Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տեղի ունեցավ Հուսիկ Արայի սիրային պոեզիան ամփոփող ժողովածուի շնորհանդեսը

Տեղի ունեցավ Հուսիկ Արայի սիրային պոեզիան ամփոփող ժողովածուի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր օրերի լավագույն սիրերգակներից մեկի՝ Հուսիկ Արայի սիրային 65 բանաստեղծությունները և «Բուրմունքի հիշողությունը» պոեմը մեկտեղվել են հեղինակի «Եվ սերը ասաց» ժողովածուում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ին՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

«Այս գրքում զետեղված է իմ ամբողջ սիրային պոեզիան: Կան անտիպ բանաստեղծություններ, որոնք գրվել են վերջին երկու կամ երեք տարվա ընթացքում, մնացածը  տարբեր գրքերում հրատարակված սիրային շարքեր են, որոնք հավաքել եմ մեկ գրքում»,- մեզ հետ զրույցում նշեց Հուսիկ Արան:

Նա խոստովանեց, որ իր համար գիրքը բացառիկ է: «Իմ սիրո մատյանն է, իմ ամբողջ ներաշխարհն է այստեղ ամփոփված, սերը, հիասթափությունը, ամեն բան: Այս գիրքն առանձնահատուկ եմ սիրում:  Գրքում ներառված բանաստեղծությունները հաճախ եմ իմ ֆեյսբուքի էջում տեղադրում, և  օգտատերերը դրանք տարածում են: Ամեն ընթերցող իր ապրումներն է գտնում իմ ստեղծագործություններում. հենց դա է իմ գործերի հաջողությունը»,- եզրափակեց գրողը:

Գրականագետ, «Եվ սերը ասաց» ժողովածուի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը պատմեց, որ իր առաջին գրախոսությունը, որով ներխուժել է գրաքննադատության ասպարեզ, եղել է միշտ մտահոգ, աշխարհի հանդեպ քննադատաբար և դառը տրամադրված Հուսիկ Արայի մասին:

«Հուսիկ Արայի մոտ շատ լավ է ստացվում սիրերգությունը: Չեմ կարծում, որ դա պայմանավորված է նրանով, որ Հուսիկին շատ են մերժել կյանքում: Այն մարդիկ, ովքեր կարդացել են գիրքը և դեռ կկարդան, կտեսնեն, որ սա ավելի շատ  վայելքի պոեզիա է, քան սիրո տառապանքի, որովհետև Հուսիկն անգամ մերժման պահերին կարողանում  է բանաստեղծականացնել իր զայրույթը, այսինքն, կարևորը` սեր լինի: Նա ասում է, որ ինքը կերջանկանա, ուզում ես մերժիր, հարվածիր, տանից դուրս հանիր»,- ընդգծեց Նիկողոսյանը:

Հուսիկ Արան ծնվել է 1967 թվականի հունիսի 24-ին Արարատի մարզի Մրգավետ գյուզում։ Ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը։ 1991-1996 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի Ժուռնալիստիկայի բաժնում։ Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1985 թվականին «Ավանգարդ» թերթում։ 2001 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է: Նրա հրատարակված գրքերն են` «Մարդու որդիները»,  «Լուսանցքի մարդիկ»,  «Սևագրություններ», «Անիծվածները» և այլն:

«Եվ սերը ասաց» բանաստեղծությունների ժողովածուն արժանացել է Գրքի երևանյան փառատոնի 2-րդ մրցանակին «Պոեզիա» անվանակարգում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am