▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժիրայր Սեֆիլյան. «Ձեր պաշտպաններին պահեք ձեզ»

Ա1+-ը գրում է.«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստն սկսվում է երկու ամբաստանյալներով:  7  ամբաստանյալներից 5-ը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու՝ ոտքի չկանգնելու  համար  հեռացված են նիստերի դահլիճից:

Ամբաստանյալներից  Սասունիկ Կիրակոսյանից դատավորը հետաքրքրվեց, ինչու ոտքի չի կանգնում «Նախորդ դատական նիստին դատավորը թույլատրեց ձեզ նստած հանդես գալ, քանի որ  երկու անգամ ձեզ համար «Շտապ օգնություն» էր եկել:  Ինչն է պատճառը, որ այս նիստին ոտքի չեք կանգնում:  «Ինչպես  մնացած տղաները»,- ասաց Սասունիկ Կիրակոսյանը:

«Այսինքն՝ դատարանը արձանագրի՞, որ ձեր ոտքի կանգնելը պայմանավորված չէր ձեր առողջական վիճակով»,- հարցրեց դատավորը:

 Սասունիկ Կիրակոսյանը պատասխանեց: «Իհարկե ոչ»:

 Դատավորը նախազգուշացում կիրառեց Սասունիկ Կիրակոսյանի նկատմամբ, այնուհետեւ հեռացրեց նիստերի դահլիճից:   «Այս եւ մյուս այսպիսի հնչեղ գործերով մեկ սկզբունք է առաջացել, հարգանք ոտքի կանգնելու միջոցով: Արդարադատության մնացած բաղադրիչները ընդհանրապես կարեւոր չեն»,- ասաց պաշտպան Արայիկ  Պապիկյանը:

Դատարանում ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ 10 ժամով նիստերի դահլիճից հեռացված Ներսես Պողոսյանի պաշտպանը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն  ամեն կերպ փորձում էր նրան  սահմանափակել: «Տպավորությունն այն է, որ դատավորը միայն պաշտպանների եւ ամբաստանյալների նկատմամբ սանկցիա կիրառելու համար է նկատողություն անում:  Դուք մեզ զրկում եք մեր իրավունքներից եւ հարգանք եք խնդրում»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Նա դատավորին հիշեցրեց, որ իր պաշտպանյալը չի լիազորել առանց իրեն որեւէ նիստի մասնակցել:

Դատավորը զգուշացրեց, որ եթե Արայիկ Պապիկյանը  լքի նիստերի դահլիճը, ապա դատավորը կարող է արձանագրել, որ նա 3 անգամ անընդմեջ չի ներկայացել դատական նիստին. «Կարծում եմ, որ դրա իրավական հետեւանքները պատկերացնում եք»,- նախազգուշացրեց դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը:

Այնուամենայնիվ Արայիկ Պապիկյանը լքեց նիստերի դահլիճը, իսկ դատավորը որոշեց դիմել փաստաբանների պալատ՝ կարգապահական պատաասխանատվության ենթարկելու համար:  Նիստին չներկայացած Տիգրան Հայրապետյանի հարցով էլ որոշեց դիմել Փաստաբանների պալատ:

Ընդմիջումից հետո   առանձին-առանձին նիստերի դահլիճ բերվեցին Ժիրայր Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարյանը եւ Ներսես Պողոսյանը: Դատավորը նրանցից հետաքրքրվեց՝ արդյոք ցանկանո՞ւմ են այլ պաշտպաններ ներգրավել, կամ դատարանը կարող է հանրային պաշտպան տրամադրել:  Դատավորի խոսքերով՝ նրանց պաշտպանները երեք-չորս անգամ չեն ներկայացել նիստերին:

 Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանը եւ Գեւորգ Սաֆարյանը հայտարարեցին, որ չեն հրաժարվում իրենց պաշտպաններից: «Ձեր պաշտպաններին պահեք ձեզ»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին