Երևանի տրանսպորտային նոր ցանցի համար 2-4 տարի կպահանջվի և 900 ավտոբուս

Երևանի տրանսպորտային նոր ցանցի համար 2-4 տարի կպահանջվի և 900 ավտոբուս

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում մեկ անգամ ևս անդրադառնալով տրանսպորտի բարեփոխման խնդրին, հաստատել է, որ նոր տրանսպորտային ցանցի համար 2-4 տարի կպահանջվի և 900 ավտոբուս:

Նա նշել է, որ WYG բրիտանական խորհրդատվական ընկերությունը, որին դեռ 2016թ. պատվիրվել է $850 000-ով մշակել Երևանի տրանսպորտային ցանցը, իր աշխատանքի համար որպես ելակետ վերցրել է հնացած տվյալներ՝ քաղաքի ուղևորահոսքերի վերաբերյալ: Կարապետյանը հավելել է, որ դրանց ճշգրտությունից է կախված, թե որքան, ինչ տիպի տարողունակության ավտոբուսներ է պետք գնել, ինչպես կահավորել կանգառները և ընդհանրապես, թե ինչքան կարժենա ամբողջ բարեփոխումը:

Նշվում է, որ նախնական ուսումնասիրությունների արդյունքում ներկայացվել է երթուղային ցանցի, վճարման համակարգի միայն մեկ տարբերակ՝ եվրոպական քաղաքներից պատճենած: Երևանի պայմանների համապատասխան տեղայնացման կամ առաջարկվող տարբերակների բազմազանության, այլընտրանքի վերաբերյալ խոսք չկա: Ընդ որում, միասնական տրանսպորտային համակարգի նախնական առաջարկի մեջ մետրոյի գործոնը հաշվի չի առնվել: Այսինքն, մարդկանց առաջարկել են Երևանի համար նոր, միասնական տրանսպորտային ցանց մշակել, բայց մետրոպոլիտենը հաշվի չեն առել:

Ասվում է նաև, WYG ընկերությունը համաձայն է, ավելին՝ շահագրգռված է նոր կետային ուսումնասիրություն կատարել՝ ուղևորահոսքերի վերաբերյալ տվյալները շտկելու նպատակով: Այս ուսումնասիրությունների արդյունքը հայտնի կլինի ամենաուշը մինչև 2019թ. փետրվարի սկիզբ:

«Եթե նոր ուսումնասիրության արդյունքում նախորդի համեմատ մինչև 20 տոկոս շեղում լինի, ապա հնարավոր կլինի շարունակել աշխատանքները ընկերության մշակած ցանցի նախագծի վրա, եթե շեղումը լինի 20 տոկոսից ավելի, ապա, ըստ WYG ընկերության իսկ ներկայացուցիչների պնդման, անհրաժեշտ է նոր ցանց մշակել, այլապես սխալ տվյալների հիման վրա արված մոտ $200 մլն արժողությամբ բարեփոխումը կլինի համապատասխանաբար սխալ և անարդյունավետ:

WYG-ը համաձայնել է կատարել կետային նոր ուսումնասիրությունը առանց լրացուցիչ վճարի: Այն փաստը, որ ընկերույթունն այս նոր ուսումնասիրության համար լրացուցիչ գումար չի ակնկալում, լավագույնս ապացուցում է, որ ընկերությունն ինքը համոզված է, որ հին տվյալների վրա հիմնված աշխատանքը կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել նախ և առաջ իր համար: Թե ինչու տրանսպորտային հանձնաժողովի անդամները և խնդրով զբաղվող նախկին պաշտոնյաները երկու տարի շարունակ սրա վրա ուշադրություն չեն դարձրել, կարելի է միայն ենթադրություններ անել:

Այս պահի դրությամբ և նախկինում երբևէ WYG-ը ավարտուն երթուղային ցանց չի՛ ներկայացրել: Ըստ նախապես սահմանված գրաֆիկի, խորհրդատվական ընկերության հետ աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2019 թվական: Այսինքն, քաղաքապետ Հայկ Մարությանն ու նրա թիմը որևէ ժամկետ չեն խախտել ու ռեֆորմները չեն հետաձգել: Եթե նույնիսկ այսօր ավարտուն ցանցը թղթի վրա պատրաստ լիներ, դա դեռ չէր նշանակի, որ անմիջապես նոր տրանսպորտ ենք ունենալու: Թղթի վրա երթուղային ցանցն ունենալու արդյունքում դեռ պետք է հասկանալ, թե ինչ տիպի, տարողունակության և գնի շարժակազմ է պետք քաղաքին (ավտոբուսներ, տրոլեյբուսներ ևն): Դրանից հետո պետք է կազմակերպվի գնման գործընթաց՝ ընտրվեն այն ընկերություն/ները, որոնք մատակարարելու են ավտոբուսները: Քաղաքին նախնական հաշվարկներով պետք է 900-ից ավել ավտոբուս»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է նաև, որ փուլային ներդնում հնարավոր չէ իրականացնել, ռեֆորմը պետք է անել միանգամից և ամբողջապես: «Դժվար թե երկրագնդի վրա այդպիսի գործարան գտնվի, ձեզ մի քանի ամսում 900 ավտոբուս կարտադրի և կմատակարարի: Դրան գումարած՝ քաղաքի կանգառների, ճանապարհային այլ ենթակառուցվածքների կահավորումը: Հետևաբար, ցանցը պատրաստ լինելու դեպքում դեռ բավական երկար ժամանակ է անհրաժեշտ՝ այն ներդնելու, պարզ ասած՝ նոր տրանսպորտ ունենալու համար»,-ասվում է գրառման մեջ:

«Սա, ի դեպ, վերաբերում է նաև այն հարցադրմանը, թե ինչու է քաղաքապետը վարչապետ Փաշինյանի հետ հայտնի հեռախոսազրույցում նշել 2-4 տարի ժամկետը: Պատասխան՝ որովհետև դա է միակ իրատեսական և ազնիվ հաշվարկների հիման վրա արված եզրակացությունը»,-գրել է Հակոբ Կարապետյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---