Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է երգիչ, երգահան Հայկոն


Կյանքի 49-րդ տարում, այսօր կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է երգիչ, երգահան Հայկոն (Հայկ Հակոբյան)։ Տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատեց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Դեռ սեպտեմբերի 22-ին նրա կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ծանր օրեր են իրենց ընտանիքի համար․ - «Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է»։

Հայկոն մասնակցել է բազմաթիվ փառատոնների, արժանացել մրցանակների։ 1997-ին Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնի հաղթողն է։ Տարբեր տարիների Հայաստանում արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող», «Տարվա լավագույն երգիչ», «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակներին։

2006-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։

2007-ին ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։

Վարչապետը ցավակցել է երգչի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկոյի մահվան կապակցությամբ՝ մասնավորապես նշելով, որ նա հայ ժամանակակից երգարվեստի վառ ներկայացուցիչներից էր և իր գործունեությամբ վաստակել է ժողովրդական սեր ու հարգանք:

Ընդգծելով, որ երգչի հեղինակած ռոմանսները հայ երգարվեստի հարուստ ժառանգության մեջ զբաղեցնում են իրենց ուրույն տեղը՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ Հայկոյի երաժշտությունը հնչել է նաև հայկական ժամանակակից մի շարք ֆիլմերում, որոնք մեծապես նպաստել են հայ կինոյի զարգացմանը:

«Մեր երաժշտական աշխարհը կորցրեց մի վառ անհատականություն»․ նախագահ

Հայկոյի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նաև նախագահ Արմեն Սարգսյանը։

«Մեր երաժշտական աշխարհը կորցրեց մի վառ անհատականություն, որն աչքի էր ընկնում ինքնատիպությամբ ու յուրահատուկ ճաշակով, ինչի վկայությունը հանրության կողմից սիրված նրա ստեղծագործություններն են», - նշել է նախագահը՝ շարունակելով․ - «Հայկ Հակոբյանի երգն ու երաժշտությունը մեղեդու և հնչյունի այն երկխոսությունն էր, որ միշտ մնալու է նրա արվեստի երկրպագուների սրտերում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG