1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» գիտաժողովը կնպաստի միջճյուղային գիտությունների զարգացմանը

«Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» գիտաժողովը կնպաստի 
միջճյուղային գիտությունների զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» միջազգային գիտաժողովի արդյունքում կմշակվեն միջճյուղային գիտությունների, մասնավորապես պատմաաստղագիտության և մշակութային աստղագիտության հիմնահարցերը: Այս համաժողովը Հայաստանում կարող է միջճյուղային գիտությունների զարգացման օրինակ ծառայել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 13-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում գիտաժողովի բացմանն այս մասին ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

«Աշխարհում տարածվում և զարգանում է աստղագիտությունը մշակույթում՝ պատմամշակութային աստղագիտությունը: Սա Հայաստանի համար կարևոր թեմա է, մենք նախկինում ունեցել ենք հետազոտություններ, սակայն չի եղել համակարգված մոտեցում այս ոլորտին: Միջճյուղային գիտությունները Հայաստանում նոր են զարգանում: Սա կարող է միջճյուղային գիտությունների զարգացման լավագույն օրինակ լինել»,-ասաց Արեգ Միքայելյանը:

Գիտաժողովին զուգահեռ իրականացվում է նաև թեմային համահունչ նկարների ցուցահանդես՝ աստղագիտությունը գեղանկարչությունում: Ներկայացված են Ղազար Միրզոյանի ստեղծագործությունները:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար  Աշոտ Հովակիմյանի կարծիքով, գիտաժողովի անցկացումը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս վերահաստատելու գիտության զարգացման հրամայականը՝ խրախուսելու մեր երկրների միջև գիտական համագործակցության բոլոր ջանքերը: «Հայկական աստղագիտական ընկերություն» ծրագիրն իրականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի հովանու ներքո: Ազգային հանձնաժողովը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական գործընկերն է Հայաստանում, իրականացնում է բազմաթիվ և բազմաբնույթ գործառույթներ:  Օգտագործելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընձեռած հնարավորությունները՝ նպաստում է միջազգային հանրության իրազեկմանը հայ գիտության և մշակույթի ձեռքբերումների մասին: Ազգային հանձնաժողովի և գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն»  ծրագրի միջազգային ռեգիստրում իրենց արժանի տեղն են  գտել հայկական երեք փաստագրական ժառանգության նմուշներ: Դրանցից մեկն աստղագետ Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությունն է »,-նշեց նա:

Միջազգային աստղագիտական միության գլխավոր քարտուղար Պիերո Բենվենուտի կարծիքով, աստղագիտությունը զգալիորեն փոխվել է: Սակայն մինչ այժմ իրենք հաջող կերպով օգտագործում են  հարուստ կենսափորձ ունեցող տեխնոլոգիական գործիքներ՝ իրականացնելու մոնիտորինգ և հետաքննելու կոսմոսի ֆենոմենը: «Քանի որ մեր միությունն ունի հանձնարարական՝ նպաստել աստղագիտության զարգացմանը, դրա համար մենք աստղագիտության և մշակույթի միջև կապ ենք ուզում ստեղծել»,-ասաց նա ու կարևորեց հանգամանքը, որ կոնֆերանսն անցկացվում է Հայաստանում:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կարևորեց գիտաժողովը նաև այն առումով, որ կծանոթանանք նոր մտահղացումների:

Գիտաժողովի համանախագահ Սոնա Ֆարմանյանը, ով գրականագետ է և, միաժամանակ, աշխատում է Բյուրականի աստղադիտարանում, միջճյուղային գիտության զարգացման լավագույն օրինակներից է: «Միջնադարյան ձեռագրերում ուսումնասիրում են աստղագիտական գիտելիքները: Գիտաժողովի շրջանակում ներկայացնում եմ, թե հանելուկներում ի՞նչ աստղագիտական գիտելիքներ կան»,-ասաց նա:

Վերջին տարիներին աշխարհում լուրջ ուշադրություն է դարձվում պատմամշակութային աստղագիտության բնագավառին: Ստեղծվել են մի շարք միջազգային կազմակերպություններ, անցկացվում են միջազգային գիտաժողովներ և տպագրվում միջազգային ամսագրեր:

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ-ն, Հայկական աստղագիտական ընկերությունը, Բյուրականի աստղադիտարանը և ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը: Գիտաժողովը կտևի նոյեմբերի 13-17-ը: Կլինեն այցելություններ նաև Զորաց քարեր և Բյուրականի աստղադիտարան: Գիտաժողովին մասնակցում են ոլորտի մասնագետներ տարբեր երկրներից, տարբեր երկրների դեսպաններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]