Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երեք դասասենյակներ կկրեն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների անունները  

Երեք դասասենյակներ կկրեն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների 
անունները

 

ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս զոհված Նարեկ Ղռոյանի, Սամվել Խաչատրյանի եւ  Գարիկ Գափոյանի անունները կրող դասասենյակների բացման արարողությունը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի անդամներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Կարմիրգյուղի համայնքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր, համայնքի բնակիչներ, մանկավարժներ, հերոսացած տղաների ծնողներ ու հարազատներ:

Մինչ միջոցառման մեկնարկը ներկաները ծաղիկներ խոնարհեցին դպրոցի բակում կանգնեցված Արցախյան առաջին պատերազմում անհայտ կորած Սերգո Ավետիսյանի հուշաքարին:

Անվանակոչության համար ընտրվել էին այն դասասենյակները, որտեղ 44-օրյա պատերազմում զոհված զինվորներն իրենց ուսումնառությունն էին անցկացրել վերջին տարիների ընթացքում:

Դասասենյակները հիմնանորոգվել եւ կահավորվել էին Կարմիրգյուղի համայնքապետարանի, համայնքի բնակիչների եւ Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի ներդրումների եւ աջակցության շնորհիվ:

Անվանակոչված յուրաքանչյուր դասասենյակում ստեղծվել է հուշանկյուն, որը կահավորված է հավերժի ճամփան բռնած հերոսների անձնական իրերով եւ լուսանկարներով: Յուրաքանչյուր դասասենյակում դասղեկները հանդես եկան տղաներին բնութագրող պատմություններով:

«Հերոս զինծառայողների անունները կրող այս դասասենյակները հայրենասիրության վառ օրինակ կլինեն գալիք սերունդների համար: Այստեղ կրթվող յուրաքանչյուր աշակերտ պետք է լավ սերտի հայրենանվիրումի դասը, իսկ քաջորդիների սխրանքը պետք է հարատեւ դաս լինի նրանց համար: Գարիկ Գափոյանի, Նարեկ Ղռոյանի եւ Սամվել Խաչատրյանի անցած փառավոր ուղին հավերժ կմնա դպրոցի եւ համայնքի պատմության լուսավոր էջերում»,- նշեցին մանկավարժները:

Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ունեցած ավանդի համար Գարիկ Գափոյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» համար մեդալի: Արարողության ընթացքում այն Գարիկի հորը հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Այնուհետև դպրոցի դահլիճում մեկնարկեց «Կապույտ անմահության մեջ լողացող հոգիներ» խորագիրը կրող խոնարհումի ցերեկույթը, որտեղ գրական-երաժշտական կատարումներով հանդես եկան դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ:

Դպրոցականներն ու մասնակիցները նրանց լուսանկարների առջեւ ծաղիկներ խոնարհեցին, մոմեր վառեցին եւ խունկ ծխեցին։

Արցախյան 44-օրյա պատերազմում Կարմիրգյուղից Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհասեղանին դրած մարտիկներ Գարիկ Գափոյանին, Նարեկ Ղռոյանին եւ Սամվել Խաչատրյանին Կարմիրգյուղի համայնքապետարանի կողմից հետմահու շնորհվեցին պատվոգրեր:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]