«Մենք հեղափոխություն ենք արել անցյալի սխալներից ազատվելու, և ոչ թե անցյալի ձեռքբերումները ոչնչացնելու համար». Ավետիք Չալաբյան

«ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ընկերներ ջան

Այս վերջին մի քանի շաբաթ շատ հարցեր եմ սկսել ստանալ, թե ինչ խնդիր կա սորոսականների հետ, ախր դրանք պուպուշ մարդիկ են, պայքարում են ժողովրդավարության և քաղաքացիական ազատությունների համար, կոռուպցիայի դեմ, կարելի է ասել մեր թավշյա հեղափոխության գերթավշյա ավանգարդն են։ Ես առանձին վերցված որևէ սորոսականի հետ առանձին խնդիր չունեմ (թեև իրենց մեջ որևէ պուպուշ մարդ էլ չեմ տեսել), բայց խնդիր ունեմ իրենց պայքարի մեթոդների և նպատակների հետ, դրա հետ կապված բերեմ մի քանի օրինակ՝

ա) ամենաթարմը՝ երկու օր առաջ Նոր Հայաստանի նորահայտ հերոս, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը 40 րոպեանոց հարցազրույց տվեց Սահմանադրական կարգի տապալման գործի հետ կապված։ Առայժմ վերանանք այն փաստից, որ ներքաղաքական գործընթացներում բանակի ներգրավվման և ոչ մի հստակ ապացույց չբերվեց, միայն տարբեր ենթադրություններ, որոնք դեռ հիմնավորման կարիք են զգում։ Ես փորձում էի հասկանալ, թե կոնկրետ Խաչատուրովի դեմ մեղադրանքը որն է, ու բան չհասկացա՝ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել, Միքայել Հարությունյանը 0038 հրաման է ստորագրել, բա Խաչատուրովը ինչ է արել՞ – եթե վերադասի հրաման է կատարել որպես զինվորական, դա հանցանք է՞, ինչպես ինքը կարող էր պարզել այն պահին, այդ հրամանաը սահմանադրական է թե ոչ, եթե դուք մինչև հիմա չեք կարողանում պարզել, ու խճճվում եք սահմանադրական իրավունքի մեկնաբանությունների մեջ։ Թե իրական նպատակը Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին ստորացնելն էր, ձեռի հետ ցույց տալը, որ ինչ ուզենք, կանենք, մեր իրավունք է, առանց մտածելու հետևանքների մասին, որոնցից առավել ակնհայտը ռազմաքաղաքական համագործակցության հնարավոր սառեցումն է Ռուսաստանի հետ։

բ) «Լրագրողներ հանուն իրավունքների» պրո-սորոսական կայքը մեծ հոդված է գրում Razm.info կայքի մասին, և մեղադրում նրան հայ-ադրբեջանական թշնամանք հարուցելու համար, ինչա թե կայքը ադրբեջանցիներին «հակառակորդ» է անվանում։ Ասել կուզի, ձեր մածունը սև ա, մեր արտաթորանքը՝ սպիտակ, ադրբեջանցիները և թուրքերը մեր բարեկամներն են, Ալիևն ու Էրդոգանը ընդհանարապես հայերի անունով են երդվում, իսկ դուք մեզ թշնամացնում եք իրենց հետ։

գ) Մեկ այլ պրո-սորոսական գործիչ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խրոխտ տեսքով գնում է իր ռուսական գործընկեր Նիկոլայ Պատրուշեվի հետ հանդիպման, որտեղ իրեն ներբեռնում են Արցախի հարցը փուլային կարգավորելու անհրաժեշտությամբ, այդ պարբերությունը հայտնվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, հետո կասկածելի կերպով անհայտանում է։ Հիշեցնեմ, որ փուլային կարգավորումը այս փուլում ենթադրում է Արցախի 5 ազատագրված շրջանների հանձնում՝ անորոշ կարգավիճակի դիմաց։ Քանի որ Արմեն Գրիգորյանը չի հակաճառել այդ պնդմանը (հակառակ դեպքում կասեր դրա մասին), կամ նա համաձայն է առաջարկվող փուլային կարգավորմանը, կամ էլ չի հասկանում, թե դա ինչ է իրենից ներկայացնում (ինչին խիստ կասկածում եմ)։

Այս բոլորը որ գումարում եմ իրար, գալիս եմ մի դառը հետևության (դեռ ոչ անվերապահ, բայց ժամանակը ցույց կտա)։ Սորոսյան կազմակերպությունների կոալիցիան Հայաստանում թերևս համարում է, որ Արցախի հարցը մեր երկրի զարգացմանը խոչընդոտող ծանր բեռ է, և այդ բեռից պետք է ազատվել օր առաջ՝ հնարավոր բոլոր զիջումները իրականացնելով։ Քանի որ մեր ժողովուրդը երկու տարի առաջ ցույց տվեց, որ այն պատրաստ չի այստեղ և ոչ մի զիջման՝ ընդհակառակը, պատրաստ է կռվելու մինչև վերջնական հաղթանակ, պետք է ստեղծել մի վիճակ, որում հնարավոր է այդ ժողովրդի կամքը կոտրել՝ դաշնակիցները մեզնից երես թեքեն, ներսում կասկած ընկնի ժողովրդի, իշխանության և բանակի միջև, ժողովրդի աչքերում Արցախի անկախության համար պայքարած բոլոր գործիչները աստիճանաբար վարկաբեկվեն, և այլն։

Եթե մտածում եք, որ սա վերացական սցենար է, պետք է նշեմ, որ հենց նույն այս սցենարով է Վրաստանը կորցրել Աբխազիան, իսկ Ուկրաինան՝ Ղրիմը։ Մենք այսօր կանգնել ենք նույն մռայլ հեռանկարի առաջ, և օրըստօրե կուտակվող փաստերը միայն ավելացնում են իմ անհանգստությունը։ Մենք դեռ չենք անցել անշրջելիության կետը, բայց որպեսզի այն չանցնենք, պետք է արթնանանք այս ծանր թմբիրից, գիտակցենք, որ մենք հեղափոխություն ենք արել անցյալի սխալներից ազատվելու, և ոչ թե անցյալի ձեռքբերումները ոչնչացնելու համար, և որ մեր բոլորիս արած հեղափոխությունը չպետք է մենաշնորհի բացառապես դրսից ֆինանսավորվող, դրսից ներմուծված օրակարգով շարժվող, գլոբալիստական և ապազգային մի կառույց, որը, ի թիվս այլոց կոնֆլիկի մեջ է թե ՌԴ, թե ԱՄՆ ներկա ղեկավարության հետ, և մեզ էլ փորձում է ներքաշել այդ կոնֆլիկտի մեջ։

Հ․Գ․ Շատերդ տեսել եք, բայց համենայն դեպքս կցում եմ հղումը սորոսական կոալիցիայի վրա, հենց իրենց պաշտոնական կայքից: 60 կազմակերպություն, որոնք մեթոդաբար դրսից ֆինանսավորվել են անցած տարիներին, որպեսզի այսօր ունենան լավ կազմակերպված, ամենուրեք ներթափանցված, և ագրեսիվ գլոբալիստական ավանգարդ։»:

Տեսանյութեր

Լրահոս