսազանգ Ղարաբաղից. մահափորձ է կատարվել Արկադի Ղուկասյանի դեմ: Ասացին, որ նա ծանր վիրավոր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Ծնկից ներքև ոտքերի ոսկորներն են փշրվել, պատրաստվում են վիրահատության: Առաջին միտքը՝ գրո՜ղը տանի, մեզ միայն սա էր պակասում:

Աղվան Հովսեփյանը Ստեփանակերտ մեկնելու թույլտվություն խնդրեց՝ նախաքննությանն օգնելու համար, նաև ԱԱՆ հատուկ նշանակության խումբ ուղարկեցինք այնտեղ: Մեկ օրվա ընթացքում ձերբակալվեցին մահափորձի բոլոր մասնակիցները, այդ թվում՝ կազմակերպման կասկածանքով, Սամվել Բաբայանը:

Քանի որ պաշտպանության նախարարի աշխատասենյակը վերածվել էր դավադիրների շտաբի, մարտի կեսին իմ հրամանագրերով թարմացրի ՊՆ հրամանատարական կազմը, որպեսզի զորքերը զերծ պահեմ քաղաքականության մեջ ներքաշվելուց:

Ապրիլին Գագիկ Ջհանգիրյանը հանկարծ ինձ բողոքեց, որ խորհրդարանը փորձում է նախաքննությունից քաղաքական շոու սարքել, ինչը խանգարում է քննչական խմբի աշխատանքին: Խնդրեց ազատել իրեն խորհրդարանում քննության ընթացքի մասին զեկուցելու պարտականությունից:

Ես կատարեցի զինվորական դատախազի խնդրանքը՝ նրան այդ զեկույցները չեղարկելու պաշտոնական առաջարկություն տալով:

Այդ ընթացքում տնտեսությունը շարունակում էր ներքև գլորվել, պետական ապարատը կաթվածահար վիճակում էր: Ոչ մի ծրագիր չէր կատարվում, ոչ մի բարեփոխում չէր իրականացվում. ամեն ինչ պարզապես կանգ էր առել:

Պահանջվում էր շտապ վերականգնել ներքաղաքական իրավիճակի վերահսկողությունը: Անկարող վարչապետի փոփոխությունն ու կառավարության թարմացումը զուտ ժամանակի հարց էր:

Եվ այստեղ հանկարծ, ապրիլի վերջին, Վարդան Օսկանյանը զեկուցում է, որ նախապատրաստվում է վարչապետի այցը Մոսկվա՝ առանց ԱԳՆ որևէ մասնակցության: Դա արտաքին քաղաքական գործունեության սահմանված կարգի ուղղակի խախտում էր:

Պարզվեց, որ վարչապետի այցը անձամբ նախապատրաստել է մեր պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ինչը միանգամայն անընդունելի էր:

Հարությունյանը գործել էր գեներալ Իվաշովի միջոցով, ում ամեն օր, համհարզի պես, զեկուցում էր Հայաստանի իրավիճակը, ինչը չափազանց զայրացնում էր նախարարության նրա գործընկերներին: Ինձ, արդեն Մոսկվայում մեր դեսպանատնից, նաև հայտնեցին, որ այդ այցը ներքաղաքական նպատակներով օգտագործվելու է իմ դեմ ու սպեկուլյացիաների առիթ կտա, թե Մոսկվան Հայաստանում աջակցում է նախագահի հակառակորդներին:

Իրադարձությունների այդպիսի զարգացումը կանխելու համար հանձնարարեցի կապվել Կրեմլի հետ և ասել, որ նման այցն անցանկալի է, ու ես մտադիր եմ զբաղեցրած պաշտոնից ազատել վարչապետին: Ավելի լավ է ձեռնպահ մնալ Արամ Սարգսյանին Կրեմլում ու Սպիտակ տանը ընդունելուց՝ խուսափելու համար անհարմար իրավիճակից, երբ Մոսկվայից վերադառնալուն պես ազատում են վարչապետին:

Այցը, համենայնդեպս, կայացավ, ուրբաթ, ապրիլի 28-ին: Մեր ցանկությունը մասնակի հաշվի առան. Հայաստանի պատվիրակությանն ընդունեցին Կասյանովն ու պաշտպանության նախարար Իվանովը:

