211652_close_icon
views-count1163 դիտում article-date 17:58 21-02-2019

Պատանի երաժիշտները կրկին Ազգային ֆիլհարմոնիկի ուշադրության կենտրոնում են

Փետրվարի 22-ին և 23-ին ՀԱՖՆ-ի երաժիշտները կանցկացնեն ԵրազԱրտ պղնձափողային բասային գործիքների Ձմեռային դպրոցի 2-րդ շրջանը: Դպրոցն անվճար է, դասերին կարող են մասնակցել պղնձափողային բասային գործիքների վրա նվագող բոլոր ցանկացողները, թե՛ որպես ակտիվ մասնակիցներ, թե՛ որպես ունկնդիրներ: Դասերն անցնում են Արամ Խաչատրյան համերգասրահի փորձասենյակում, ժամը 11:00-ից: Փետրվարի 24-ին, ժամը 17:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահի դահլիճում տեղի կունենա դպրոցի մասնակիցների և դասավանդող մասնագետների համատեղ համերգ-հանդիպումը: Արդեն շուրջ հինգ տարի է ՀԱՖՆ-ը, համագործակցելով ԵրազԱրտ-ի հետ, անվճար կրթական ծրագրեր է իրականացնում հայ պատանի երաժիշտների համար: Այդ երաժիշտներից շատերը, ինչպիսիք են ջութակահարուհիներ Դիանա Ադամյանը, Սոֆյա Վարդանյանը, շեփորահար Դանիել Մելքոնյանը, դաշնակահարուհի Եվա Գևորգյանը և այլոք, բազմիցս հանդես են եկել մեծակտավ ստեղծագործություններով՝ Ազգային ֆիլհարմոնիկի նվագակցությամբ: Վերջիններս 2019թ.-ին ՀԱՖՆ-ի հետ ելույթ կունենան «Երիտասարդ արտիստների համերգաշար» ծրագրի շրջանակներում: 2019թ.-ի ամռանը ծրագրված է Ամառային դպրոցի 3-րդ շրջանը, իսկ աշնանը Երևանյան 13-րդ փառատոնի շրջանակներում կկայանան միջազգային մեծ համբավ ունեցող երաժիշտների անվճար վարպետության դասերը: Բոլոր սկսնակ երաժիշտներին հորդորում ենք ակտիվ մասնակցություն ցուցաբերեն և օգտվեն վերը նշված կրթական ծրագրերից: Այս Ձմեռային դպրոցի 2-րդ շրջանի դասավանդող մասնագետներից է Արայիկ Ռուբինյանը, ով 2017 թ.-ից Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) կազմում հանդես է գալիս որպես տուբահար: Նա ավարտել է Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիան և Համբուրգի Musikhochschule-ն (Գերմանիա): Երկար տարիներ նվագել է Մուրսիայի և Բարսելոնայի սիմֆոնիկ նվագախմբերում (Իսպանիա), Համբուրգի KlassikPhilharmonie և Պասաուի պետական օպերային թատրոնում (Գերմանիա): Իսպանացի Խուան Պարդո Խիլը 2018թ-ից ՀԱՖն-ի գլխավոր տրոմբոնահարն է: Մինչ այդ նա որպես գլխավոր տրոմբոնահար աշխատել է Խալիսկոյի ֆիլհարմոնիկ, Նուևո Լեոնի և Գուանախատոյի սիմֆոնիկ նվագախմբերում (Մեքսիկա): Որպես մենակատար և կամերային անսամբլների կազմում հանդես է եկել տարբեր հեղինակավոր փառատոններրում՝ Տրոմբոնահարների միջազգային (ԱՄՆ, Կալիֆորնիա), Պղնձափողայինների միջազգային (Մեքսիկա), Բուսանի միջազգային փառատոններում (Հարավային Կորեա): Ունի դասավանդման մեծ փորձ: Իսպանացի Սանտյագո Դիազ Ագիրեն 2018թ.-ից ՀԱՖՆ-ի բաս տրոմբոնահարն է: Դիազ Ագիրեն ավարտել է Սարագոսայի կոնսերվատորիան, երկու տարի աշխատել Գրան Կանարիայի ֆիլհարմոնիկ նվագախմբում, Սարագոսայում դասավանդել է երաժշտական դպրոցում:

Նմանատիպ նյութեր