News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունից Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա կառավարությունից ակնկալում է ոչ թե «սեւերի ու սպիտակների», «լավերի ու վատերի» բաժանում, այլ վերկուսակցական մոտեցում։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 12-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։

Անդրադառնալով «օլիգարխներին ասֆալտին պառկեցնելու»՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգին՝ նա կարծիք հայտնեց, որ վարչապետը պետք է պետական խնդիրներն առաջ քաշի ոչ կուսակցական հարթակներից. «Ես հույս ունեի, որ վարչապետը, երբ ելույթ է ունենում որպես վարչապետ, դա պետք է աներ ոչ թե կուսակցական հարթակներից, ընտրությունների համատեքստում, այլ պետական միջոցներով՝ վարչապետարանից, եւ գործը լիներ ոչ թե միտինգի խոսք, հռետորաբանություն, հրապարակին հաճելի խոսք, որը նույնպես ես գնահատում եմ, պետք է լինի կանխող գործողություն, այնպիսի համակարգի ստեղծում, որը ենթադրում է զօրուգիշեր վերկուսակցական մոտեցում, ոչ թե «սեւերի ու սպիտակների», «լավերի ու վատերի», այլ համահայկական մոտեցումներ է ենթադրում։ Հասկանալի է ոգին, հրապարակման վայրը, որպես վարչապետ՝ ես նման եզրաբանություն չէի գործածի, եւ կուսակցական ամբիոն չէի գործածի պետական խնդիր առաջադրելու համար»։ 

Քաղաքապետի թեկնածուն կարծում է, որ Փաշինյանի մասնակցությունը ընտրարշավին կարող է բացասական ազդել ընտրությունների վրա. «Այո՛, ես կարծում եմ, որ առարկայական, օբյեկտիվ կանխատեսումն ասում է, որ կարող է բացասաբար ազդել, ավելի վատ, եթե նպատակը բացասաբար ազդի Հայաստանի վրա, օբյեկտիվ ընթացքների բերմամբ այնպիսի վիճակի բերի, որ դեֆոլտով ունենանք գերկուսակցականացված վիճակ, որը բումերանգի նման խփելու է մեր պետությանը, այս ուժին։ Այսօր չկա որեւէ ուժ, որը կարող է ասել՝ բացառապես ես եմ»։

Նա շեշտեց. «Չպետք է թույլ տանք անցյալի հոռի բարքերի կրկնությունը եւ շարժվենք առաջ»։

Քաղաքապետի թեկնածուն ընդունեց, որ Հայաստանում հեռախոսային արդարադատություն է եղել, սակայն հույս հայտնեց, որ ներկա իշխանությունները չեն հետեւի դրան։

Երկրում քաղաքական հետապնդումների հայտարարությունների առնչությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ գործընթացներն իրավական շրջանակում են, սակայն կա որոշ «անհետեւողականություն, ցուցադրականություն, որն ընդունել է ԱԱԾ տնօրենը եւ հայտարարել, որ կվերադառնա բնականոն վիճակի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