Երկուշաբթի՝ մայիսի 2-ին, վարչապետ Արամ Սարգսյանը իմ հրամանագրով ազատվեց պաշտոնից, կառավարությունը պաշտոնաթող արվեց: Ավելի ուշ, ևս մեկ հրամանագրով, Վաղարշակ Հարությունյանը՝ արդեն պաշտպանության նախկին նախարար, զրկվեց գեներալական ուսադիրներից՝ զինվորական կոչումն ու բարձրագույն սպայակազմի պատիվն արատավորելու համար:

Ուշագրավ է, որ այդ իրադարձությունից անմիջապես հետո երկրում հանկարծ ամեն ինչ խաղաղվեց: Տևական քաղաքական խարդավանքներից հոգնած հասարակությունը թեթևացած շունչ քաշեց, թոթափեց ճակատագրական զոհի զգացումը, որ պատել էր ահաբեկչական գործողությունից հետո, ու հայացքը հառեց դեպի ապագան:

Մեկ շաբաթ անց վարչապետ նշանակեցի Անդրանիկ Մարգարյանին՝ «Միասնություն» դաշինքի խմբակցության ղեկավարին, որը ՀՀԿ-ի ղեկավարներից էր և կուսակցության մեջ էր դեռ Աշոտ Նավասարդյանի ժամանակից: Սովետական ժամանակներում Մարգարյանը նույնիսկ դատապարտվել էր այլախոհության համար: Ինքն էր իրեն առաջարկել Սերժի հետ զրույցի ժամանակ, ասել էր, որ մինչև կոկորդը կուշտ է երկրում տեղի ունեցողից և ուզում է առավելագույնս օգտակար լինել: Նրան լավ չէի ճանաչում, բայց ընդունեցի ու լսեցի: Նշանակեցի, բայց դա ժամանակավոր, իրավիճակային լուծում էի համարում, լավագույն դեպքում՝ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ. ու սխալվեցի:

Անդրանիկը լավ վարչապետ եղավ և աշխատեց յոթ տարուց ավելի, ընդհուպ մինչև սրտի կաթվածից մահանալը 2007 թվականին: Այդպես հանգուցալուծվեց ներքաղաքական ճգնաժամը, որ սկսվել էր խորհրդարանի գնդակահարությամբ, 1999 թվականի հոկտեմբեր ի 27-ին:

Ոչ մեկի նկատմամբ հետապնդումներ չսկսեցի, չնայած շատերն արժանի էին դրան: Համարում էի, որ նման մարդիկ իրենք են իրենց համար խնդիրներ ստեղծում, ու կյանքը նրանց առանց ինձ էլ կպատժի: Ինձ այլ գործեր էին սպասում, որոնք ժամանակ ու էներգիա էին պահանջում:

Խորհրդարանի ահաբեկչական գործողության քրեական գործը դատարան ուղարկվեց 2000 թվականի դեկտեմբերի 1-ին: Գագիկ Ջհանգիրյանը մնաց քննչական խմբի փաստացի ղեկավար: Վազգենի եղբոր խնդրանքով նշանակված դատախազն իր պաշտոնը զբաղեցրեց մինչև քննության ավարտը:

Չորս տարի անց՝ 2004 թվականի մարտին, կրկին հանրապետության գլխավոր դատախազ դարձավ Աղվան Հովսեփյանը: Այդ օրերին այդպես էլ չզանգեցի Տեր-Պետրոսյանին: Այն ողբերգական գիշերվա մեր հեռախոսազրույցից հետո իմ մեջ ծնված ցանկությունը լրիվ մարել էր: ՀՀՇ-ի ամբողջ ագիտպրոպը վեց ամսից ավելի համահունչ աշխատում էր նրանց հետ, ովքեր ճոճում էին ներքաղաքական իրավիճակը: Իրենց հոդվածներում ու հրապարակային ելույթներում նրանք անընդհատ մեղադրում էին ինձ, թե մասնակից եմ խորհրդարանի ոճրագործությանը: Չեմ կարծում, թե այդ ամենը կարող էր լինել առանց Տեր-Պետրոսյանի իմացության ու հավանության:

