«Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի մոտ գալու է նետած քարերը հավաքելու ժամանակը». Արմեն Աշոտյան

«Ի պատիվ վարչապետի՝ պետք է ասեմ, որ իր յուրահատուկ փաթեթավորմամբ նա ընդունեց, որ ՀՀԿ-ական պատգամավորների վրա եղել են ճնշումներ՝ այդ ճնշումները վերագրելով ժողովրդին, բայց չի կարելի ամեն ինչ վերագրել ժողովրդին»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ ժողովրդին ամեն ինչ վերագրելը մեղք է. «Այդպիսի քաղաքական գործելաոճը մեծ հեռանկարներ չունի»։

Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ մասնակցությանը, նա նշեց, որ կուսակցությունը վերջնական որոշում դեռ չունի. «Այս փուլում ընթանում են վերլուծական, հետազոտական աշխատանքներ, մոնիտորինգ, հանրային կարծիքի ուսումնասիրություններ։ ՀՀԿ-ն ասելիք և անելիք ունի Հայաստանի քաղաքական կյանքում, այն բացառիկ կուսակցություններից է, որ ունի գաղափարական հիմք։ Այլ հարց է, թե որքանով է մեզ հաջողվել վերջին տարիների ընթացքում այդ գաղափարական ակունքները զուլալ պահել։ Կարծում եմ՝ հենց Հայաստանի քաղաքական մշակույթն է պահանջում, որ ցանկացած նախորդ իշխանություն չանհետանա քաղաքական բեմից, որովհետև կրում է ինստիտուցիոնալ հիշողություն։ Հայաստանի քաղաքական շահերը պահանջում են, որպեսզի նախորդ իշխանությունները ոչ թե վերանան քաղաքական դաշտից, այլ ունակ լինեն տրանսֆորմացվելու, իրենց տեղը հաստատելու քաղաքական երկնակամարում և շարունակել աշխատել»։

Արմեն Աշոտյանն ընդգծեց՝ երկար տարիներ փորձ, գիտելիքներ կուտակած ՀՀԿ-ն պարտավոր է շարունակել աշխատել Հայաստանի քաղաքացիների համար։

«Այսօր վարչապետը մի հայտարարություն է արել, որ կա բարիկադներ կառուցելու և բարիկադները քանդելու ժամանակը. իհարկե, պետք չէր Հայաստանում բարիկադներ կառուցել, որպեսզի հետո քանդելու հիմնավորումներ բերել, բայց այսօրվա մարզպետներից մեկի նշանակումը ես հենց այդ տրամաբանության մեջ եմ դիտարկում, թեպետ նշանակված անձը հանրապետականը չէր»,- ասաց նա՝ ընդգծելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի մոտ գալու է նետած քարերը հավաքելու ժամանակը։

Արմեն Աշոտյանը շատ է ուզում, որ նոր կառավարությունն արտահերթ ընտրություններից հետո չդառնա իր հաջողությունների պատանդը. «Այդ դեպքում իրոք գալու է ոչ թե բարիկադներ քանդելու, այլ քարեր հավաքելու ժամանակը»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Սերժ Սարգսյանն ինչ է մտածում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հետ կապված։ Ի պատասխան՝ Աշոտյանն ասաց, որ Սերժ Սարգսյանն այս պահին լսում է բոլոր կարծիքները. «Այդ կարծիքները շատ են, հիմնավորումները տարբեր են, կուսակցության ղեկավարը լսում է այդ կարծիքները։ Մեզ մոտ որոշումների համար քննարկման լայն հարթակ կա։ Դժվարանում եմ ասել՝ ինչպիսին կլինի կուսակցության վերջնական որոշումը, բայց այդ որոշումը կլինի պատեհ ժամանակին»։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ ամեն ինչ իրավիճակի վրա գցելը չի կարող փրկել երկիրը տարբեր մարտահրավերներից. «Հին ԸՕ-ով գնալու կառավարության պատրաստակամությունն ինձ համար ախտանիշ է այն բանի, որ կառավարությունը չի պատրաստվում իր հիմնական քաղաքական խոստումներին տեր լինել, ինչը մտահոգիչ է։ Մտահոգիչ է ոչ թե այն բանի համար, որ ես հավատում եմ այդ խոստումներին, այլ այսօր բնակչության ճնշող մեծամասնություն կա, որը հավատում է այդ խոստումներին»։

Տեսանյութը՝ factor.am-ի 

 

 

Տեսանյութեր

Լրահոս