×


«Պապիկս ԱՄՆ-ում է». Ջիվան Գասպարյանների կարանտինային առօրյան եւ արխիվային լուսանկարն Ուիլ Սմիթի հետ

Ջիվան Գասպարյան կրտսերն արխիվային լուսանկար է հրապարակել սոցցանցային իր էջում, որում պապ եւ թոռ դերասան Ուիլ Սմիթի հետ են: Երաժշտից հետաքրքրվել ենք ոչ միայն լուսանկարի նախապատմությամբ, այլեւ թե ինչպիսին է իրենց առօրյան կարանտինում, եւ որտեղ է մեկուսացել ավագ Ջիվան Գասպարյանը:

Պարզվում է՝ մինչեւ աշխարհում պանդեմիա հայտարարվելն ավագ եւ կրտսեր Ջիվան Գասպարյանները Միացյալ Նահանգներ էին մեկնել՝ ելույթ ունենալու. «Քանի որ ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը, մենք մեկնեցինք Վաշինգտոն եւ մեծ համերգ ունեցանք»,- պատմել է Ջիվան Գասպարյան կրտսերը եւ հավելել.«Ես շուտ հետ եկա, իսկ պապիկս մնաց Ամերիկայում: Եվ քանի որ հիմա արտակարգ դրություն է սահմանված, կկարողանա վերադառնալ, երբ կբացվեն ճանապարհները»:

Ավագ եւ կրտսեր Ջիվան Գասպարյանները


Խոսելով արխիվային լուսանկարի մասին՝ Ջիվանն ասել է, որ Ուիլ Սմիթին հանդիպել են 2008 թվականին.«Նելսոն Մանդելայի 90-ամյակի օրն ենք լուսանկարվել՝ Լոնդոնում: Ես եւ պապիկս նվագում էինք այդ առիթով կազմակերպված համերգին: Մենք նաեւ Մանդելայի ֆոնդի դեսպաններից ենք, որում ընդգրված են համաշխարհային ճանաչում ունեցող շատ արտիստներ»:

Ջիվան Գասպարյան կրտսերն ամռանը Ցյուրիխում իրականացվելիք մի ծրագրի պետք է մասնակցեր, որն անորոշ ժամանակով հետաձգվել է.«Անցած տարի ձայնագրեցինք «Նույն երկնքի տակ» ալբոմը՝ 15 օր ապրելով Ցյուրիխում: 800 արտիստներից ընտրեցին 27-ին: Ես էլ ընդգրկվեցի այդ 27-ի մեջ, եւ հիմա սկսվել է երկրորդ փուլը: Ամեն ամիս առցանց ձայնագրություններ ենք անում դուետներով: Ամսվա կտրվածքով հաղթող է ճանաչվում ձայնագրություններից մեկը, որը գումարային մրցանակի է արժանանում: Ամռանը կայանալիք հանդիպումը, կարծում եմ, կհետաձգվի նույնիսկ մինչեւ դեկտեմբեր»:

Ավագ եւ կրտսեր Ջիվան Գասպարյանները


Դուդուկահարն այս օրերին չի ձանձարանում.«Տանը ստուդիա ունեմ, ձայնագրում եմ նոր ալբոմ, առցանց համերգներով եմ հանդես գալիս: Մայիսի 9-ին Կարեն Քոչարյանի «Կամուրջներ» նախագծում եմ մասնակցություն ունենալու: «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի «Միասին մենք կարող ենք» աճուրդին նույնպես մասնակցություն ունենք, որի ամբողջ հասույթը նվիրաբերվելու է կորոնավիրուսի դեմ պայքարին: Ես եւ պապիկս մեր կողմից վաճառքի կդնենք մեր կոլեկցիոն դուդուկը, որից 100 հատ է արտադրվել»,-եզրափակել է նա:

Տեքստը` Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ջիվան Գասպարյան կրտսերի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին