Կարեն Կարապետյան. Հայաստանը կլինի միակ երկիրը, որը առևտրի հատուկ ռեժիմ կունենա և ԵՄ, և ԵՏՄ հետ
«Մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակաշրջանում, երբ դասական տեսություններն ու մոտեցումները երբեմն կարծես լուծումներ չեն տալիս առկա խնդիրներին, և դրանց ադապտացիան իրականության մեջ միշտ չէ, որ տալիս է կանխատեսված արդյունքները»: Այս մասին հայտարարել վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա այսօր մասնակցել է «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի բացմանը, որը համատեղ կազմակերպել էին Հայ-ռուսական համալսարանը և Թել Ավիվի Բորիս Մինցի ինստիտուտը:
Նա նշել է, որ հիսունականներին լավագույն բարձրագույն կրթությունը դասական կրթությունն էր, որտեղ շեշտը դրվում էր տարբեր տեսությունների մանրամասն ուսումնասիրության վրա։ Ութսունականների վերջից կրթությունը ենթարկվեց տրանսֆորմացիայի և ավելի շատ շեշտը դրվեց կոնկրետ խորացված մասնագիտացման վրա։
«Այժմ մենք գտնվում ենք այլ իրականության մեջ. այսօր ակտուալ է միջսեկտորային կրթությունը` լրագրություն և թվային տեխնոլոգիաներ, իրավաբանություն և բիզնես, կենսաբանություն և ՏՏ և այլն։ Այսօր գիտելիքները մատուցվում են ոչ միայն դասական տեսություններ ուսումնասիրելով, այլ նաև case study-ների միջոցով։ Այսօր ֆունդամենտալ գիտությունից մենք շատ դեպքերում գնում ենք դեպի այնպիսի գիտական աշխատանքներ, որոնք հնարավոր է կոմերցիալիզացնել։ Սա մեզ բերում է մի իրականության, որտեղ լուծումներ փնտրելիս պետք է լինել առավելագույնս ճկուն և նորարար։ Պետք է մշտապես մտածել, թե ինչպես թերությունները կամ բացերը կարելի է դարձնել մեր առավելությունը։ Պետք է գիտակցել՝ այն սահմանափակումները, որոնք մենք ունենք, մեզ մղելու են ավելի խելացի վարվելու և ավելի նորարար լուծումներ գտնելու»,-ասել է Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով, հենց այդ հանգամանքները և իրականությունը հաշվի առնելով է մշակվել կառավարության ծրագիրը:
«Մշակում ենք մեր Հայաստանի զարգացման ռազմավարությունը, Հայաստանի թվային օրակարգը, ինչպես նաև այլ քաղաքականությունները։ Հենց այս հանգամանքներն ու իրականությունը հաշվի առնելով՝ մենք կառուցելու ենք անկախ, արդար, անվտանգ և խելացի Հայաստան:
Մենք մտածում ենք, որ Հայաստանը, ունենալով հարաբերականորեն փոքր տնտեսություն, ներդրողների համար կարող է լավագույն հարթակ դառնալ Եվրասիական տնտեսական միություն մտնելու համար, որովհետև մենք հանդիսանում ենք այդ ակումբի անդամ, սահմանին ստեղծելով ազատ տնտեսական գոտի՝ մեր հարևան Իրանի շուկաներ մտնելու համար, ունենալով GSP+ ռեժիմ՝ Եվրամիություն մտնելու համար: Ավելին, Եվրամիության հետ նոյեմբերին համաձայնագիրն ստորագրելուց հետո Հայաստանը կլինի միակ երկիրը, որը առևտրի հատուկ ռեժիմ կունենա և´ Եվրամիության, և´ Եվրասիական տնտեսական միության հետ։ Կարծում եմ, որ սա կարող է շատ հետաքրքրական առավելություն լինել մեզ համար, որպեսզի ներդրողներ ներգրավենք»:
Վարչապետի խոսքն ամբողջությամբ՝ կառավարության պաշտոնական էջում: