Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի կարող վնաս հասցնել որևէ երկրի ու Թուրքիայի միջև երկկողմ հարաբերություններին. Կարեն Նազարյան

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի կարող վնաս հասցնել որևէ երկրի 
ու Թուրքիայի միջև երկկողմ հարաբերություններին. Կարեն Նազարյան

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության օրվա ոգեկոչման առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից, դեսպան Նազարյանը իր ելույթում, մասնավորապես, նշել է. 

«Հոգևոր հայրեր, առաքինազարդ քույրեր Սիրելի հայրենակիցներ և բարեկամներ, Թերևս նախախնամություն կա, որ որպես Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան մեր հանդիպման առաջին առիթներից է ոգեկոչման այս օրը, ինչը պարտավորեցնող է՝ անել ավելին ու ջանքեր չխնայել պատմական արդարության ու հայ ժողովրդի իրավունքների վերականգնմանն ուղղությամբ։

Ինձ համար, ու առհասարակ, կարծում եմ յուրաքանչյուրիս համար մեծ է պատասխանատվությունը երբ խոսում ես Հայոց ցեղասպանության մասին։ Մեծ է այդ պատասխանատվությունը, քանի որ 1915 արհավիրքը սկզբում կոտորեց հայ ժողովրդի մի հատվածին, իսկ հետո մնալով չճանաչված ու անպատիժ, սարսափազդու հաճախականությամբ կրկնվեց աշխարհի տարբեր մասերում իր ճիրանների մեջ առնելով տասնյակ միլիոնավոր անմեղ մարդկանց։

Որևէ երկրում ուր գլուխ է բարձրացրել ցեղասպանության ոճիրն այն պետք է ընկալել որպես բոլորիս, միջազգային հանրության ձախողման հետևանք, ու հետևաբար, դրա կանխարգելումն ու դատապարտումը պետք է համարվի որպես յուրաքանչյուրիս ու յուրաքանչյուր պետության պատասխանատվություն:

Դրա համար էլ այսօր, առավել քան երբևէ, Հայաստանը հանձնառու է ազգային, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում այդ ոճրագործության հանդեպ անողոք պայքար մղելու նպատակով համախմբել խաղաղասեր մարդկության ներուժը։ 

Իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ միջազգային կառույցներում կանխարգելման օրակարգը շարունակում է առանձնահատուկ տեղ զբաղեցնել, նաև ի շնորհիվ Հայաստանի նախաձեռնողական դիվանագիտական աշխատանքի, որն արժանանում է բավականին մեծ թվով ՄԱԿ-ի անդամ երկրների աջակցությանը։

Պարբերաբար ՀՀ կառավարությունը Երևանում հյուրընկալում է Ցեղասպանության կանխարգելման գլոբալ ֆորումը, որն արդեն վերածվել է մարդածին այդ ծանրագույն չարիքի կանխարգելման հիմնախնդիրները վերհանելու ու դրանց լուծման ուղիները մշակելու հեղինակավոր մասնագիտական հարթակի՝ մեկտեղելով այս բնագավառի միջազգային լավագույն փորձագետներին, ցեղասպանության վերապրածներին, խորհրդարանական, կառավարական ու հասարակական շրջանակներին։ Այս ուղղությամբ Հայաստանը կշարունակի իր ջանքերը ՝ դրանց հաղորդելով նոր թափ ու նոր բովանդակություն։ 

Սիրելի բարեկամներ, ապրիլի 24-ը մեր հպարտության օրն է։ Այո, հպարտ ենք, Հայաստանում, Արցախում ու սփյուռքում ապրող, այստեղ հավաքված յուրաքանչյուր հայի հաջողված պատմությունով։ Հպարտ ենք որ մազապուրզ լինելով 1915 արհավիրքից մարդկությանը պարգևել ենք Կոմիտաս, Վազգեն կաթողիկոս, կարդինալ Աղաջանյան, Արամ Խաչատրյան, Գալուստ Գյուլբենկյան Վիկտոր Համբարձումյան, Վիլիամ Սարոյան, Ալեք Մանուկյան, Շառլ Ազնավուր, Հրանտ Դինք, գիտության, արվեստի ու բիզնեսի մյուս հսկաններ ովքեր փոխեցին աշխարհը, վերփոխեցին նաև մեր երկիրը։ 

Հպարտ ենք որ ներկայացնում ենք հարուստ քաղաքակրթություն, առաջին քրիտոնյա երկիր, իսկ այսօր նաև՝ զարգացող ու իրական ժողովրդավարություն, որն ունակ է թե իրեն պաշտպանելու, և թե յուրաքանչյուր հայի՝ հայրենիքիում կամ դրա սահմաններից դուրս։ 

Հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում անցել է անասելի զրկանքների միջով ու դիմակայել անհամար փորձությունների, տեսել է ցեղասպանություն, հուժկու բնական աղետներ, բռնատիրություն, էթնիկ զտումներ ու պատերազմ, սակայն երբեք չի հեռացել իր դավանած արժեքներից, մարդասիրությունից, խաղաղասիրությունից, իր սրտում ու մտքում շարունակել է պահել բոլոր այն մեծ հումանիստներին, հոգևոր հայրերին, քաղաքական ու հասարակական գործիչներին ովքեր վտանգել են իրենց՝ հանուն արդարության, ու արժանապատվության, հանուն մարդկային կյանքի փրկության։ 

Կարևոր է արձանագրել որ Հայոց ցեղասպանության տարելիցը մենք ոգեկոչում ենք ոչ թե սուգով, այլ աշխարհին ուղղված երախտագիտության գգացումով։ Մեզ համար այս օրն առիթ է մեր երախտագիտությունը հայտնելու այն խաղաղասեր ժողովուրդներին պետություններին ու նրանց ներկայացուցիչներին, ովքեր ունակ են համարձակորեն և ուղիղ նայել համաշխարհային պատմության ամոթալի էջերին՝ մի կողմ դնելով այսպես կոչված աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական նկատառումները՝ առաջ մղելով բարոյական արժեքների վրա խարսխված միջպետական, միջեկեղեցական, միջհամայնքային ու նաև միանձնային հարաբերություններ կառուցելու հրամայականը, ինչպես որ այն հարիր է քաղաքակիրթ աշխարհին ու մարդկությանը։

Առիթն օգտագործելով, կրկին անհրաժեշտ է հիշատակել թե ինչ որոշիչ դեր խաղաց Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի առթիվ Ն․Ս․ Ֆրանցիսկոս Պապի սկզբունքային ու միանաշանակ ուղերձը՝ միավորելով մեզ հայերիս, գոտեպնդելով մեր բարեկամներին, որի արդյունքում էլ իրար հաջորդեցին տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության վերջին շրջանի պաշտոնական ճանաչումների որոշումները։ 

Այսօր էլ միջազգային հանրությունը շարունակում է Թուրքիային պատգամել՝ որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է և անհերքելի իրողություն, և որ սեփական պատմության կեղծիքն ու ժխտողականությունն այլևս դատապարտված են ու անընդունելի։ Անհնար է կոծկել սեփական ռազմական դատարանների արձանագրությունները, օտարերկրյա դիվանագետների վկայությունները, միջազգային կառույցների զեկույցներն ու որոշումները։

Ոգեկոչման այսօրինակ միջոցառումներն առիթներ են առավել մեծ թափով իրականացնել հանրայնացման ու իրազեկման աշխատանքը։ Պատմիր քո օտար բարեկամին, դրացիին, դասընկերոջդ, ուսուցչիդ, գործընկերոջդ թե ինչու ես պայքարում թուրք-ադրբեջանական ժխտողականության դեմ, քանի որ ժխտելով անցյալը, վտանգվում է ներկան ու ապագան, կամ ինչպես էլի Վիզելն է ասել․ «ցեղասպանության ժխտումը դրա շարունակությունն է»։ Եվ որքան պաշտոնական Անկարան ուշացնի ճանաչումն այնքան դժվար է լինելու միջազգային հանրությանն այսօրվա Թուրքիային տարանջատել կամ տարբերակել ցեղասպանություն իրագործած Օսմանյան կայսրությունից։ 

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի կարող վնաս հասցնել որևէ երկրի ու Թուրքիայի միջև երկկողմ հարաբերություններին։ Ընդհակառակը, ճանաչման գործընթացը ստեղծում է նախադրյալներ երկխոսության ու տևական հաշտեցման համար։ Պատմական ճշմարտության ճանաչումը և արձանագրումը կօգնի բացել Եվրոպայի վերջին փակ սահմանը Թուրքիայի և Հայաստանի միջև՝ կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու զարգացմանը։ 

Եզրափակելով կցանկանայի վերհաստատել մեր կոչն ուղղված բոլոր առաջադեմ կառավարություններին ու խորհրդարաններին, եկեղեցիներին ու միջազգային կառույցներին, ակադեմիական շրջանակներին ու ԶԼՄ-ներին ամեն գնով թույլը չտալու որ այլևս երբեք խախտվի խաղաղության, համակեցության ու առաջադիմության մեր համընդհանուր խոստումը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am