Friday, 19 04 2024
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև

Քոչարյանն այն միամիտը չէ, որ թույլ տա իրեն դարձնեն «քավության նոխազ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

-Պարոն Հովհաննիսյան, Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո նրա կողմնակիցները որոշակի ակտիվություն են արձանագրում։ Ըստ Ձեզ, որքանո՞վ է հնարավոր Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքական գործոն դառնալու հավանականությունը, կարող է արդյո՞ք նա դառնալ հակահեղափոխականների միավորման առանցքը։

-Ռոբերտ Քոչարյանի կալանավորման բուն նպատակը հենց դա է՝ նրան, ինչպես դուք ասացիք, հակահեղափոխականների միավորման առանցք կամ հակահեղափոխության խորհրդանիշ ներկայացնելը, և դրանով իսկ «մերժված» Սերժ Սարգսյանին այդ դերում ընկալվելու անհարմարությունից ազատելը: Այո, տարօրինակ է՝ Հայաստանի Հանրապետության հպարտ և արժանապատիվ քաղաքացիները մերժեցին Սերժին, բայց դրանից հետո ոչ թե Սերժը, այլ Ռոբերտը հայտնվեց ճաղերի հետևում: Այդ նույն ժամանակ Սերժին հնարավորություն տրվեց գնալ և վայելել Իտալիայում հանգստանալու հաճույքները՝ կարծես հենց Սերժ Սարգսյանը չէր Մարտի մեկի արյունահեղության, ըստ էության, միակ շահառուն: Ես ասում եմ միակ, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե երկրորդ անգամ զբաղեցներ հանրապետության նախագահի աթոռը, Քոչարյանի անվտանգությունն ու անձեռնմխելիությունը կապահովվեին նույնքան հուսալիորեն, որքան Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ: Ինչո՞ւ չպետք է ապահովվեին, եթե Ռոբերտ Քոչարյանը, 1998 թվականին ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը, չարձագանքեց 1996 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու և հետո տանկերով ժողովրդին ահաբեկելու համար Լևոն Տեր-Պետրոսյանին պատասխանատվության ենթարկելու հասարակության պահանջներին: Հիշողություններն այնքան թարմ էին՝ անցել էր ոչ թե տաս, այլ ընդամենը մեկուկես տարի, և երևանցիների գիտակցության մեջ դաջված էր մնում Ազատության հրապարակի դիմաց՝ Թումանյան-Մաշտոց խաչմերուկում կանգնած ահազդու տանկը՝ Ստեփան Շահումյանի անվան դպրոցի ուղղությամբ ցցված փողաբերանով: Շրջանառության մեջ էր և ձեռքից ձեռք էր անցնում «Արշալույսգեյթի» խայտառակ տեսաձայնագրությունը, որտեղ Վանո Սիրադեղյանն այն ժամանակվա քաղաքական վերնախավի ներկայությամբ անպատվում էր Քլինթոնի մորը ու դատողություններ անում, թե քանի հարյուր ցուցարար արժեր սպանել Լևոն Տեր-Պետրոսյանի աթոռը անսասան պահելու համար: Համաձայնվեք, որ այս տեսաձայնագրությունը ոչնչով չի զիջում 2008 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ «Վիկիլիքս»-ի բացահայտումներին:

Իսկ ինչո՞ւ այնուամենայնիվ Քոչարյանը վերցրեց իր վրա Սերժ Սարգսյանին պաշտպանելու ռիսկը, եթե ինքը կարող էր վարվել այնպես, ինչպես այս տարվա ապրիլին վարվեց Սերժը՝ դիմեր Լևոն Տեր-Պետրոսյանին, հայտարարեր, որ նա ճիշտ է ասում, Սերժին գցեր Ժիլետ Կարենի օրը ու Լևոնի երդմնակալությունից հետո հանգիստ խղճով գնար Աֆրիկայում որս անելու: Ինչո՞ւ այդպես չվարվեց: Այն պարզ պատճառով, որ 1998 թվականից հետո ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղիների վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը չէր փոխվել, ինչի մասին Տեր-Պետրոսյանը հայտարարել էր մեծ քաղաքականություն վերադառնալու առիթով 2007 թվականի սեպտեմբերի 21-ին «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված ընդունելության ժամանակ՝ տասամյա ընդմիջումից հետո իր առաջին հրապարակային ելույթում: Սա էր այն վիհը, որը բաժանել էր երբեմնի զինակիցներին՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի առաջին նախագահներին: Սակայն ինչպես պարզվեց հետո, Ռոբերտ Քոչարյանը ճակատագրական սխալ էր գործել, քանզի Սերժ Սարգսյանը շուտով դիմեց բացահայտ ռենեգատության՝ ամբողջությամբ հրաժարվեց 1998 թվականին Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Բաբայանի հետ համատեղ որդեգրված մոտեցումներից ու բացահայտորեն սկսեց իր կոնկրետ քայլերով կրկնել Լևոն Տեր-Պետրոսյանի «պարտվողական» դիրքորոշումը, ինչը, բնականաբար, արժանացավ Տեր-Պետրոսյանի անթաքույց հավանությանը:

Անձամբ ես կասկած չունեի, որ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի մերձեցման արդյունքում Ռոբերտ Քոչարյանը, վաղ թե ուշ, հայտնվելու է բանտում: Ես չեմ զարմանա, եթե վաղը Հատուկ քննչական ծառայության պետը՝ հարգելի Սասուն Խաչատրյանը, հանդես գա բացահայտումներով, որ 2008 թվականի ընտրություններին Ռոբերտ Քոչարյանը սպառնալիքների միջոցով ստիպել է Սերժ Սարգսյանին չընդունել սեփական պարտությունն ու Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը՝ բռնի ուժով և հակառակ իր կամքի նստեցրել է Սերժին երկրի նահագահի աթոռին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը դատարանում հաստատի Սասուն Խաչատրյանի այդ մեղադրանքները…

Հիմա վերադառնամ ձեր այն հարցին, թե արդյո՞ք կհամաձայնվի Ռոբերտ Քոչարյանը ստանձնել հակահեղափոխության առաջնորդի դերը: Այդ հարցին պատասխանելու համար պետք է սկզբից պատասխանել մեկ այլ հարցի. Իսկ ովքե՞ր են հեղափոխության կողմնակիցները՝ նրա՞նք են, ովքեր ի սրտե պահանջում էին և պահանջում են մերժել Սերժին, թե՞ նրանք, ովքեր այդ կարգախոսով հասան իշխանության ու այսօր արդեն ձգտում են փրկել Սերժին՝ ազատելով նրան հակահեղափոխության առաջնորդի կարգավիճակից և այդ տիտղոսին «արժանացնելով« Ռոբերտ Քոչարյանին: Իսկ եթե վաղը Քոչարյանը կանգնի ու Սերժ Սարգսյանին արտասահմաններում ֆռֆռալու հնարավորություն ընձեռած «հեղափոխականների» ու ողջ ժողովրդի աչքի արջև այնպես մերժի Սերժին, որ իրենց այսօր հեղափոխական հորջորջողները սարսափից սկսեն էշին քեռի ասել, այդ ժամանակ ո՞ւմ են համարելու հեղափոխության, իսկ ո՞ւմ հակահեղափոխության առաջնորդ: Հարցեր են, որոնց մասին պետք է նախօրոք լուրջ մտածել…

-Արցախի քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ։ Արդյո՞ք Արցախի քաղաքական ուժերի այս հայտարարությունը ենթադրում է, որ Քոչարյանը կարող է աջակցություն ստանալ Արցախից։

-Արդեն ստացել է՝ դուք ինքներդ նշեցիք: Եվ դա շատ մտահոգիչ է: Ես դեռ 2007 թվականին՝ «Ինչո՞ւ է Հայաստանին անհրաժեշտ երկպալատանի խորհրդարան» իմ ծավալուն հոդվածում կանխատեսել եմ Ուկրաինայի տրոհումը՝ դեպի Արևմուտք կողմնորոշված արևմտյան մասի, և դեպի Ռուսաստան կողմնորոշված արևելյան մասի, և նույնանման իրավիճակի առաջացման վտանգը մեզ համար՝ Հայաստանի և Արցախի արտաքին կողմնորոշումների առումով: Ուկրաինայի մասով իմ կանխատեսումն իրականացավ, և ես հիմա մտավախություն ունեմ, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի մասով նույնպես կարող է իրականանալ: Հայաստանն ու Արցախը այսօր հայտնվել են մերձսևծովյան-մերձկասպիական տարածաշրջանում ծավալվող լուրջ աշխարհաքաղաքական դիմակայության կիզակետում: Մենք պետք է հաշվի առնենք, որ նույն Ուկրաինան և Վրաստանը հենց նման իրավիճակում հայտնվելով չեն կարողացել խուսափել տարածքային կորուստներից: Չի կարելի հակասական մոտեցումներ ցուցաբերել արցախյան հիմնահարցի վերաբերյալ: Մեկ ասում ենք, որ Արցախը պետք է ինքնուրույն մասնակցի բանակցային գործընթացին: Մեկ էլ պահանջում ենք, որ Արցախում ընդունեն, որ իրենք ընդամենը Հայաստանի մարզերից մեկն են: Այս մոտեցումների հակասականությունը հուսահատեցնող է, քանզի ցույց է տալիս արցախյան հիմնահարցում համազգային հավանության արժանացած ռազմավարության բացակայությունը: Այս գաղափարական անորոշության պայմաններում արտաքին հարաբերությունների գծով վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը հանդես է գալիս Հանրային հեռուստատեսության առաջին ծրագրով և հայտարարում է, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն բացառում, որ Սերժ Սարգսյանը կարող է օժտվել Արցախի հիմնահարցով հատուկ բանագնացի կարգավիճակով և ստանձնել պատասխանատու դերակատարություն արցախյան հիմնահարցի կարգավորման գործում: Ի՞նչ կարող է այս դեպքում մտածել արցախցին: Երևանում մերժված մարդուն, որի ուղղությամբ բոլորը թքում են, ուզում են նշանակել Արցախի հարցով պատասխանատու: Բնականաբար, այսպիսի մոտեցումը չի կարող նպաստել նոր իշխանության հեղինակությանը արցախահայության աչքում. Կա՛մ չմերժեիք, կա՛մ մերժվածին մեզնից հեռու պահեք: Այս հիասթափությունը կարող է նպաստել մարդկանց գիտակցության մեջ այն պատկերացման ամրապնդմանը, որ արցախահայության անվտանգության հուսալի երաշխավոր կարող է լինել միայն Ռուսաստանը՝ դրանից բխող բոլոր հեռահար հետևանքներով: Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին, ապա մի մոռացեք, որ մինչև վերջերս Գորիում կանգուն էր Ստալինի արձանը… Ով և ինչ ուզում է ասի, բայց ի վերջո ստիպված է լինելու ընդունել, որ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես և Սամվել Բաբայանը, խորհրդանշական դեմքեր են արցախահայության համար, և այդ հանգամանքը հնարավոր չէ հաշվի չառնել:

-Քոչարյանի կալանքից մտահոգվածների թվում են նաև ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ հայտարարություններին չի միացել Գագիկ Ծառուկյանը։ Հայտնի է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Արմեն Գևորգյանի գործուն մասնակցությամբ ստեղծվեց և զգալի ներկայություն ապահովեց քաղաքական դաշտում։ Ո՞րն է պատճառը, որ ԲՀԿ-ն այսօր չի աջակցում Քոչարյանին։

-Հանրապետականները գիտեն, որ Քոչարյանն իրենց չի խնայելու՝ թեկուզ միայն այն պատճառով, որ ստիպված է իրենցից սահմանազատվել: Քոչարյանն այն միամիտը չէ, որ թույլ տա իրեն դարձնեն «քավության նոխազ» ու Սերժի հանցագործությունների պատասխանատու: Մանավանդ, ղարաբաղյան հիմնահարցի շուրջ հավանական ֆորս-մաժորային զարգացումների խորապատկերում բանտում հալածյալի կարգավիճակում գտնվելը կարող է նրան լուրջ առավելություններ տա մյուսների նկատմամբ: Տեսականորեն նույնիսկ չի կարելի բացառել այն իրավիճակը, երբ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը երազեն իր հետ տեղերով փոխանակվելու մասին… Տեսեք, ինչպես ՀՅԴ-ն շտապեց Քոչարյանի գիրկը թռնելու պատրվակով թռնել կառավարությունից: Փոթորիկ է սպասվում, իսկ դաշնակցականների հոտառությունն առնետային է. նրանք զգում են, որ արջը կատաղել է ու հայերին լուրջ կասկածում է «օրիենթասիոն դավաճանության» մեջ:

Իսկ ԲՀԿ-ն քաղաքական հոտառություն չունի և հերթական անգամ հիմնավորեց իր առաջնորդի մականունը: Գագիկ Ծառուկյանը հավանաբար հույսեր է փայփայում, որ Քոչարյանն այլևս բանտից դուրս չի գա, և ինքը հնարավորություն կունենա զավթել նրա մասնաբաժիններն ընդհանուր բիզնեսներում: Բայց արժե՞ր սեփական ճղճիմ մտադրություններն այդքան պարզամտորեն բացահայտել ու չմիանալ նրան բանտից հանելու նախաձեռնությանը: Բա՞ որ Քոչարյանը դուրս եկավ… Չէ, Ֆրանսուա Ռաբլեի երգիծանքին արժանի կերպար է պարոն Ծառուկյանը, իսկ ինչ վերաբերվում է պարոն Քոչարյանին, ապա եթե նույնիսկ մինչև վերջին շունչը նա բանտախցից դուրս չգա, միևնույն է, չի քավի օլիգարխ ավազակներին քաղաքականություն բերելու սեփական մեղքը…

-Քոչարյանի հետ կարող են արդյո՞ք ներքաղաքական կյանք վերադառնալ բռնությունները, հետապնդումները, սպառնալիքներն ու սպանությունները՝ որպես քաղաքական մշակույթի անքակտելի մաս։

-Միանգամից ասեմ, որ ձեր կողմից թվարկված դրսևորումները պետք է մեկընդմիշտ դուրս դրվեն քաղաքական կյանքից: Դրանք չեն կարող դիտվել որպես, ինչպես դուք եք ասում, «քաղաքական մշակույթի անքակտելի մաս»: Ինչ վերաբերվում է Քոչարյանին, ապա հարգե՛նք անմեղության կանխավարկածը, և քանի դեռ չկա նրա նկատմամբ դատարանի կողմից ընդունված և ուժի մեջ մտած դատավճիռ՝ ձեռնպահ մնանք ինչ-ինչ դատողություններից ու մեղադրանքներից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում