×


«Միշտ ցանկացել ենք երեխային Հայաստանում կնքել». Մոնիկա Նազարյանի դստեր մկրտության լուսանկարները

Ժողովրդական երգերի կատարող Մոնիկա Նազարյանն ամուսնու եւ երեխայի հետ արդեն մեկ ամիս է՝ Հայաստանում է: Երգչուհու առօրյան բավական հագեցած է ինչպես անձնական առիթներով, այնպես էլ աշխատանքով: Օրեր առաջ Խոր Վիրապում տեղի է ունեցել զույգի երեք ամսական դստեր մկրտությունը:

«Մեր ամենասիրելի եկեղեցիներից մեկն է: Ամուսնիս շատ-շատ է սիրում այդ վայրը. այդտեղից Արարատն իր ողջ գեղեցկությամբ է երեւում: Երբ Հայաստանում ենք լինում, անպայման գալիս եւ նկարվում ենք այդ ֆոնին: Երբ նոր էինք ծանոթացել, այդտեղ լուսանկարվեցինք, երբ բալիկիս էի սպասում, եւս նկարվեցինք, այս անգամ էլ արդեն երեքով ենք նկարվել: Թե՛ ես, թե՛ ամուսինս միշտ ցանկացել ենք երեխային Հայաստանում կնքել: Նախապատրաստական աշխատանքները սկսել ենք ավելի վաղ՝ մինչ Հայաստան վերադառնալը: Ողջ ընտանիքով էինք պատրաստվում. մկրտությունը հայի համար կարեւորագույն արարողություն է: Կնքահայրը նաեւ մեր ամուսնության քավորն է. ամուսնուս ընկերն է` երգիչ, մեր ընտանիքին հարազատ, բարի անձնավորություն»,-BRAVO.am-ին պատմել է Մոնիկան եւ հավելել, որ օրն անցկացրել են բարեկամների եւ մտերիմ ընկերների հետ:


Երգչուհին նշել է, որ այս կարճ ժամանակահատվածում գրեթե մեկ տարվա աշխատանք է կատարել. չորս տեսահոլովակ է նկարահանել, երգեր ձայնագրել եւ մենահամերգով հանդես եկել հայրենի Վանաձոր քաղաքում:


«3 տեսահոլովակ նկարահանել ենք Հայաստանում, մեկն էլ՝ Սայաթ-Նովայի «Քամանչա» երգի հիման վրա, նկարահանել ենք Վրաստանում՝ Ռաբաթ բերդում, որովհետեւ վրացերեն է: Այս պահին մոնտաժային աշխատանքներ են տարվում: Բացի այդ, նաեւ նոր երգերի ձայնագրություններ ենք կատարել: Փորձում եմ մասնակից լինել աշխատանքային ողջ ընթացքին: Հիմա փոքրիկիս հետ Վանաձորում ենք: Աշխատանքի բերումով երբեմն գալիս եմ Երեւան, իսկ այդ ընթացքում քույրիկս եւ մայրս են խնամում դստերս: Աշխատում եմ քիչ բացակայել: Վիկտորյան շատ հանգիստ է, ժպտերեսիկ, սիրում է, երբ իրենով զբաղվում են, գրկում ու խաղում հետը: Դեռ փոքր է, բայց արդեն զգում եմ, որ երբեմն կամքը թելադրում է: Ինչպես Վիկտորյային, այնպես էլ բոլոր մանուկներին խաղաղ մանկություն եւ առողջություն եմ ցանկանում: Ամեն ինչ կանենք, որ լավ մանկություն ունենա»,-ասել է Մոնիկան եւ եզրափակել, որ մի քանի օրից կմեկնեն Ուկրաինա՝ կրկին հայրենիք գալու սպասումով:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մոնիկա Նազարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին