Բաժիններ՝

Բումերանգի էֆեկտը. իշխանությունները փորձում են խեղդել բողոքի ակցիաները

Բողոքի ակցիայի 8 մասնակիցներ ոստիկանություն են տարվել. քրեական գործեր են հարուցվել

Երեկ առավոտյան մի շարք քաղաքացիներ Երևանի Արշակունյաց փողոցից աղբ էին բերել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ հանձնելու քաղաքապետարանին:

«Աղբը հանձնում ենք Երևանի քաղաքապետարանին» ակցիայի մասնակից, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն ասել էր, որ բնակիչների հորդորով եղել են Արշակունյաց պողոտայում, 21-րդ օրն էր՝  աղբադույլերը չէին մաքրվել, պատկան մարմինները, Երևանի քաղաքապետարանը ցուցաբերում են անգործություն։

Նրանք աղբը լցրել են քաղաքապետարանի մուտքի մոտ և հայտարարել. «Վայելեք այս ամենը»։ «Դուք ավելի վատին պատրաստվեք»,- ասում էին ակցիայի մասնակիցները։
Ոստիկանությունը ակցիայի թվով 8 մասնակիցներին տարել էր ոստիկանական բաժին։ Ս. Աղեկյանի հարցին, թե՝ ինչո՞ւ եք տանում, ոստիկաններից մեկը պատասխանել էր՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու, դիտավորյալ գույքը վնասելու համար։ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից ասել էին, որ Երևանի քաղաքապետարանի մոտից 8 քաղաքացիներ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Ժամեր անց նրանք ազատ արձակվեցին։

Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել էր բերման ենթարկվածներից Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։

Նա նաև տեղեկացրել էր, որ իրենց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։

Քաղաքացիների կողմից քաղաքապետարանի մուտքի դիմաց լցրած աղբը րոպեների ընթացքում մաքրվել է համապատասխան աշխատակիցների կողմից։
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն արձագանքել է ակցիային:

«Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին (2017-ի գումարման) անդամ Սոնա Աղեկյանը մի քանի հոգու հետ միասին «բուրավետ» պերֆորմանս է արել քաղաքապետարանի դիմաց՝ կենտրոնական մուտքի մոտ լցնելով ինչ-որ տեղից բերված աղբը։ Չգիտեմ, թե որքանով են քաղաքացիները ճիշտ հասցե ընտրել իրենց բողոքի համար, քանի որ հայտնի է, որ մինչ օրս «ՍանիՏեք» ընկերությունն է ըստ պայմանագրի համարվում աղբահանության օպերատորը։ Աղբահանության նորաստեղծ համայնքային հիմնարկը կոչված է ապահովել քաղաքի մաքրությունը հիմնական օպերատորի անկարողության դեպքում, և հիմնարկը հիմա համալրվում է անհրաժեշտ մարդկային և տեխնիկական ռեսուրսով։ Մոտ օրերս Երևան կհասնի նոր աղբարկղերի խոշոր խմբաքանակ, իսկ մի քանի շաբաթից կժամանի աղբատար մեքենաների մի մասը, որը զգալիորեն կթեթևացնի աղբահանության հարցը։ Ընդհանուր, ինչպես հայտնի է, գնվել է 24 մեքենա, ևս 10-ի գնումն ընթացքի մեջ է։

Առկա անբավարար վիճակը ստեղծվել է տարիների ընթացքում, և պատճառները բազմապիսի են։ Այնուհանդերձ, ևս մեկ անգամ հայցում ենք համաքաղաքացիների ներողամտությունը ստեղծված անհարմարության համար և խնդրում ենք զինվել համբերությամբ։ Աղբի խնդրի լուծումը շատ մոտ է»,- գրել է Հայկ Մարությանի խոսնակը։

«Մենք էլի ունենք ահազանգեր, որ քաղաքում կան աղբավայրեր։ Կրկնվելու է այս ամենը, եթե այսօր չհեռացվի այդ աղբը։  Մենք Երևանը մաքրելու ենք աղբից, ոչինչ մեզ չի խանգարի: Երևանում գարշահոտություն չպետք է տիրի։ Երբ անձինք մտնում էին Ռադիոյի շենք, կոտրում էին ապակի, բոլորն ազատության մեջ են, որևէ մեկի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել։ Մեր հանդեպ թող հարուցվեն քրեական գործեր»,- հայտարարել է Սոնա Աղեկյանը, ով նաև հայտարարել է, որ գրեթե 10 ամիս է` դադարեցրել է անդամակցությունը «Երկիր Ծիրանի» կուսակցությանը։

Ձեր ջուրն ուրի՞շ ջրեն է, պարոն վարչապետ

Վատ կառավարչին բնութագրող հատկություններից մեկն իր խոսքի և համոզմունքների կտրուկ փոփոխությունն է: Որպես օրինակ՝ կարելի է բերել նոր իշխանությանը, որի հերթական արարքը ևս մեկ անգամ հաստատում է այն, որ խնդրի վերաբերյալ պատկերացումները փոխվում են փողոցից տաքուկ կաբինետ ճանապարհին:

Եվ ահա, այսօր առավոտյան, «Աղբը հանձնում ենք Երևանի քաղաքապետարանին» ակցիայի ութ մասնակից  բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին: Ակցիայի մասնակիցները, ինչպես և, վստահ ենք, Երևանի տասնյակ-հազարավոր քաղաքացիներ, զզվել են քաղաքի գարշահոտությունից, քաղաքապետարանի անգործությունից, աղբամանների մոտ վխտացող մկներից և առհասարակ այն իրավիճակից, որն առկա է մայրաքաղաքի բոլոր բակերում: Քաղաքապետարանին աղբը հանձնելու որոշումը պահանջատեր և արժանապատվություն ունեցող քաղաքացու դրսևորում էր, որն իշխանությունը փորձեց խեղդել՝ բերման ենթարկելով քաղաքացիներին:

Բոլոր հնարավոր բողոքներից հետո, երբ քաղաքապետարանն անգործության մեջ է, սա, թերևս, հնարավոր բարոյական և խաղաղ ակցիան էր, որը կարող էր սթափեցնել քաղաքի իշխանություններին:

Կրկնակի զարմանալի է, քանի որ հենց այս իշխանությունն է ժամանակին կողմ եղել պայքարի նմանատիպ մեթոդներին:

Հիշեցնենք, որ ժամանակին, երբ  Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները կեղտաջրեր էին տարել ավագանու դահլիճ և դրանք ուղղել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմ, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Իրավիճակն ընկալելու համար պետք է չնայել մակերեսորեն: Ասում են՝ վայ, կեղտաջրերը տարել են Երևանի ավագանի, ո՛նց կարելի է: Այդ մարդիկ առավոտը վեր կացան ու որոշեցին կեղտաջրերը տանե՞լ, դա ունի իր նախապատմությունը»:

Պարոնայք իշխանավորներ, այսօրվա ակցիան նույնպես ունի իր նախապատմությունը, որի մասին արդեն նշվել է: Փաստորեն ստացվում է, որ այսօրվա իշխանությունների ջուրը, ինչպես ասում են՝ ուրիշ ջրեն է: Ստացվում է, որ նախկին իշխանության դեմ կարելի է կեղտաջրերով ակցիա իրականացնել, իսկ Երևանի այսօրվա խայտառակ աղբահանության հետևանքով քաղաքապետարան բերած աղբի համար՝ ո՞չ, չի՞ կարելի: Իշխանություններն ամեն կերպ փորձում են խեղդել բողոքի ցանկացած ակցիա, որոնց, որպես ընդդիմություն՝ ժամանակին իրենք ոչ միայն մասնակցում էին, այլև դրանց նախաձեռնողներից էին։ Նախկին ընդդիմություն այսօրվա իշխանությունները կարծես թե մոռանում են բումերանգի էֆեկտի մասին, այն, որ ամեն ինչ, ի վերջո, մի օր հետ է վերադառնում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս