Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանների պնդմամբ՝ Երկաթուղայինների այգու վարձակալների հետ կնքած պայմանագրերը ենթակա են լուծարման


Վանաձորի կենտրոնում գտնվող Երկաթուղայինների այգու բոլոր վարձակալները, որոնք չնչին գներով արդեն 15 տարի տնօրինում են այգին, անխտիր խախտել են քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերի կետերը, և այդ պայմանագրերը ենթակա են լուծարման։ Այսօր այդ պնդումներով հանրային քննարկում էին կազմակերպել «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության անդամները։

Կազմակերպության ղեկավար Գևորգ Քոթանջյանը քաղաքապետարանից տվյալներ է ստացել է 11 վարձակալների մասին, չնայած վստահ է, որ դրանք 15-ն են։ Ըստ նրա, քաղաքապետարանը թաքցնում է մյուս 4 վարձակալների անունները։ Նրանցից մեկի՝ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ընկերության տվյալներն ստացել են միայն իրենց երկրորդ հարցումից հետո։ Այժմ տվյալներ ունեն, որ մյուս 4-ը սերտ կապեր ունեն քաղաքապետարանի ներկայիս պաշտոնյաների հետ։

«Օրինակ՝ հենց էդ նույն տարածքը, որ շինարարություն էր արել իրա տվյալներն էլ չկա, բայց կա տեղեկություն, որ դրա տերը ազգանունը Բերնեցյան է ու համընկնում է փոխքաղաքապետի ազգանունի հետ, այսինքն՝ պետք է մենք մի հատ գտնենք, թե ով է, ինչ կապ ունի քաղաքապետարանի հետ, ըստ այդմ հասկանանք, թե ինչի չի էդ 5 վարձակալի տվյալների հետ», - ասաց Քոթանջյանը:

Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հայկազ Սիմիկյանի կարծիքով, թե՛ վարձակալության չնչին գները և թե՛ պայմանագրային պարտավորությունները չկատարելը գալիս են մրցույթների ու աճուրդների կազմակերպման ձևական բնույթից։ Ավագանու անդամը համոզված է՝ իրական մրցույթների դեպքում վարձակալության վճարաչափերը մի քանի անգամ բարձր կլինեին։ «Ամեն ինչ արել են, միայն թե՝ թղթով ճիշտ լինի», - ասաց Հայկազ Սիմիկյանը։

«Խնդիրն այն է, որ եթե համայնքը գիտի, որ էդ տարածքը ուշ թե շուտ պետք է վաճառենք, ինքը ինչի չի մինչև այդ անձը ի հայտ գալը նորմալ դրել աճուրդի ու ասել՝ «ժողովուրդ ջան, ստեղ լավ տարածք կա, եկեք, սենց շինություն ով ուզում է անի», որ անձնավորված չի լինում, բայց երբ որ ինչ-որ մեկը գալիս է, ասում է՝ «ախպեր ջան, գրպանդ փող կդնեմ» կամ «դու իմ ընկերն ես պիտի ինձ տաս», արդեն էդ կաշկանդվածության մեխանիզմը սկսում է աշխատել: Ինչո՞ւ չի համայնքը էն գլխից հանրայնացրել տվյալ տարածքի մասին, երբ որ անձ է հայտնվել, նոր դրել է մրցույթի», - նշեց Սիմիկյանը:

Ավագանու անդամ Կարինե Ղուկասյանը, որ նաև գործարար է, կարևոր համարեց՝ տարածքներ տնօրինողներին պարտադրել ներդրումներ կատարել։

«Ավելի լավ է, որ ներդրումային ծրագիր մենք ուզենք և առանց աճուրդի տանք ներդրումային ծրագիր իրականացնելու համար, իսկ այս դեպքում դուրս է գալիս՝ մենք տալիս ենք ինչ-որ մեկի, որը ինքը գործունեություն չի ծավալում և արենդայի իրավունք ունենալով կամ չունենալով, ինքը տալիս է մեկ անձի, որը ուղղակի այդ րոպեի դրությամբ շահույթ է հետապնդում ու իրան հետաքրքիր չի իրա հետագա իրավիճակը ինչպիսին կլինի», - ընդգծեց Ղուկասյանը:

2002-2006 թվականներին Վանաձորի Երկաթուղայինների այգու բոլոր տարածքները վարձակալությամբ տրամադրվել են բիզնես ծավալելու նպատակով։ Վարձակալները ստանձնել են տարածքի խնամքի, պահպանության և կառուցապատման պարտավորություն։ Պայմանագրերն ուժի մեջ կլինեն դեռ 5-10 տարի, բայց այսօր հանրային քննարկման կազմակերպիչները Վանաձոր համայնքի ավագանու անդամներին և մարզպետարանի ներկայացուցիչներին առաջարկեցին գործընթաց սկսել ժամկետից շուտ դրանք լուծարելու համար։

Այսօր Վանաձորի քաղաքապետարանի հրավիրված անդամները չէին ներկայացել։ Ավագանու անդամներն ու մարզպետարանի ներկայացուցիչներն իրենց հերթին առաջարկեցին նախ մեխանիզմներ կիրառել՝ վարձակալներին պարտադրելու կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները՝ տարածքները բարեկարգելուց մինչև վարձակալության գումարների վճարում։ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի տվյալներով, միայն նախկին հանրապետական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի ընկերությունը, որ ամենամեծ տարածքի վարձակալն է, մոտ 300 հազար դրամի պարտք ունի համայնքի բյուջեին և քաղաքապետարանը դիմել է Դատական ակտերի հարկադիր կատարման գրասենյակին այդ գումարը բռնագանձելու պահանջով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG