Բաժիններ՝

Գարնանացանի, «Վեոլիա ջրի» և ՀԷՑ-ի խնդիրները Շիրակի մարզում

Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ հերթական մարզխորհրդի նիստը: Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք հարցերի:

Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր առաջին եռամսյակում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարմանը:

Մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը նշեց, որ համայնքները սեփական եկամուտները 3 ամիսների ընթացքում կատարել են 87.2%-ով: Հողի հարկը հավաքվել է՝ 89.4, գույքահարկը` 88.8 տոկոսով: Գյումրի քաղաքը սեփական եկամուտները կատարել է 90.8%, Արթիկը` 97.6%:

Մարզի թվով 22 համայնքներ չեն ապահովել 2018 թվականի երեք ամիսներին արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը, այդ թվում՝ 5 համայնքներ չեն ապահովել սեփական եկամուտների կատարման նույնիսկ 50%-ի ցուցանիշը: Շիրակի մարզպետն այս հանգամանքը ոչ միայն անընդունելի համարեց, այլև նկատողություն արեց անպարտաճանաչ համայնքապետերին.

«Օրինակ, Գեղանիստի գյուղապետը արդյոք բավարար համարո՞ւմ է իր աշխատանքը, երբ սեփական եկամուտները համայնքում կատարվել են 22 տոկոսով, ինչո՞ւ պետք է պետությունը դոտացիան տրամադրի 100 տոկոսով, իսկ համայնքապետի ոչ նորմալ աշխատանքի արդյունքում ունենանք այսպիսի ցուցանիշ: Չի կարող հարևան համայնքը 100, նույնիսկ 147 տոկոս ցուցանիշ ապահովել, ինչպես, ասենք, Նոր Կյանքը և մյուսն այսպես աշխատի: Այս պարագայում արդարացումները, կարծում եմ, հիմնավորված համարել չի կարելի»:

Արթուր Խաչատրյանը համայնքների ղեկավարներին հորդորեց առավել տքնաջան աշխատել, քանի որ սեփական եկամուտներն ամբողջապես ուղղվում են համայնքների կարիքների բավարարմանը:

Եթե կառավարությունն օգնություն չտրամադրի՝ հաջորդ տարիներին ցորենի ցանքատարածություններն էլ ավելի կնվազեն

Մարզխորհրդի նիստի հաջորդ հարցը գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին էր վերաբերում:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը տեղեկացրեց, որ 2018թ. ցանվել է 18 հազար հա աշնանացան ցորեն, որը նախորդ տարվանից պակաս է շուրջ 3000 հա-ով:

Ըստ դիտարկումների, ցանքատարածությունները ձմեռացման ընթացքում վնասներ չեն կրել: Եղանակային պայմանները նպաստավոր են գարնանացան կատարելու համար, և մարզում ընթանում են գարնանացանի աշխատանքներ, կատարվել է շուրջ 8000 հա գարնանացան հացահատիկի և բազմամյա խոտերի ցանքեր:

Ըստ ոլորտի պատասխանատուի՝ վերջին տարիներին առաջընթաց է գրանցվել նոր մշակաբույսերի մշակության արմատավորման գործում՝ հնդկացորենի, կտավատի, ոլոռի, սիսեռի, ոսպի, չամանի, ինչպես նաև այլ բարձրարժեք մշակաբույսերի, որոնց տնտեսական արդյունավետությունը մոտ 2-3 անգամ գերազանցում է հացահատիկային մշակաբույսերին:

Անդրադառնալով ցորենի սերմնաբուծության ծրագրի դադարեցման առնչությամբ` համայնքների որոշ ղեկավարների բարձրացրած հարցին, Արթուր Խաչատրյանը նշեց, որ 120 մլն դրամի գումար պետությունը ստիպված եղավ զիջել, քանի որ պարտապանները բավական երկար ժամանակ չէին վճարում գումարները: Սրան գումարած, գիտենք, որ քրեական գործեր հարուցվեցին որոշ համայնքների ղեկավարների նկատմամբ:

«Այնպես որ, ցորենի սերմնաբուծության ծրագիրը դադարեցվեց, եղան չարաշահումներ: Ես միշտ ասել եմ և կրկին ասում եմ` ավանդական գյուղատնտեսությամբ շատ առաջ չենք կարող գնալ, ցավոք սրտի, մեզ պետք է գյուղատնտեսության դիվերսիֆիկացիա, այսինքն՝ բարձրարժեք մշակաբույսերի աճեցում»,- նշեց Շիրակի մարզպետը:

Ըստ բանախոսների՝ անհրաժեշտ է առաջնային կերպով ուշադրություն դարձնել Շիրակի մարզում գյուղատնտեսության զարգացման հնարավորություններին, հողատարածությունների ոռոգմանը:

Համայնքապետերից մեկն ուշադրություն հրավիրելով Շիրակում աշնանացան ցորենի ցանքատարածությունների կրճատմանը՝ նշեց, որ դրա պատճառը պետական աջակցության դադարեցումն է, և, որ ցանկալի է՝ պետական աջակցության այս ծրագիրը շարունակվի:

Բացի այդ, այս ոլորտի զարգացումը ոչ եկամտաբեր է, ցորենի գինը ցածր է, գյուղացին էլ շահագրգռված չի լինում ցորեն ցանելու հարցում:

«Եթե այսօր գարնանացան գարու արժեքը մինիմում 130 դրամ է, ապա աշնանացան ցորենինը՝ ավելի ցածր: Կառավարությանը պետք է ահազանգվի, որ օգնությունը շարունակի տրամադրել, այլապես հաջորդ տարիներին ցորենի ցանքատարածություններն էլ ավելի կնվազեն»,- ասաց հանդիպմանը ներկա համայնքապետերից մեկը:

Մ.Մանուկյանի խոսքով՝ ծրագրի շրջանակներում մեր համայնքները մեծ չափերի հասնող պարտքեր են ունեցել պետությանը, այդ պատճառով այն դադարեցվել է:

«Տարիներ շարունակ, երբ 2011 թվականից այս ծրագիրը սկսվեց, մինչև 2015 թվականը մոտ 120 միլիոն դրամի պարտք էինք կուտակել: Այնպես չէ, որ պետությունն ամեն անգամ պետք է օգնի, բայց այն, ինչ հասնում է մեզանից, դա չանենք, սխալ բան է: Եթե այս գումարը չլիներ, հանրապետության բոլոր մարզերի կողմից 100 տոկոս վճարում լիներ, վստահ եմ, այս ծրագիրը չէր կասեցվի: Փաստորեն, մենք ունեցել ենք պարտք, և ճիշտ է արվել, որ կասեցվել է, քանի որ ամեն անգամ չէ, որ պետք է տաս ու դրա հետագա արդյունքը չստանաս:

Պետությունը հիմա նաև այլ գործընթաց է շարունակում: Դիցուք, գարնանացան գարու սերմացուի արժեքը 180 դրամ է, դրա 50 կամ 60 դրամը պետությունը սուբսիդավորում է, գյուղացուն տալիս է 130 դրամով, սա, ինձ թվում է՝ ամենաճիշտ տարբերակն է: Եթե մենք պայմանագիր ենք կնքում համայնքի ղեկավարների, շահառուների հետ, այն հաստատվում է եռակողմ՝ համայնքի ղեկավար-շահառու-մարզպետարան ու դրանից հետո շահառուն պետության նկատմամբ իր պարտավորությունը չի կատարում, այստեղ խորհելու խնդիր է առաջանում, և այնպես չէ, որ այս ծրագիրը պետք է մեխանիկորեն շարունակվեր: Այդ ծրագրի շրջանակներում մենք մոտ 5000-6000 հեկտար ցորենի ցանք էինք իրականացնում»,- ասաց Մ. Մանուկյանը:

Նշենք, որ ըստ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի տեղեկատվության, Շիրակի մարզի դատախազությունում շարունակվում են տեղական սերմարտադրողներից և ՌԴ-ից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրությունները:

Դրանց արդյունքում հայտնաբերվել են հնարավոր չարաշահումների հերթական դեպքեր:

Այսպես, 2018 թվականի մարտի 17-ին նյութեր նախապատրաստելու համար ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժին են ուղարկվել մարզի Մեղրաշատ և Իսահակյան համայնքների իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների վերաբերյալ նյութերը: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ նշված համայնքների ղեկավարները, նպատակ ունենալով աշնանացան ցորենի բաշխման գործընթացում հափշտակել համայնքի բնակիչներին հասանելիք սերմացուն, 2012-2016 թվականների ընթացքում Մեղրաշատ համայնքի թվով 23 և Իսահակյան համայնքի թվով 7 բնակիչների տվյալները ձևականորեն ներառել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակներում, սակայն նրանց անվամբ դուրս գրված սերմացուն վերջիններին հատկացնելու փոխարեն, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել են:

Բացի այդ, Իսահակյան համայնքի ղեկավարը շահառու 4 այլ բնակիչների տվյալներով ելքագրված սերմացու ցորենի միայն մի մասն է հանձնել վերջիններին, իսկ նրանց անվամբ ելքագրված մնացած, մեծ մասն անձամբ ստացել և տնօրինել է` հափշտակելով նաև դրա մի մասը: Այնուհետև, հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով՝ համայնքների ղեկավարներն անձամբ կազմել և իրենց ստորագրությամբ ու համայնքապետարանի կնիքով հաստատել են աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի ստացումը հավաստող բովանդակությամբ կեղծ բաշխացուցակներ, որոնցում ներառել են նաև այն բնակիչների տվյալները, ովքեր կամ առհասարակ սերմացու ցորեն չեն ստացել, կամ ստացել են նշվածից շատ ավելի քիչ քանակությամբ և դրանք հանձնել Շիրակի մարզպետարանին: Վերոգրյալից բացի, համայնքների ղեկավարներն առանձին-առանձին նույն ժամանակահատվածում ստացված սերմացու ցորենի դիմաց Մեղրաշատ համայնքի թվով 5 և Իսահակյան համայնքի թվով 28 բնակիչների կողմից համայնքապետարանների աշխատակիցներին վճարած գումարները և բնամթերքը՝ ցորենը, չեն մուտքագրել համայնքների բյուջե, գումարները չի փոխանցել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ հաշվեհամարին, այլ, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը` յուրացման եղանակով հափշտակել են և իրենց կողմից սերմացու ցորենի հափշտակության հանգամանքը թաքցնելու նպատակով աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու տրամադրելու բովանդակությամբ կեղծ բաշխացուցակները տրամադրել են Շիրակի մարզպետարանին, որոնցում համայնքների բնակիչների կողմից կատարված վճարումները ներառված չեն եղել: Արդյունքում՝ ստացած սերմացուի դիմաց Մեղրաշատ համայնքի բնակիչների անվամբ կուտակված ընդհանուր 6.432.000 ՀՀ դրամ և Իսահակյան համայնքի բնակիչների անվամբ կուտակված ընդհանուր 10.918.000 ՀՀ դրամ գումարների պարտքը հետագայում, կառավարության համապատասխան որոշմամբ, զիջվել են պետության կողմից:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից փաստերից յուրաքանչյուրի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել են 2 քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Մարզխորհրդի նիստի ընթացքում Շիրակի մարզպետը ներկաներին տեղեկացրեց, որ Շիրակի մարզի ածիկի գործարանի բաժնետերերը պատրաստ են որոշակի ծավալի բարձր որակի գարի գնել:

Մ.Մանուկյանն էլ նշեց, որ ՌԴ-ից ներկրվող բարձր որակի գարի՝ 30 տոննա, մեր շահառուներն արդեն ստացել են:

Շիրակի մարզպետարանի Գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը խոսեց անջրդի տարածքների ոռոգման անհրաժեշտության մասին:

Շիրակի մարզպետը նշեց, որ պետությունը վարկային ծրագրերով խթանում է գյուղատնտեսության տարբեր ծրագրերի զարգացումը՝ ավանդական գյուղատնտեսությունից ավելի բարձրարժեք գյուղատնտեսության անցում կատարելու նպատակով:

Ա.Խաչատրյանը հայտարարեց, որ վաղը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Շիրակի մարզում է լինելու, հանդիպումներ են կազմակերպվելու «Գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի», համայնքապետերի, նաև անասնաբուծությամբ զբաղվող խոշոր ֆերմերների հետ:

Շիրակի մարզխորհրդի նիստին ներկա համայնքապետերին հուզում էր նաև գյուղատնտեսական նոր տեխնիկա ունենալու անհրաժեշտությունը, քանի որ որոշ կոմբայններ արդեն շարքից դուրս են եկել:

Միևնույն ժամանակ, 1 կոմբայնի գինը 60.000 դոլար է, ուստի այն համայնքի միջոցներով ձեռք բերելը դժվար է:

Համայնքապետերից մեկը, դիմելով Ա.Խաչատյանին, ասաց. «Մեր տնտեսությունն ինչ է՞, որ 60.000 դոլար տանք՝ կոմբայն գնենք, բերելու դեպքում էլ դա իրեն չի արդարացնում»:

Շիրակի մարզպետն էլ ի պատասխան՝ նշեց. «Գեղարքունիքում արդեն 20 միավոր կոմբայն են ձեռք բերել, Շիրակում մոտ 2 միավոր կա, ո՞նց չի արդարացնում, հատկապես դրանք համայնքներին տրամադրվում են լիզինգային, ոչ թե վարկային ծրագրերով»:

Շիրակի մարզպետը դժգոհեց այն փաստից, որ մարզի որոշ համայնքներ սեփական եկամուտները թերի են կատարել՝ 50 %-ից մի քիչ ավելի:

 Բայանդուր համայնքը դժգոհ է «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքից

 Մարզխորհրդի նիստի ընթացքում Բայանդուր համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանը դժգոհեց «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքից՝ ասելով. «Ահագին բողոքներ կան: Մարդիկ տներն առել են, տուն ունեն առած, ջրագիծը քաշած է, հիմա եկել, ասում են՝ ջրաչափ չկա, և տուգանում են: Դիմում եմ գրել, որ գան, ջրաչափ դնեն, օրինականացնեն, ո´չ գուկան, ո´չ կդնեն, ո´չ կօրինականացնեն: Հետո էլ ջրաչափի համար փոս պետք է փորվի: 30.000-35.000 դրամ են ամեն մետրի համար ուզում: Մարդ կա՝ 100 մետրից ավելի ջրագիծ պետք է քաշի: 3 մլն դրամից ավելի գումար է անհրաժեշտ նման աշխատանքներ կատարելու համար: Որտեղի՞ց տանք»:

Նշենք, որ Շիրակի մարզպետը ևս դժգոհ է վերը նշված ընկերության աշխատանքից, որն իր անբարեխիղճ աշխատանքի համար տուգանվել է 5 մլն դրամով:

Բնակիչ-բաժանորդներից ոմանք էլ, իրենց հերթին՝ դժգոհում են, որ այս ընկերության տեսուչները շատ դեպքերում տնայցեր կատարելու և ջրաչափական սարքերի ցուցմունքները նկարելու փոխարեն՝ լրացուցիչ խորանարդներ են գրում բնակիչների վրա, մտացածին թվեր ներկայացնելով իրենց ղեկավարությանը:

Որոշ դեպքերում, տեսուչների անբարեխիղճ աշխատանքի պատճառով պարտքեր են կուտակվում բնակիչ-բաժանորդների վրա:

Անդրադարձ ՀԷՑի աշխատանքին

Մարզխորհրդի նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՀԷՑ-ի աշխատանքին:

Շիրակի մարզի համայնքներից մեկի դաշտի վրայով էլեկտրական լարեր են անցնում, որոնք շատ ցածր են, կախ են ընկած և խոչընդոտ են հանդիսանում կոմբայններով ցորենի հավաքմանը, դրանք կարող են դառնալ և´ մարդկանց էլեկտրահարման, և´ հրդեհի պատճառ, ինչի հետևանքով ամբողջ ցանքատարածությունը կարող է այրվել, ուստի անհրաժեշտ է խնդիրը հրատապ կերպով կարգավորել:

Շիրակի մարզպետը խոստացավ դիմել ՀԷՑ-ին, որպեսզի խնդիրը կարգավորվի:

Անդրադարձ հանրակրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրներին

 Մարզխորհրդի նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, կարիքների գնահատման և հանրակրթություն վերադարձնելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

Զեկուցելով՝ ընտանիքի, Շիրակի մարզպետարանի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը նշեց, որ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 28 երեխա, և ամեն ինչ արվում է, որպեսզի նրանք հանրակրթությունից դուրս չմնան:

Նշենք, որ գյումրեցիներին հետաքրքիր է նաև, թե Շիրակի մարզում որքա՞ն երեխա կարիքից դրդված չի հաճախում նախակրթարան, և ինչո՞ւ համապատասխան կառույցները խնդրով չեն զբաղվում:

Այս ցուցանիշներին մարզխորհրդի նիստի ընթացքում անդրադարձ չկատարվեց:
Շիրակի մարզպետարանի ծրագրերի և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Վահան Մարտիրոսյանը մարզխորհրդի նիստի ավարտին ներկայացրեց համայնքներին սուբվենցիաների հատկացման հայտերի ներկայացման կարգի վերաբերյալ տեղեկատվություն.

«Սուբվենցիաների տրամադրման նպատակով դիտարկվում են այն ծրագրային հայտերը, որոնց իրականացումը կնպաստի համայնքին՝ սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցների ստեղծմանը կամ դրանց արժեքի բարձրացմանը: Մինչև 500 մլն դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքներում համաֆինանսավորման չափը համայնքի կողմից պետք է գերազանցի 5 միլիոն դրամը: 500 միլիոնից մինչև 1 մլրդ դրամի բյուջե ունենալու դեպքում համաֆինանսավորման չափը 25 մլն դրամ և ավելի է կազմելու: Մեքենասարքավորումներ ձեռք բերելու դեպքում այդ թիվը 10 միլիոն դրամ է լինելու»:

Անահիտ Սիմոնյան
Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս