Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չենք ունեցել. Փաշինյան

Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չենք 
ունեցել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը միֆ է համարում պատերազմը ավելի քիչ հողային կորուստներով կանգնեցնելու հնարավորության մասին խոսակցությունները:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ կապված պատերազմի նման արդյունքի համար իր բարոյական  և քաղաքական պատասխանատվության, հրաժարականի վերաբերյալ:

«Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն, ըստ էության, չենք ունեցել, և դա միֆ է, և միֆ է նաև, որ մենք պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չենք ձեռնարկել»,-ասաց Փաշինյանը

Փաշինյանը կարևոր համարեց արձանագրել, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է քայլեր՝ պատերազմը կանգնեցնելու համար:

«Հետին թվով շատ հայտարարություններ են արվում, օրինակ ես հետին թվով արձանագրում եմ, որ Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնությունը տարածքները զիջելու և հանձնելու կողմնակից է եղել, բայց այդ մասին, ըստ էության, չի բարձրաձայնվել: Հիմա հետին թվով հեշտ է դա արձանագրել»,-ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց, որ ինքը չի ասել, թե մեղավոր չէ,ասել է, որ թիվ մեկ պատասխանատուն է և հարց է տվել՝ արդյոք ինքն թիվ մեկ մեղավո՞րն է: «Այո, ես պատասխանատուն եմ, և այսօր էլ կրում եմ այդ պատասխանատվություն, որովհետև այդ պատասխանատվությունը ամսի 9-ով չի ավարտվում, շարունակվում է 10-ին, 11-ին և մինչ այսօր: Արդյո՞ք գտնո՞ւմ էինք, որ պետք է հրաժարական տայինք. եթե գտնեինք այդպես, հրաժարական կտայինք, և դա կլիներ գուցե թե հեշտ լուծում, գուցե թե լիներ անպատասխանատու լուծում: Մենք պատրաստ ենք կրել մեր քաղաքական պատասխանատվությունը, և մենք կկրենք մեր քաղաքական, բարոյական պատասխանատվություններն էլ, մնացած բոլոր հնարավոր պատասխանատվությունները՝ մեր ժողովրդի առաջ: Եվ սրանից որևէ մեկը չի խուսափել, չի խուսափում ու չի խուսափի»,-ասաց նա:

Փաշինյանը շեշտեց, որ պատասխանատվության մաս է նաև՝ ժողովրդին պատկանող իշխանությունը պաշտպանել, պահպանել այնպես, որ որևէ մեկը իշխանություն ձևավորելու ժողովրդի իշխանությունը չխլի այնպես, ինչպես շատ երկար ժամանակ ՀՀ-ում խլված է եղել: «Եվ նաև այդ պրոցեսների արդյունքում և հետևանքով է, որ մենք այսօր հանգել ենք այսպիսի իրավիճակի»,-նշեց վարչապետը:

Փաշինյանն անդրադառնալով Շուշիի վերաբերյալ հարցին՝ նշեց, որ ընդհանրապես բանակցային գործընթացի ողջ ընթացքում չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան: «Իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Այսինքն` դուք ուզում եք ասե՞լ, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակո՞վ»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով նրան, որ ընդդիմադիրները մատնանշում են, որ ինքն ասել է՝ Արցախը Հայաստան , և վերջ, ասաց. « Եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ, ապա ձևակերպեք ձեր այդ դիրքորոշումը և պաշտոնապես արձանագրեք»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]