Ընդհանուր առմամբ ահաբեկչական գործողության պահից մինչև 2000 թվականի մայիսը երկրում տիրում էր մի իրավիճակ, որը ոչ մի ընդհանրություն չուներ պետական շինարարության մեջ ինստիտուցիոնալություն հասկացության հետ: Կուսակցությունները Հայաստանում, որպես կանոն, ստեղծվում ու գործում էին՝ հիմնվելով առաջնորդների հեղինակության ու ազդեցության վրա, ներկուսակցական հիերարխիա չէր կառուցվում, ժողովրդավարությունը չէր խրախուսվում: Դրա համար էլ երկրորդ էշելոնի նշանակալի ու ազդեցիկ անհատներ հայտնվել չէին կարող: Ղեկավարներին կորցնելով՝ ՀՀԿ-ի ու ՀԺԿ-ի կուսակցական էլիտան իրեն որբացած էր զգում ու մղվեց դեպի նրանց ընտանիքները՝ հուսալով, որ խորհրդանիշերը՝ ազգանունն ու արտաքին նմանությունը, կօգնեն իրենց կուսակցություններին պահպանելու ազդեցությունն ու կշիռը հասարակության մեջ:

Խորհրդարանական մեծամասնության վերահսկողությունը փաստորեն անցավ «Միասնություն» դաշինքի զոհված առաջնորդների ընտանիքներին: Նրանք անմիջականորեն մասնակցում էին կադրային քաղաքականությանը. ՀՀԿ-ի բոլոր նշանակումները քննարկվում ու որոշվում էին Վազգեն Սարգսյանի ընտանիքում, իսկ ՀԺԿ-ինը՝ Կարեն Դեմիրճյանի ընտանիքում:

Եվ դա այն դեպքում, երբ այդ ընտանիքների ոչ մի անդամ նախկինում քաղաքական գործունեության մեջ չէր եղել: Նրանցից ոչ մեկն օժտված չէր կառավարման հմտություններով ու ոչ մի կապ չուներ նախընտրական դաշինքի ձևավորման հետ: Խորհրդարանի ահաբեկչական գործողությունը լրջագույն փորձություն դարձավ երկրի քաղաքական համակարգի համար, բացահայտեց նրա ծայրահեղ փխրունությունն ու խոցելիությունը:

Ահա այսպիսի հետևանքների բերեց երկրի կրած ցնցումը, որին գումարվում էր ընտանեկան-տոհմային կապերով պետականությունն ընկալելու արատավոր ավանդույթը: Հայաստանի բնակչության մի մասը դեռ երկար հրաժարվում էր ընդունել ակնհայտը. հինգ ծայրահեղական ներխուժել են խորհրդարան ու տասնյակ ականատեսների աչքի առաջ սպանել ութ մարդու՝ հայտարարելով, որ այդ կերպ ցանկանում էին փողոց հանել ժողովրդին ու փոխել իշխանությունը, չէին թաքցրել ո՛չ իրենց անունները, ո՛չ էլ նպատակները:

Ճշմարտությունն այնքան պարզունակ էր, որ շատերն ուղղակի չէին ուզում հավատալ դրան: Հավանաբար, զոհվածների հարազատների համար հոգեբանորեն շատ ավելի հեշտ կլիներ, որ իրենց հարազատները ծավալուն դավադրության զոհ լինեին, քան հաշտվել մտքի հետ, որ նրանց կյանքն ընդհատվել է վեց ստահակի պատճառով, որոնք համարձակվել էին ահաբեկչական գործողություն կատարել...

Ողբերգությունից շատ չանցած հանդիպեցի զոհվածներից մեկի՝ Յուրի Բախշյանի կնոջ հետ:

Նա հարցրեց. «Ինչպե՞ս թե: Եկել է ինչ-որ Նաիրի Հունանյան՝ անհայտ-անանուն մեկը, ու առանց որևէ պատճառի պարզապես վերցրել ու սպանե՞լ է նրանց»:

Ի՞նչ ասես սրան:

