News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 1-ին մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին, որոնց շրջանակներում այցելել է քաղաքի մի շարք մշակութային օջախներ, դիտել գյումրեցիների ավանդական կենցաղը, արհեստներն ու ավանդույթները ներկայացնող «Հացի փառատոնը», մասնակցել Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությանը: NEWS.am-ը ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկանում է, որ նախագահն այցելել է նաեւ Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: «Թումո»-ի ընդլայնման` նոր կենտրոնի ստեղծման վերաբերյալ Նախագահ Սարգսյանը հանձնարարական էր տվել դեռեւս 2015 թվականին` Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ մարզային գերակայությունների քննարկման նպատակով մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրած խորհրդակցության ժամանակ: Նույն խորհրդակցության ընթացքում Հանրապետության Նախագահը հետաքրքրվել էր Գյումրու փողոցների վերականգնման աշխատանքների ընթացքով:

Այսօր Նախագահին տեղում զեկուցել են նաեւ այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների եւ առաջիկա ծրագրերի մասին. Գյումրու թվով տասը փողոցների հիմնանորոգման եւ քաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներն իրականացվում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ` «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի արդյունքում քաղաքը կունենա անվտանգ երթեւեկության կազմակերպման համար բարեկարգ փողոցներ եւ էներգախնայող արտաքին լուսավորության ցանց։ Հանրապետության Նախագահին Գյումրիում ներկայացրել են նաեւ Ռուսթավելի փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը:

Նախագահի շրջայցը տոնական Գյումրիում մեկնարկել է «Սեւ ամրոց» համալիրից, որը հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան է եւ գտնվում է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի պահպանման գոտում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է նախկինում որպես ռազմական կառույց ծառայած եւ այժմ մշակութային կենտրոն դարձած համալիրի պայմաններին, «Սեւ ամրոցի» տարածքում բացված թանգարանի ցուցանմուշներին, որոնք պատմում են «Ալեքսանդրապոլ» ամրոցի կառուցման, քաղաքի հիմնման եւ ռուս-թուրքական պատերազմներին մասնակցած հայ գեներալների մասին:

Հանրապետության Նախագահը Գյումրու մեկ այլ մշակութային օջախում՝ «Ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանում», ծանոթացել է ցուցասրահներում ներկայացված ցուցանմուշներին, որոնք այցելուներին պատմում են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչեւ 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարության, առավել տարածում գտած արհեստների, հասարակական կենցաղի ու հոգեւոր մշակույթի մասին։ Նախագահի հանձնարարությամբ ֆինանսական աջակցություն կցուցաբերվի վերանորոգման կարիք ունեցող թանգարանին:

Գյումրու նորաբաց մանկապատանեկան արվեստի պալատում Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծված պայմանները: Պատասխանատուների հավաստմամբ, այստեղ կտեղափոխվեն եւ իրենց գործունեությունը կիրականացնեն քաղաքի մանկապատանեկան՝ երգի, պարի, նկարչության, ասմունքի, զգեստների մոդելավորման, օտար լեզվի ուսուցման եւ այլ խմբակներ, հնարավորություններ կստեղծվեն նաեւ նոր խմբակների գործունեության համար: Հանրապետության Նախագահը հետաքրքրվել է արվեստի պալատի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներով եւ խոստացել աջակցել դրանց հնարավորին շուտ լուծմանը` կարեւորելով երեխաների կրթության ու բազմակողմանի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքը:

«Թումո Գյումրի» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինհրապարակում Հանրապետության Նախագահին ներկայացվել է 2017թ. հունիսի 10-ից մեկնարկած Գյումրու առաջին թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը, որոնց ավարտին «Թումո» կենտրոնը կտեղափոխվի թատրոնի շենք եւ կկարողանա սպասարկել շուրջ 4000 ուսանողի։ Կենտրոնը կունենա դասընթացների սենյակներ, ինքնուսուցման հարթակներ, ինչպես նաեւ կգործի որպես մշակութային օջախ, որտեղ կգործեն մեծ բեմ եւ կինոթատրոն, կանցկացվեն հասարակության համար բաց միջոցառումներ։

«Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող Ռուսթավելի փողոցում Նախագահ Սարգսյանին զեկուցել են փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքի մասին: Նշվել է, որ մինչ այսօր փոխվել են արտաքին ջրամատակարարման, գազամատակարարման եւ հաղորդակցության, կապի գծերը, տեղադրվել է հեղեղատար կոյուղի եւ դրենաժային համակարգ, անցկացվել են բարձր լարման հզորության մալուխային գծեր, ցածր լարման օդային գծերը փոխարինվել են ստորգետնյա մալուխային գծերով: Իրականացվել են փողոցի վերեւի շերտի բետոնային աշխատանքները, եւ տեղադրվել են գրանիտե սալահատակ քարեր, բազալտե եզրաքարեր, իսկ մայթերին՝ բազալտե սալեր: Ի թիվս իրականացված աշխատանքների, փողոցում տեղադրվել են նաեւ արտաքին լուսավորության սյուներ, նստարաններ:

Տոնական միջոցառումների շրջանակներում Նախագահն այցելել է Գյումրու «Երիտասարդական պալատ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն, որտեղ կյանքի են կոչվում բազմաթիվ երիտասարդական նախաձեռնություններ: Համայնքային ենթակայության այս կազմակերպությունը միտված է համախմբելու Հայաստանի մշակութային մայրաքաղաքի երիտասարդությանը՝ դառնալով ժամանցի, ինչպես նաեւ ոչ ֆորմալ կրթության լավագույն վայր քաղաքում: Գյումրու օրվա առթիվ «Երիտասարդական պալատում» կազմակերպվել է Արհեստների փառատոն, որին մասնակցել են Գյումրի, Վանաձոր, Իջեւան եւ Արթիկ քաղաքները՝ ներկայացնելով իրենց արհեստավորների աշխատանքները: 

Այցի ավարտին Սերժ Սարգսյանը Սուրբ Աստվածածին (Սուրբ Յոթ վերք) եկեղեցում մոմ է վառել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