«Ցավոք, չունենք պետության զարգացման ծրագիր, այդ թվում՝ Իրանի հետ». Վարդան Ոսկանյան

«Հայ-իրանական հարաբերությունների բարեկամական բնույթը չի փոխվել, այլ խնդիր է, որ Հայաստանը չունի որևէ ծրագիր Իրանի հետ աշխատելու ուղղությամբ։ Լինում են բազմաթիվ հայտարարություններ, տարբեր մակարդակներով փոխայցեր, բազմաթիվ ծրագրերի մասին խոսակցություններ, որոնք խոսակցությունների մակարդակից այն կողմ չեն գնում»,- նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե տարածաշրջանային և Իրանի շուրջ ընթացող գործընթացների համատեքստում՝ ինչպե՞ս են զարգանում հայ-իրանական հարաբերությունները։

Նրա խոսքով՝ նախորդ ժամանակահատվածում, ոչ գոհացուցիչ կերպով, բայց իրականացվել են որոշակի կարևոր ծրագրեր, օրինակ՝ Հայաստան-Իրան գազամուղը՝ իր բոլոր «թերություններով» հանդերձ։ Բացի այդ, ստեղծվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին, սակայն այն չի աշխատում, և որևէ մեկը չի խոսում, թե Հայաստանն այդ գոտու հետ կապված ինչպիսի ծրագրեր ունի։

«Այսօր պատժամիջոցների պայմաններում, չնայած տարբեր ռիսկերին, մեր պետության համար բացվել են նոր հնարավորություններ, և կա հսկայական ներուժ, որը մենք կարող ենք օգտագործել։ Եթե պատժամիջոցների պարագայում Իրանը կարիք չի ունեցել բանկային աջակցության, ապա այսօր այդ աջակցության կարիքն ունի»,- ասաց իրանագետը։

Լրագրողի հարցին՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ինչպե՞ս կգնահատի Իրանի հետ հարաբերությունները, իրանագետը նկատեց՝ հարցը պետք է ուղղել Հայաստանում որոշումներ կայացնողներին, թե ինչպե՞ս են նրանք պատկերացնում Իրանի հետ հարաբերությունները և ի՞նչ գործողություններ են ծրագրում իրականացնել՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի ակնհայտ ճնշումները։

«Կարծում եմ՝ հիմնական խնդիրն ընդհանուր առմամբ մեր պետության ապագայի ծրագրի բացակայությունն է։ Հաճախ ասում ենք՝ հայերը խելացի և ուշիմ ժողովուրդ են, այդպես է, բայց խելացի ժողովուրդը պետք է ունենա իր պետության զարգացման ծրագիրը։ Ցավոք, պետության զարգացման ծրագիր մենք չունենք շատ ոլորտներում, այդ թվում՝ Իրանի հետ»,- ընդգծեց իրանագետը։

Նա հավելեց, որ չգիտի, թե այսօր Հայաստանում որ կառույցներն են զբաղվում Ադրբեջանին հակազդելու քարոզչությամբ, քանի որ Հայաստանն այսօր գտնվում է պարբերաբար կրկնվող քարոզչության թիրախում։

«Այդ քարոզչությունները միշտ էլ եղել են, դրանք ստացել են հակազդեցություն, սակայն այժմ, ցավոք, նման բան չի իրականացվում»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս