Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Զարթոնքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 5 տուժածներից 4-ը հիվանդանոցից դուրս են գրվել, մեկի վիճակը կայուն ծանր է

Զարթոնքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 5 տուժածներից 4-ը հիվանդանոցից 
դուրս են գրվել,  մեկի վիճակը կայուն ծանր է

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով 5 տուժածից 4-ը դուրս են գրվել Արմավիր բժշկական կենտրոնից, միայն մեկի վիճակն է գնահատվում կայուն ծանր, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ժամանակ:

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով շտապօգնության մեքենայով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիր ԲԿ, 1-ն էլ իր ոտքով է ներկայացել հիվանդանոց:

Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուս 4-ն էլ արդեն դուրս են գրվել և գտնվում են ոստիկանական բաժանմունքում:

Արմավիր ԲԿ-ի հերթապահ բժիշկ Վարուժան Սաֆարյանը նշեց, որ առավոտյան 10:15-ի սահմաններում իրենց մոտ է բերվել 4 տուժած, նրանք ստացել են առաջնային բուժօգնություն:

«Տուժողներից մեկի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի ստորին երրորդականի առաջային մակերեսի քերծվածք, մյուսի մոտ՝ աջ հոնքի և ստորակնակապճային շրջանի սալջարդ-վերքեր, երրորդի մոտ ձախ հոնքի սալջարդ-վերք, չորրորդ տուժողը՝ աջ սրունքի ստորին երրորդականի քերծվածք-վերքեր և վերջինն, ով տվյալ պահին գտնվում է բաժանմունքում՝ քթի, ձախ ականջախեցու սալջարդ-վերքեր, ձախ ուսահոդի և աջ թիակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ»,- ասաց հերթապահ բժիշկը և հավելեց, որ հիվանդանոցում գտնվող տուժողի կյանքին վտանգ չի սպառնում:

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչները վաղ առավոտից փակել էին Երևան-Գյումրի երկաթգիծը՝ պահանջելով համայնքի դպրոցի տնօրենի հրաժարականը: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 13-ի վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է եղել։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր անդառնալի հետևանքները։ Բացի այդ, ոստիկանները վնասազերծել քեն հրացան գործադրած անձին, նրան և միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։ Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով' առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից։

Լուսանկարը՝ Tert.am-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]