Մատչելիության հղումներ

Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարության աշխատանքներն այս տարի կավարտվեն. Պապիկյան


Աշխատանքներ են սկսվել Շուռնուխը Տաթև-Աղվանի-ին կապող ճանապարհի շինարարության ուղղությամբ, «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Փոխվարչապետի փոխանցմամբ՝ նոր ճանապարհներ են նախատեսվում նաև դեպի Որոտան և Բարձրավան:

Անդրադառնալով Սյունիքի բնակիչների անհանգստություններին, թե ինչո՞ւ այլընտրանքային ճանապարհների աշխատանքները ավելի արագ չարվեցին, որպեսզի սյունիքցիները ավելի հանգիստ լինեին, Պապիկյանը նշեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհը ավելի վաղ կառուցելը ֆիզիկապես հնարավոր չէր. «Ճանապարհ կառուցելը միայն ասֆալտ փռել չէ, մանավանդ, որ մենք խոսում ենք մի ճանապարհի մասին, որը չէր օգտագործվում: Հիմա շինարարությունը լայն թափով ընթանում է»:

Փոխվարչապետը հայտնեց, որ ձեռնարկվել են Տաթև-Լծեն ճանապարհի աշխատանքները: Սա, Պապիկյանի խոսքով, հնարավորություն կտա, որ բեռնատարները ստիպված չլինեն անցնել Տաթևի Սատանի կամուրջ կոչվող հատվածով:

«Տաթև-Աղվանին այս տարի կավարտվի, մինչև ձմեռ կունենանք բոլոր գրունտային անցանելի ճանապարհները, բայց, բանականաբար, ասֆալտապատ ճանապարհ կունենանք միայն գարնանը», - նշեց Սուրեն Պապիկյանը:

Սյունիքում «Հյուսիս-Հարավ»-ի կառուցման աշխատանքը նախատեսվում է մեկնարկել մյուս տարի. Պապիկյան

Անդրադառնալով «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցմանը, Պապիկյանը հայտնեց, որ Սյունիքում այս ուղղությամբ աշխատանքը նախատեսվում է մեկնարկել մյուս տարի. «Եվրամիության աջակցությունը այս ուղղությամբ կունենանք»:

«Խոսքը վերաբերում է Սիսիան-Քաջարան ճանապարհին, այստեղ ունենալու ենք երկու խոշոր թունել, 12 կամուրջ ու մոտեցնող ճանապարհներ, որի արդյունքում կկարողանանք կրճատել հսկայական ճանապարհ և դուրս գալ միանգամից Իրանի Իսլամական Հանրապետության հարևանությամբ», - ընդգծեց նա:

«Ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք գերիների վերադարձի հարցերով»

Հարցին էլ, թե ի՞նչ քայլեր են արվում հրադադարի հաստատումից ավելի քան մեկ ամիս անց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հին Թաղերի և Խծաբերդի, Արցախի Հադրութի շրջանի այդ գյուղերի հատվածում գերեվարված զինծառայողների վերադարձի ուղղությամբ, փոխվարչապետը պատասխանեց. «Կարծում եմ սրանք այն հարցերն են, որոնց բոլորին պատասխան տրվել է»:

Պապիկյանը նշեց, որ ամենօրյա ռեժիմով զբաղվում են գերիների վերադարձի հարցերով. «Կարծում եմ այդ ուղղությամբ մենք կունենանք հաջողություններ»:

Մեկ այլ օգտատիրոջ հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանդիպելու Թուրքիայի նախագահ Էրդողանին, Պապիկյանն արձագանքեց, որ հանդիպում նախատեսված չէ:

«Հայաստանի Հանրապետություն Թուրքիայից ապրանք չի մտել»

Օգտատերերից մեկի այն հարցին, որ վերջերս համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե «ինչպես են բեռնատարից հանվում թուրքական գրությամբ տեխնիկաները, որոնք նախապատրաստվում էին անկախության միջոցառման համար: Ինչպիսի՞ գնահատական կտաք դրան և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այդ իրադարձության հետ կապված», փոխվարչապետն արձագանքեց, որ «թուրքական որևէ ընկերություն աշխատանք չի կատարել»:

«Աշխատանքը կատարվել է գերմանական ընկերության կողմից, փոխադրող ընկերություն է, ավելին ասել չեմ կարող», - նշեց Պապիկյանը:

Սուրեն Պապիկյանն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետություն թուրքական ապրանք չի մտել:

* Եթերում «Ցայգ» ՀԸ-ի հիշատակումը վրիպակ է։ Օգտատիրոջ գրառումը վերաբերում էր Գյումրու «Շիրակի հանրային հեռուստառադիո»-ի լուծարմանը, ոչ թե «Ցայգ» ՀԸ-ին։

XS
SM
MD
LG