Դավադրությունների տեսությունը կենսունակ է: Իսկ ինձ համար իրականությունն ընդունելու մարդկանց անկարողությունը պատճառ դարձավ նաև, որ կատարվածից հետո այլևս չէի կարող շփվել Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ: Ու շատ եմ ափսոսում, որ այդպես եղավ, որովհետև ես ու Վազգենն իսկապես մտերիմ ընկերներ էինք:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Աղբյուր` Panorama.am
14:46
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
«Սա մեր սեփականությունն է։ Ի՞նչ է նշանակում պետականացնել։ Ումի՞ց են պաշտպանում։ Թող միության անդամներից  շատ սրտացավ չլինեն։ Մենք շատ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը, որ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, հոդված է գրել։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին վկայություններից հետո
Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում մամուլում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Կառավարությունն էլ ձեզնից է աջակցություն ակնկալում.Փաշինյանը՝ Բրյուսովի նորանշանակ ռեկտոր Գյուրջինյանին
«Փակ-գաղտնի քվեարկությանը մասնկցած խորհրդի 18 անդամների կողմ քվերակության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Կառավարությունը չի կարա գնա, մտնի ամեն դպրոց ասի՝ երեխանե՛ր՝ դուք այստեղ, ուսուցիչներ՝ դուք այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան
«Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը, այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց, իսկ վարչատնտեսական կառավարման մասով...
Աղբյուր` Panorama.am
13:28
ՔԿ. Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող
Քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը...
Աղբյուր` Panorama.am
13:22
GRECO կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն և հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) այսօր հրապարակված զեկույցում կոչ է անում Հայաստանին շարունակելու իր...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասին աշխատի քիչ խոսես. Զգուշացում Չախալյանին
«Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասով  ընդհանրապեսաշխատի քիչ խոսես, ոչ լավ, ոչ վատ»,-կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:58
Գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից.Սուրեն Պապիկյան
«Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի...
Աղբյուր` Panorama.am
12:34
Վահագն Չախալյան. Մեր պայքարը լինելու է շարունակական, մինչև կանգնեցնենք Նիկոլին
«Stop Նիկոլ», «Բավ է», «Ոչ միջանցքին» գրություններով ցուցապաստառներով, «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է. Փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արձագանքելով Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշմանը, գրում է. «Փաստորեն էս...
Աղբյուր` Panorama.am
11:55
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
11:44
Ռուբեն Մելիքյան. Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «1) Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
«Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»
Աղբյուր` Panorama.am
11:18
Իսկ ինչու Արցախը մենք չենք գնահատում, ինչպես որ ծախել են՝ դոլար-դրամով
Հայաստանում իրավաբան կա՞։ Չեմ ասում՝ չալարող, ասում եմ՝ մեծ գործերի ունակ։ Ադրբեջանցիները քանդում են զավթած Արցախի հուշարձանները, շենքերը,...
Աղբյուր` Panorama.am
11:15
Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ
Երիտասարդական մետրոյի հարևանությամբ տեղի ունեցող բողոքի ակցիայի վայր ժամանեցին մեծ թվով կարմիրբերատավոր ոստիկաններ։ Նրանք ակցիայի մասնակիցներին...
Աղբյուր` Panorama.am
11:12
Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը
Արթուր Խաչատրյանը գրում է, որ լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։
Աղբյուր` Panorama.am
11:04
Ակցիայի մասնակիցներից մեկը վատացավ. «Ձեր շոուն արեք, գնացեք»
Կարգազանցության պատրաստ մի քանի տասնյակ քաղաքացիներ Վարդան Ղուկասյանի կոչով Երիտասարդական մետրոյի մոտ են։ Ակցիայի մասնակից կանանցից մեկը...
Աղբյուր` Panorama.am
10:59
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
«Շատ կարևոր աշխատաժողով է լինելու Հայաստանից ու աշխարհից հայտնի գիտնականների մասնակցությամբ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Տիգրանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը
ԴՕԿ-ի հիմնադիր Վարդան Ղուկասյանի կոչով մի քանի քաղաքացիներ, որոնք հավաքվել էին Մետրոյի Երտասարդական կայարանի հարևանությամբ, փակեցին Աբովյան...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ապրիլի 18-ին փոխանակման կետերում դոլարը և ռուբլին էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 18-ին ժամը 10:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.69 դրամ՝ էժանանալով 1.73 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
10:30
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Փաստ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան
14:55 18/04/2024

Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}