211652_close_icon
views-count1291 դիտում article-date 09:55 23-07-2022

Հաագայի միջազգային քրեական դատարանը լսումներ կանցկացնի Ուկրաինայում ռազմական հանցագործությունների վերաբերյալ․ «Ամերիկայի ձայն»

Հաագայի միջազգային քրեական դատարանը պատրաստվում է վարույթ սկսել Ուկրաինայում ռուսական ենթադրյալ ռազմական հանցագործությունների առնչությամբ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը», հղում անելով Bloomberg-ին։

Ըստ Bloomberg-ի՝ ուկրաինական իշխանությունները նույնպես բանակցում են Հաագայի դատարանի հետ՝ այս պահին առնվազն մեկ ռուս ռազմագերի տեղափոխելու համար, որը ենթադրաբար պատրաստ է ցուցմունք տալու:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի գլխավոր դատախազությունն արդեն հետաքննում է ավելի քան 21,000 ենթադրյալ ռազմական հանցագործությունների դեպքեր, որոնք կատարվել են երկրում ռուսական ագրեսիայի սկզբից։ Նախկին գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի խոսքով՝ վարչությունն ամեն օր ստանում է բռնության դեպքերի 200-ից 300 նոր ապացույց։

Ի թիվս այլ զարգացումների, մի խումբ ամերիկացի սենատորներ, որոնց թվում էին և՛ դեմոկրատներ, և՛ հանրապետականներ, Կոնգրեսին են ներկայացրել բանաձևի մի նախագիծ, որը ճանաչում է Ռուսաստանի գործողությունները պատերազմի ընթացքում որպես ուկրաինացի ժողովրդի դեմ ցեղասպանություն:

Կրեմլն ավանդաբար հերքում է ուկրաինացիների դեմ հանցագործություններին ռուս զինվորականների առնչությունը՝ դրանք անվանելով «բեմականացված» կամ կեղծ։

«Ուկրաինայում կատարված վայրագությունների հիմնական պատասխանատվությունը կրում է Պուտինը և նրա մերձավոր շրջապատը».

Ուկրաինայում ռուս զինվորականների կողմից մարդկանց դեմ բազմաթիվ ռազմական հանցագործությունների կատարման փաստն անվիճելի է, հայտարարել է «Աջակցություն քաղբանտարկյալներին. Մեմորիալ» մարդու իրավունքների պաշտպանության անկախ նախագծի ղեկավար Սերգեյ Դավիդիսը: Նրա կարծիքով, այժմ կարևոր է գործը հասցնել դատարան և կայացնել համապատասխան որոշումներ:

«Եթե դա տեղի ունենա բավական արագ (իսկ միջազգային դատարանների չափանիշներով, գործընթացն իսկապես արագ է ընթանում), դա արդեն լավ արդյունք կլինի», - ասել է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության աղբյուրը։ «Միևնույն ժամանակ պարզ է, որ նման դատարանը, ցավոք, չունի որևէ մեխանիզմ՝ իր որոշումը կյանքի կոչելու։ Այսօր հնարավոր չէ պարտադրել միջազգային իրավունքի կատարումը, պատասխանատվության ենթարկել այն խախտողներին, և դժվար թե դա հնարավոր լինի Հաագայի դատարանի որոշումից հետո։ Այնուամենայնիվ, սա կլինի ևս մեկ փաստարկ՝ հանուն արդարության, ռազմական հանցագործությունների համար պատժի անխուսափելիության սկզբունքի իրականացման համար պայքարը շարունակելու համար»։

Իհարկե, Ուկրաինայում տեղի ունեցած վայրագությունների հիմնական պատասխանատվությունը Պուտինն է և նրա մերձավոր շրջապատի, ովքեր որոշում են կայացրել չհրահրված ագրեսիա սկսել հարևան երկրի դեմ, համոզված է Սերգեյ Դավիդիսը։ Նրան թվում է, որ, ի վերջո, խոսքը պետք է գնա հրաման տվողներին պատժելու մասին։

«Առանց դրա ռուս զինվորականները չէին հայտնվի ոչ Բուչայում, ոչ Իրպենում, որտեղ նրանք զանգվածային հանցագործություններ կատարեցին: Առանց դրա ռումբերը չէին հավածի Մարիուպոլի թատրոնին և այլն», - պնդում է նա: -Իսկ ով է հրաման տվել սանձազերծել այս սպանդը, բոլորը քաջատեղյակ են։ Կարծում եմ, որ տեսանելի ապագայում այդ հարցն անշուշտ կծագի և կլուծվի դատական կարգով, և այստեղ շատ բան ապացուցելու կարիք չի լինի՝ ամեն ինչ տեսանելի է։ Պատերազմն ինքնին հանցագործություն է։ Կարծում եմ, որ Հաագայի դատարանը կարող է սա գրել իր որոշման մեջ»:

Սա կարևոր է տեղեկատվական ռեզոնանսի առումով, որպեսզի մարդիկ չմոռանան հանցագործությունների փաստերը, բայց ավելի կարևոր կլինի, որ դատարանը որոշի կոնկրետ մեղավորներին, ընդգծեց իրավապաշտպանը։ Սա շատ ավելի մեծ կշիռ կունենա, քան լրատվամիջոցներում հրապարակումները կամ Ուկրաինայի գլխավոր դատախազության հաղորդագրությունները, եզրափակեց նա։

«Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կա ագրեսոր և պատերազմներ նախաձեռնող, ինչ-որ բան պետք է ձեռնարկել դրա դեմ».

Իր հերթին, բլոգեր և իրավաբան Մարկ Ֆեյգինը «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ Հաագայի միջազգային քրեական դատարանի ընթացակարգը որոշումների կատարման վերաբերյալ հեռու է կատարյալ լինելուց, գործընթացն ինքնին կարևոր է և, հնարավոր է, ունենա լուրջ հետևանքներ:

«Հիշեցնեմ, որ Ռուսաստանի հետ կապված սա կլինի առաջին նման դատարանը»,- հավելեց նա։ -Ոչ Չեչնիայում, ոչ Սիրիայում գործը չի հասել վարույթի նման փուլի։ Հաագայի դատավարությունը հնարավոր դարձավ բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ հենց Ուկրաինայի համառությամբ: Թե ինչպես կզարգանա իրավիճակը, արդյոք հնարավոր կլինի ինչ-որ կերպ արագացնել դատավարության գործընթացը (իսկ նման դատարանները շատ երկար են տևում, երբեմն՝ տարիներ), դեռևս պարզ չէ։ Ամեն ինչ կախված է իրադարձությունների քաղաքական ընթացքից…»:

Բայց ամեն դեպքում, իրավական տեսանկյունից դա միանշանակ կազդի Ռուսաստանի դիրքորոշման վրա, ասում է Մարկ Ֆեյգինը։ «Եվ դա, անշուշտ, կանդրադառնա, եթե ոչ բռնապետ Պուտինին և նրա շրջապատին արդարադատության ենթարկելուն, ապա, իհարկե, պետական, կորպորատիվ և մասնավոր ակտիվների վրա, որոնք ինչ-որ կերպ կապված են Ռուսաստանի կառավարության հետ, և կարող են օգտագործվել փոխհատուցելու այն, ինչ կորցրել է Ուկրաինան»,- հայտարարեց նա։ «Դատարանի որոշումը, իմ կարծիքով, ազգային կառավարություններին կտա վճռականություն՝ գործելու շատ ավելի արագ, ավելի համարձակ և ավելի արդյունավետ՝ կապված բռնագրավումների հետ»:

Բացի այդ, սա լավ նախադրյալ կլինի գլոբալ փոփոխությունների համար, որոնք պետք է տեղի ունենան աշխարհում, ասում է բլոգերն ու իրավաբանը։ «Ի վերջո, առաջին անգամ նման վիճակում է հայտնվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկիրը։ Ի դեմս միջազգային իրավունքի՝ հատուկ պետություններ չպետք է լինեն։ Եվ Մոսկվան կրկին ու կրկին մերժում է միջազգային իրավունքը որպես այդպիսին՝ վերաբերվելով դրան ընտրովի. Մոսկվան ճանաչում է այն, ինչ ձեռնտու է իրեն, և չի ճանաչում այն, ինչ ձեռնտու չէ: Ռուսաստանն արդեն մերժել է ՄԻԵԴ-ի իրավասությունը։ Այդպես չպետք է լինի։ Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կա ագրեսոր և պատերազմ նախաձեռնող, պետք է ինչ-որ բան անել դրա դեմ»,- եզրափակել է Մարկ Ֆեյգինը:

Նմանատիպ նյութեր