16:08:38 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱԱԾ-ն հայտանբերել է «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին

    10:21 26 Փետրվար 2020

    ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ իր գործառութային առաքելությամբ պայմանավորված, ս. թ. փետրվարի 26-ին տաք հետքերով բացահայտել է «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից:

    Երևան քաղաքի դպրոցներից մեկի 3 անչափահաս աշակերտներ, թեթևամտորեն վերաբերվելով իրենց արարքի հանրորեն վտանգավորությանը և հնարավոր հետևանքներին, գովազդային վահանակի վրա զետեղված վարկային կազմակերպության հեռախոսահամարով մոտակա տաքսաֆոնից զանգահարել են այդ կազմակերպության աշխատակցին և հայտնել, որ գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանում ու ցանկանում են որոշել՝ որտեղ տեղադրել իրենց մոտ առկա ռումբը:

    Վարկային կազմակերպության աշխատակիցը, արագ կողմնորոշվելով, ահազանգել է իրավապահ մարմիններին: Այնուհետև, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, անհապաղ ձեռնամուխ լինելով ահազանգի իսկության ստուգմանը և հնարավոր սպառնալիքների չեզոքացմանը, ձեռնարկել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ արդյունքում բացահայտելով անչափահասների գործունեության ողջ պատկերը:

    Ենթադրյալ հանցանք կատարած անձինք հայտնաբերվել և փոխանցվել են ՀՀ ոստիկանությանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

     

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

    ՀՀ ԱԱԾ-ն հետևողական է ազգային անվտանգության սպառնալիքների դրսևորման ցանկացած ձևի դեմ պայքարում և կոչ է անում ու միաժամանակ հորդորում հանրությանը ձեռնպահ մնալ այսօրինակ արկածախնդիր, հակաիրավական և հանրավտանգ հետևանքներ առաջացնող վարքագիծ դրսևորելուց:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