Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կամավորներից մինչև պրոֆեսիոնալներ. ՀՀ-ում սոցիալական ոլորտում ներգրավված է 4000-ից ավելի սոցիալական աշխատող

Կամավորներից մինչև պրոֆեսիոնալներ. ՀՀ-ում սոցիալական ոլորտում ներգրավված է 
4000-ից ավելի սոցիալական աշխատող

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սոցիալական ոլորտում ներկայում առկա է 4 հազարից ավելի սոցիալական գործող աշխատող: Տարիների ընթացքում այս թիվը մեծացել է, այսօր ոլորտում աշխատում են մարդիկ, որոնք ունեն փորձ և վստահաբար տիրապետում են մարդկանց օգնելու հմտություններին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանն՝ ավելացնելով, որ մինչ վերջին ճգնաժամերը, սոցիալական աշխատողի ինստիտուտն անցել է զարգացման տարբեր փուլեր՝ սկսելով միայն մեկ համալսարանից: Այժմ մասնագիտությունը դասավանդվում է 6 համալսարանի 10 ֆակուլտետում: Սոցիալական աշխատողների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ուղերձը ներկայացնելով՝ Միրա Անտոնյանը նշեց, որ կամավոր անձանցից և ոչ մասնագետներից սկսելով, այժմ ոլորտում զբաղված մասնագետների զգալի մասը համապատասխան կրթություն ունի կամ վերապատրաստվել է տևական ժամանակ:

«Սոցիալական աշխատանքը այլևս սոցիալական պաշտպանության ոլորտում չէ միայն` նեղ իմաստով, այն իր տեղն է գտել նաև՝ դպրոցում, քրեակատարողական հիմնարկներում, պրոբացիոն ծառայություններում, ցերեկային կենտրոններում, մարդու իրավունքների պաշտպանության բոլոր ասպարեզներում և այլն: Սոցիալական աշխատողներն աշխատում են ավելի քան հարյուր համայնքում` օգնելով առանձին անհատներին, նրանց ընտանիքներին և իրենց ներդրումն են կատարում ողջ համայնքի խնդիրների լուծման հարցերում»,-նշեց Միրա Անտոնյանը:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, ասոցիացիայի խորհրդի նախագահ Անահիտ Սահակյանի խոսքով, տարեց տարի երևում է մասնագիտության նկատմամբ հետաքրքրության աճ: Այս տարիների ընթացքում համալսարանը տվել է 1200-ից ավելի դիպլոմավորված մասնագետ:

«Ուզում եմ ասել, որ գիտելիքը բավարար չէ այս մասնագիտության համար, այստեղ շատ կարևոր են անձնային առանձնահատկությունները, մասնավորապես, պատասխանատվությունն աշխատանքի, սերը մարդու նկատմամբ»,-ասաց Անահիտ Սահակյանը:

Մարիամ Առաքելյանը, ով արդեն մի քանի տարի աշխատում է որպես Ջերմուկ համայնքի համայնքային սոցիալական աշխատող, նշեց, որ բազային մասնագիտական կրթությունից բացի, անհրաժեշտ է ունենալ ապրումակցման հմտություններ, օգնել, որ դժվար իրավիճակում հայտնված մարդիկ ինքնուրույն հաղթահարեն իրենց հիմնախնդիրները:

«Հաջողված պատմությունները բազմաթիվ են: Շատ են նաև դեպքերը, երբ աշխատանքի բերումով ծանոթանում ես հետո ՝ բարեկամանում: Պատերազմով պայմանավորված, Ջերմուկ համայնքը հյուրընկալեց Արցախից տեղահանված բազմաթիվ ընտանիքների: Հիմա, երբ շատերը վերադարձել են Արցախ, մենք շարունակում ենք ընկերություն անել այդ ընտանիքների հետ, կարևոր առիթներին հիշել միմյանց»,-ասաց Մարիամ Առաքելյանը:

Խոսելով համավարակի ու պատերազմի հետևանքներից՝ Միրա Անտոնյանը նկատեց, որ սոցիալական աշխատողի դերն առավել ընդգծվեց այդ ընթացքում: Շատ էին նախաձեռնողական խմբերը, կամավորները, ինչն, ըստ Միրա Անտոնյանի, իսկապես ուրախալի էր: Դա նշանակում է, որ մեր հասարակությունը անտարբեր չէ, դժվար իրավիճակներում արագ արձագանքում է: Հիմա այդ ակտիվությունը մարում է, ինչը շատ բնական է, փոխարենը ասպարեզն անցնում է սոցիալական աշխատողներին:

Ներկա փուլում, ըստ Միրա Անտոնյանի, ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգը վերապրում է կառուցվածքային բարեփոխումների փուլ` գործընթացի կիզակետում դիտարկելով մարդուն, ընտանիքին: Ըստ այդմ, կենտրոնական դերում սոցիալական աշխատողն է` դեպքի վարման մեթոդաբանությամբ: Ասոցիացիան նախատեսում է Համաշխարհային բանկի համակարգմամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով) իրականացվող «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակներում օգնել սոցիալական աշխատողներին` զարգացնելու մարդկանց ակտիվությունն ու դիմակայունությունը խթանող իրենց կյանքի հմտությունները, այդպիսով լրացնելով աղքատության հաղթահարման` այլ գործընկեր կազմակերպությունների ջանքերը: Ծրագրի նպատակն է` Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում ավելի քան 11.000 խոցելի անձանց համար ընդլայնել տարաբնույթ սոցիալական ծառայություններից և սոցիալական աջակցության նպաստներից օգտվելու հնարավորությունները և խթանել նրանց ինքնազբաղվածությունը՝ սոցիալական դեպքի վարման պրակտիկայի լիարժեք ներդրման միջոցով։ Ծրագրի արդյունքում շուրջ 6,000 շահառու կստանա հասանելիություն դեպի տարատեսակ կարիքահեն սոցիալական ծառայություններ, 5,000 շահառու ներգրավվելու է ինքնազբաղվածության խթանման և զբաղվածության աջակցման ծրագրերում, որոնց թվում 300 շահառու կստանա բիզնես նախագծերի իրականացման փոքր (4000 ԱՄՆ դոլարին համարժեք) դրամաշնորհներ: Ծրագրի թիրախային մարզերի 200 սոցիալական աշխատողների համար կկազմակերպվեն վերապատրաստումներ:

«Որպես ասոցիացիա Համաշխարհային բանկի ծրագրով մեր բերած նորությունն այն է, որ ակտիվացնելու, ուժեղացնելու միջոցով օգնենք մարդկանց ունենալու վաստակելու իրենց հնարավորությունները, բիզնեսը: Ծրագրի ամբողջ էությունը հետևյալն է, այն թաթախված է սոցիալական աշխատանքի մեթոդաբանությամբ՝ խթանում, ակտիվացում, ծառայությունների հասանելիության ապահովում»,-ասաց Միրա Անտոնյանը: Նա, մեկ անգամ ևս կարևորելով սոցիալական աշխատողների դերը, ընդգծեց, որ սոցիալական աշխատողների միջազգային օրը լավագույն առիթն է բարձրաձայնելու սոցիալական աշխատուժի գնահատանքի անհրաժեշտության, քաջալերող վարձատրության, աշխատանքի արժանապատիվ պայմանների և խնդիրների մասին: Սոցիալական աշխատողների արժանապատիվ աշխատանքային պայմանները, համարժեք վարձատրությունը, հավասարակշռված ծանրաբեռնվածությունը, մասնագիտական խնամքը, գնահատանքը, արժևորումը առանցքային հարցեր են, որոնց լուծումը նշանակում է խոցելի խմբերի հանդեպ մարդակենտրոն վերաբերմունք, աղքատության կրճատում, նպաստներից և օգնության այլ ձևերից կախվածության նվազեցում, աղքատությունից, ու սոցիալական այլ հիմնախնդիրներից տուժած անձանց վերականգնում և ներառում։

Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամը (JSDF) ստեղծվել է Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ՝ որպես համապատասխան երկրներում առավել աղքատ և խոցելի խմբերին ուղղակի օգնություն տրամադրելու մեխանիզմ: Նպատակն է ընդլայնել նրանց կարողությունները, ուժեղացնել լիազորություններն ու մասնակցությունը հասարակության և տնտեսական կյանքում:

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ն (հիմնադրվել է 2004թ.) ավելի քան 1000 սոցիալական աշխատողներ միավորող մասնագիտական կառույց է: Ասոցիացիայի հիմնական նպատակներն են Հայաստանում սոցիալական աշխատանքի կրթության և պրակտիկայի զարգացումը,սոցիալական աշխատողների և նրանց շահառուների իրավունքների և շահերի պաշտպանությունը, ինչպես նաև ՀՀ-ում սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումներին նպաստելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am