«Համոզված չեմ, որ Արցախում հալած յուղի պես են ընդունում այստեղից ինչ-որ մեկի «դաբրո» ունենալը՝ գոնե հիմա…». կարծիքներ՝ Մասիս Մայիլյանի առաջադրման ցանկության մասին

Այսօր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է Արցախի առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին: Իր հայտարարությունը նա ավարտել է հետևյալ խոսքերով. «Բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով կապահովենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ և ժողովրդավարական ապագան, մի խոսքով՝ կկերտենք մեր Նոր Արցախը»:

Մասիս Մայիլյանի՝ առաջադրվելու լուրը 168.am-ը մեկնաբանելու համար դիմել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանին և քաղագետ Վիգեն Հակոբյանին:

Գառնիկ Իսագուլյանը Մասիս Մայիլյանի՝ Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվելու ցանկությունը միանշանակ սպասելի է համարում:

«Ես Արցախում էի, զրուցել եմ իր հետ: Շատ նորմալ երևույթ է: Թե Վիտալի Բալասանյանի,  թե Արայիկ Հարությունյանի, թե Աշոտ Ղուլյանի, թե Մասիս Մայիլյանի առաջադրումներին, վստահ եմ, էլի կլինեն թեկնածուներ, շատ նորմալ եմ վերաբերվում: Շատ կարևոր է, որ առողջ մրցակցություն լինի Արցախում: Ինքը վաղուց էր ասել, քաղաքական ուժերի ու առանձին անհատների հետ խորհրդակցություններ էր անցկացնում, որ դրանց արդյունքում հանգել է այդ որոշմանը»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ հիշեցնելով, որ Մասիս Մայիլյանը տարիներ առաջ ևս առաջադրվել էր՝ որպես նախագահի թեկնածու, քաղաքական առումով ակտիվ է, և նորմալ է, որ հիմա էլ է առաջադրվում:

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Մասիս Մայիլյանը վայելել Հայաստանի իշխանությունների աջակցությունը, Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ չի կարծում, թե Հայաստանի իշխանությունների աջակցությունը Արցախի ժողովրդի ընտրության վրա որևէ ազդեցություն կարող է ունենալ, և, ընդհակառակը, կարող է ճիշտ հակառակը լինել:

«Եթե Արցախի ժողովուրդն իմանա, որ Հայաստանի իշխանությունները որևէ մեկին աջակցում են, դա կարող  է միանգամայն հակառակ ազդեցությունն ունենալ»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանի կարծիքով էլ՝ Մասիս Մայիլյանի առաջադրումը կանխատեսելի առաջադրում է, որովհետև վերջինս վաղուց է այդ մասին խոսում:

«Կարծում եմ, որ նա բավականին լավ հնարավորություններ ունի: Առհասարակ Արցախի ընտրություններում առաջադրումների առումով շատ մեծ անակնկալներ չեն լինելու: Մասիս Մայիլյանը մի քանի ամիս առաջ ակնարկեց, որ սկսում է պրոցեսը: Ըստ էության դա տեխնոլոգիայի խնդիր է: Նա սկսել էր արդեն իր նախընտրական PR-ը: Եթե քաղաքական գործիչը, և այն էլ՝ գործող արտգործնախարարը, հայտարարում է, որ ունի առաջադրվելու մտադրություններ, հասկանալի է, որ այդ որոշումը արդեն գրեթե կար»,- ասաց Վիգեն Հակոբյանը:

Խոսելով այն մասին, թե կարո՞ղ է արդյոք Մասիս Մայիլյանը լինել Հայաստանի իշխանությունների թեկնածուն, նա ասաց, որ, եթե մի թեկնածուն՝ Արայիկ Հարությունյանը, հայտնի է, և մի քանի օր առաջ նույնիսկ հաղորդագրություն եղավ, որ ՀՅԴ-ն իրեն առաջարկել է միասնական ճակատով հանդես գալ, բայց իրենք մերժել են՝ ասելով, որ միայնակ են մասնակցելու, ինքը կարծում է, որ Մասիս Մայիլյանի շանսը միասնական կամ համաձայնեցված թեկնածու լինելն է: Այդ պարագայում Արցախում բավականին հետաքրքիր ընտրություններ կարող են լինել:

«Ընտրությունն ամեն դեպքում ռեսուրսային պայքար է, պայքար է կառույցների, ֆինանսների, քաղաքական արտաքին կապերի, այդ թվում՝ նաև Հայաստանի իշխանությունների հետ: Իհարկե, երբեմն հասկանալի չէ, թե Հայաստանի հետ այդ կապը դրական նշանակություն կունենա՞, թե՞ ոչ, որովհետև միշտ չէ, որ դա դրականորեն կարող է անդրադառնալ թեկնածուի հնարավորությունների վրա: Ես, օրինակ, համոզված չեմ, որ այնտեղ հալած յուղի պես են ընդունում այստեղից ինչ-որ մեկի «դաբրո» ունենալը գոնե հիմա»,- նկատեց Վ. Հակոբյանը:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս