Արցախում առաջարկում են սահմանադրարորեն ամրագրել երկքաղաքացիության իրավունքը

Արցախում առաջարկում են սահմանադրարորեն ամրագրել երկքաղաքացիության իրավունքը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է երկքաղաքացիության (կրկնակի քաղաքացիության) հետ կապված հարաբերությունները կանոնակարգել սահմանադրական մակարդակով: Այդ մասին նշված է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծում, որը տեղադրվել է Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում (arlexis.am):

«Ո´չ 2006 թվականի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ո´չ էլ 2017 թվականի Արցախի Հանրապետության Սահմանադրություններով անդրադարձ չի կատարվել երկքաղաքացիությանը (կրկնակի քաղաքացիությանը): Ընդ որում, Սահմանադրությամբ նախատեսված չլինելը երկքաղաքացիությունն (կրկնակի քաղաքացիությունն) Արցախի Հանրապետությունում բացառելու հիմք չեն: Այդ մասին են վկայում կազմավորման պահից ի վեր Արցախի Հանրապետությունում ընդունված իրավական ակտերը, որոնցով մանրամասնվել են երկքաղաքացիության (կրկնակի քաղաքացիության) հետ կապված հարաբերությունները: Այսպես, դեռևս 1992 թվականի հունվարի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին» հռչակագրով սահմանվել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թույլատրվում է երկակի քաղաքացիություն»,-ասվում է նախագածում, հայտնում է Արմենպրեսը։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հիմունքների մասին» ԼՂՀ սահմանադրական օրենքով սահմանվել է, որ կրկնական քաղաքացիության ձեռքբերման կարգը և հիմքը կարգավորվում է այլ պետությունների հետ պայմանագրերով:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության հիմնական սկզբունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով էլ կարգավորվել են կրկնակի քաղաքացիության հետ կապված հարաբերությունները, մասնավորապես, սահմանվեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին կարող է միաժամանակ հանդիսանալ այլ պետության /այլ պետությունների/ քաղաքացի կամ օտարահպատակ և կատարել այլ պետության /այլ պետությունների/ քաղաքացու կամ օտարահպատակի պարտականությունները՝ … օրենքին համապատասխան, եթե դա նախատեսված է կողմերի միջև կնքված միջազգային իրավական ակտերով:

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ ամրագրված իրավակարգավորումները, ինչպես նաև Արցախի Հանրապետության քաղաքացիների համար գործնականում այդ իրավունքի իրացման սահմանադրաիրավական հիմքերի ամրագրման նպատակով՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է երկքաղաքացիության (կրկնակի քաղաքացիության) հետ կապված հարաբերությունները կանոնակարգել սահմանադրական մակարդակով՝ Սահմանադրությունում ամրագրելով հետևյալը. «Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, Արցախի Հանրապետության օրենքներին և/կամ միջազգային պայմանագրերին համապատասխան, կարող է ունենալ այլ պետության քաղաքացիություն»,-ասվում է նախագծում:

Ընթերցել նաև․ Առաջարկ. Արցախում անցնել կիսանախագահական համակարգի

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---