×


Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան ընդունել է իր առաջին սաներին

Հունվարի 15-ին Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան հայտարարել էր ընդունելություն` լրագրության, սպորտային լրագրության եւ հաղորդավարական արվեստ բաժինների համար: Այսօր Հանրային հեռուստաընկերությունում տեղի է ունեցել ակադեմիայի պաշտոնական բացումը՝ արդեն իսկ ընտրված սաների մասնակցությամբ:

Մեդիա ակադեմիայում ուսումնառությունը ենթադրում է 5-ամսյա դասընթաց, որի ընթացքում ուսանողները փորձաշրջան կանցնեն Հանրայինում, կստանան նկարահանման տաղավարում եւ ուղիղ եթերում տեղի ունեցող աշխատանքներին մասնակցելու հնարավորություն, իսկ նրանցից լավագույնները հետագայում կհամալրեն Առաջին ալիքի թիմը:


Ավելի քան 3000 դիմորդներից ընտրվել են 102-ը՝ 34-ը հաղորդավարական արվեստի, 33-ը սպորտային լրագրության եւ 35-ը լրագրության բաժիններում ուսանելու: Ակադեմիայի սաների թվում են ինչպես ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ, այնպես էլ արդեն այլ մասնագիտություններում հմտացած անձինք:

18-ամյա Միլենա Առաքելյանը, որ սովորում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ժակուլտետի առաջին կուրսում, դիմել է Մեդիա ակադեմիա՝ գործնական հմտություններ ստանալու նպատակով: Նրա, ինչպես նաեւ հրավիրված մյուս մասնակիցների համար անակնկալ էր այն, որ իրենք արդեն ակադեմիայի սաներ են: Այս ուրախ լուրը նրանք իմացան պաշտոնական բացման ընթացքում:

«Դիմել եմ մարզական լրագրության բաժին, որովհետեւ սպորտն ինձ շատ հոգեհարազատ է: Կարծում եմ՝ սա շատ մեծ հնարավորություն է մեզ համար ավելի հմտանալու մեր մասնագիտությունում: Աշխատելով ոլորտի լավագույն մասնագետների հետ՝ կկարողանանք մեծ փորձ ձեռք բերել, սովորել աշխատել հեռուստաեթերում: Հույս ունեմ, որ հետագայում նաեւ աշխատանքի հնարավորություն կստանամ»,- Bravo.am-ի հետ զրույցում պատմել է Միլենան:

Ավետ Պեպանյանը


Կային նաեւ մասնակիցներ, որ եկել էին իրենց համար բոլորովին նոր փորձառության հետեւից: Զբոսաշրջության ոլորտի մասնագետ Ավետ Պեպանյանի համար հեռուստատեսությունն ինչ-որ առումով մանկության երազանք է:

«Հեռուստատեսության աշխատանքին ներսից ծանոթանալը հետաքրքրում էր դեռ մանկուց: Այսօր այն գրավիչ է նաեւ ոլորտի մասնագետների հետ աշխատելու, նոր հմտություններ ստանալու, ինչպես նաեւ նոր շրջապատ ձեռք բերելու տեսանկյունից: Ընտրել եմ հաղորդավարության բաժինը: Կուզեի մասնակից դառնալ գիտահանրամատչելի հաղորդումների պատրաստման գործընթացին, քանի որ սիրում եմ այդ բնագավառն ու հաճախ եմ դիտում այդ ուղղվածության հաղորդումներ արտասահմանյան ալիքների եթերում»,- մանրամասնել է Ավետը:

Միջոցառման ընթացքում ակադեմիայի ուսանողներին ողջունեցին ժյուրիի անդամները, որոնց շարքում էին Ավետ Բարսեղյանը, Հրաչուհի Ութմազյանը, Պետրոս Ղազարյանը, Կարեն Գիլոյանը եւ այլք: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Հանրային հեռուստաընկերության ստեղծման ակունքներում կանգնած հեռուստահաղորդավարուհի Նարա Շլեպչյանը:

Նարա Շլեպչյանը


«Այս բնագավառը չափազանց ծանր է, չափազանց գայթակղիչ, որ ե՛ւ տալիս է, ե՛ւ վերցնում մեզնից: Դուք պետք է աչալուրջ լինեք, հավասարակշռված, պետք է աշխատեք ձեզ վրա, լինեք անկողմնակալ, բայց ոչ անտարբեր: Պետք է սիրեք հայրենիքը, ժողովրդին, քանզի մենք բոլորս կոչված ենք ծառայելու մեր ժողովրդին»,- նշել է նա՝ հաջողություն մաղթելով մասնակիցներին:

Մեդիա ակադեմիայի ղեկավար Լենա Մինասյանի խոսքով՝ մասնակիցների առաջին ընտրությունը կատարվել է հայտադիմումների հիման վրա, որից հետո ընտրված անձինք հրավիրվել են հարցազրույցի:

Լենա Մինասյանը


«Ընտրության առաջին փուլում առաջնորդվել ենք մոտիվացիոն նամակներով, իսկ երկրորդում՝ թե՛ ընդհանուր գիտելիքներով, թե՛ այն կադրերի կարիքներով, որն ունի Հանրային հեռուստաընկերությունը: Դասերը մեկնարկելու են մարտի 1-ից եւ ընթանալու են հեռուստաընկերության տարածքում: Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կստանան մասնագիտական դիպլոմներ, իսկ լավագույններն արդեն ավարտական ամիսների ընթացքում կանցնեն աշխատանքի Առաջին ալիքում»,- մանրամասնել է նա:

Տեքստը՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին