Փաշինյանը՝ ֆրանսահայերի հետ հանդիպմանը. ԼՂ հարցում ձևավորվում է բոլորովին նոր ասելիք

Փաշինյանը՝ ֆրանսահայերի հետ հանդիպմանը. ԼՂ հարցում ձևավորվում է բոլորովին նոր ասելիք

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցում ձևավորվում է բոլորովին նոր ասելիք և բովանդակություն, որն ուղիղ կապ ունի Լեռնային Ղարաբաղի հարցի իրական ասելիքի և բովանդակության հետ: Այդ մասին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ընդունելության ժամանակ, որին մասնակցել են Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչները: Վարչապետը հավելել է, որ ՀՀ ու Արցախի պատկերացումները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են 100%-ով:

Հանդիպմանը ներկա են եղել` Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ պատգամավորներ, հասարակական, մշակութային գործիչներ, գործարարներ:

Վարչապետը մասնավորապես ասել է. «Իմ համար վարչապետի կարգավիճակում ամենամեծ զարմանքն այն է, որ միջազգային հանրությունն, այնուամենայնիվ, կորցրել է Լեռնային Ղարաբաղի հարցի բովանդակության մասին պատկերացումը և դա համատարած ներկայացվում է որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Կարող եմ ասել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք աշխատում էինք ԼՂ հարցի իրական բովանադակությունը, այն, որ մենք մեր ներսում կրում ենք, դնել որպես արձանագրում միջազգային հանրության սեղանին: Մինչև բոլորովին վերջերս տպավորություն էր, որ այդ խոսակցության մեջ միայնակ ենք, բայց հիմա կարող եմ արձանագրել, որ մեր ասելիքը ընկալվում, հասկացվում է միջազգային հանրության կողմից, և ես սա համարում եմ հաջողություն:

Այսօր կարող եմ արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, ի վերջո, ավելի խորությամբ են ընկալում և ընդունում մեր դիրքորոշումները. նրանց համար կարծես մեր դիրքորոշումներն ավելի հասկանալի են, և այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ու Արցախի պատկերացումները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են հարյուր տոկոսով: Այսպիսի իրավիճակ չի եղել երբեք, մենք չենք ունեցել մի իրավիճակ, երբ Հայաստանի ու Արցախի պատկերացումները մինչև վերջին նյուանսը նույնական լինի, կամ առնվազն այնքան նույնական չեն եղել, որքան այսօր: Սա նշանակում է, որ մենք մոտենում ենք հաջորդ կարևոր արդյունքին, որ հայ ժողովրդի շրջանում հայկական իրականության մեջ չկա բանավեճ ղարաբաղյան հարցի վերաբերյալ և մենք շուտով կհասնենք այն վիճակին, որ հայության դիրքորոշումները Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում նույնական են»:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին, նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած քննարկումներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ղարաբաղյան հակամարտությանը:

Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Նոր քաղաքականության իմաստը, որ ՀՀ կառավարությունը վարում է Հայաստան-Սփյուռք հարաբերություների տիրույթում, համահայկականության հաստատումը որպես առաջնահերթություն արձանագրելն է:..Ինձ առանձնապես ուրախացնում է այն փաստով, որ օրինակ Ֆրանսիայի նախագահը Հայաստանը և Սփյուռքը դիտարկում է որպես մեկ ամբողջություն: Եվ մեր շփումներում իմ բարեկամը` էմանուելը, անընդհատ ուզում է ընդգծել, թե ինչքան կարևոր, ազդեցիկ է Ֆրանսիայի հայ համանքը և ինչպիսի մեծ դերակատարում ունի Ֆրանսիայի հանրային կյանքում, բոլոր ոլորտներում: Եվ ինձ համար մեծ պատիվ է, երբ նա անուններով, ազգանուններով հիշում է մի շարք մարդկանց, ովքեր այսօրվա երեկոյին ներկա են...Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մեր և Ֆրանսիայի համար այդպիսի ուժեղ թիկունք եք ստեղծել: Մենք պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը պետք է լուծենք, որովհետև դրանք շատ կարևոր են բոլորիս համար:

Իրականում համահայակականության գաղափարը շատ կարևոր է մեզ համար, որի հիմնական գաղափարը հետևյալն է. չկա սահման Հայաստանի և Սփյուռքի միջև, մենք մի ամբողջություն ենք և երբ հանդես ենք գալիս այդպես` բոլոր հարցերն այլ պատկեր են ստանում և բոլոր հարցերը դառնում են լուծելի: Մեր կառավարության նպատակն այսպիսի իրավիճակ ստեղծելն է. Հայաստանի Հանրապետությունն ամբողջ հայության ներկայացուցիչն է»:

Վարչապետն անդրադարձել է նաև որոշակի հոռետեսական գնահատումներին, որոնք, օրինակ, հնչել են հայ-ռուսական հարաբերություններում: «Կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանի և ՌԴ-ի իշխանությունների միջև կա լիարժեք փոխըմբռնում մեր հարաբերությունների, բովանդակության, ռազմավարության ներկայի և ապագայի վերաբերյալ: Եվ հույս ունեմ որ ՌԴ ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները հիմա արդեն ակնհայտ են դարձնում այդ իրողությունը:

Եվրոպական միության հետ հարաբերություններում մենք մեծ խնդիրներ չենք ունեցել և այսօր էլ չունենք: Հայ-վրացական հարաբերությունները, թույլ տվեք պնդել, երբեք ավելի բարձր մակարդակի չեն եղել: Իրանի հետ ունենք լիարժեք փոխըմբռնում, ԱՄՆ-ի հետ մենք մեկնարկել ենք ռազմավարական երկխոսություն և կան բոլոր նշաններն արձանագրելու, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նույնպես շատ մոտ ենք մի կարևոր ճեղքման»,-ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով ներհայաստանյան իրականությանը` վարչապետը նշել է, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատությունը, քաղաքացիների ազատությունը, ժողովրդի իշխանությունը Հայաստանում այլընտրանք չունեն: «Միջազգային շատ հարթակներում, այսօր էլ գործընկերներիս ելույթները լսելիս արձանագրում էի, որ նրանք խոսում էին իրենց երկրներում կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու անհրաժեշտության մասին: Ես այդ ելույթները լսելով, ինքս իմ ներսում խոսում էի, որ մեզ այդ ճանապարհը չի կարող հետաքրքիր լինել, որովհետև մենք պետք է խոսենք ոչ թե կոռուպցիան նվազեցնելու, այլ այն արմատախիլ անելու մասին:Եվ մենք հստակ գնում ենք այդ ճանապարհով ու որևէ նախկին, ներկա կամ ապագա պաշտոնյա չի կարող հույս ունենալ որ կարող է դուրս մնալ այս տրամաբանությունից:

Ես չեմ կարող երաշխավորել, որ մեր կառավարությունը, անձամբ ես կլինենք անսխալական, բայց կարող եմ երաշխավորել, որ մեր ժողովուրդը կունենա հնարավորություն` ուղղել մեր սխալներն այն ժամանակ, երբ կհամարի, որ մենք սպառել ենք մեր սխալներն ուղղելու հնարավորությունները: Որովհետև մենք այսօր հանդես ենք գալիս որպես ՀՀ կառավարություն, որպես ՀՀ իշխանություն, բայց ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ՀՀ հպարտ քաղաքացուն և մենք մեզ ընկալում ենք որպես քաղաքացուն, երկրին ծառայություն մատուցող: Ուզում եմ հավաստիացնել, որ այդ ծառայությունը կմատուցենք մեր կարողությունների առավելագույն ուժերով: Մնացածն արդեն քաղաքացիների գնահատման խնդիրն է:

Եվ ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ն մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում, կեցցե՛ սփյուռքը, որոնց երեխաները ապրելու են և այսօր էլ ապրում են Հայաստանում: Համոզված եմ, որ բոլորդ ապրում եք Հայաստանով, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,-ասել է Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը պատասխանել է ընդունելության մասնակիցների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում կրթության ոլորտի զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական զարգացումներին և այլ թեմաների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---