211652_close_icon
views-count3248 դիտում article-date 18:57 01-02-2021

ՌԴ մուտքի համար գործարկված «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագրում ներառվել են նոր լաբորատորիաներ

Հայաստանի քաղաքացիների՝ ՌԴ մուտքի համար գործարկված «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագրում ներառվել են կորոնավիրուսի թեստավորման նոր լաբորատորիաներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 17:00-ի դրությամբ արդեն ծրագրում ընդգրկվել են վճարովի ծառայություն մատուցող 6 լաբորատորիա` «Ցիտո» բժշկական կենտրոնի, «Նորմեդ» բժշկական կենտրոնի, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբորատորիաներն ու «ԲԻՈՄԵԴ», «ՊՐՈՄ-ՏԵՍՏ», «ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշման լաբորատորիաները։ Աշխատանքներ են իրականացվում լաբորատորիաների ցանկն արագ ընդլայնելու ուղղությամբ: Հարթակում ընդգրկվելու համար ևս 3 լաբորատորիա անցել է գնահատման փուլը` «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև անձանց պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգ սահմանելու և «ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին» 2020թ. դեկտեմբերի 28-ի կառավարության որոշմամբ սահմանված կարգի համաձայն: Հավելվածին միացող նոր լաբորատորիաների ցանկը կթարմացվի, և տեղեկատվությունը հասանելի կլինի «Ճամփորդում եմ առանց Covid-19-ի» ծրագրի հավելվածից և առողջապահության նախարարության կայքից: «Ինչ վերաբերում է առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում առաջացած խնդրին, ապա տեղեկացնում ենք, որ մի խումբ քաղաքացիներ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստ են հանձնել այնպիսի լաբորատորիաներում, որոնք այդ պահի դրությամբ ընդգրկված չեն եղել հավելվածում, ուստի թեստի պատասխանները վավեր չեն համարվել: Մինչդեռ, դեռևս հունվարի 27-ին առողջապահության նախարարությունը տարածել էր տեղեկատվություն, որտեղ նշված են վճարովի ծառայություն մատուցող լաբորատորիաների անունները և ծրագրից օգտվելու կարգը: Հաշվի առնելով, որ ծրագիրը նոր է, կրկին հիշեցնում ենք մեր համաքաղաքացիներին. ըստ այս կարգի` Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց առաջ անհրաժեշտ է ներբեռնել «Ճամփորդում եմ առանց Covid-19-ի» էլեկտրոնային հավելվածը: Քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող (ծրագրում ընդգրկված) լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ: Լաբորատորիան քաղաքացուն տրամադրում է համակարգից գեներացված համաձայնագիր` երկչափ պաշտպանված գծիկային կոդով (QR կոդ): Քաղաքացին ստորագրում է համաձայնագիրը, ներբեռնում բջջային հավելվածը, սկանավորում QR կոդը, որն առկա է համաձայնագրում և հանձնում Covid-19-ի թեստ։ Թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, որն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ: Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն առկա է, և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին` թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։ Սահմանը հատելիս ներկայացվում է բջջային հավելվածի QR կոդը։ Փետրվարի 1-ից պաշտոնապես գործարկվել է «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագիրը, որով հնարավորություն է տրվում Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնող քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր թեստի արդյունքը:

Նմանատիպ նյութեր