Դիլիջանում մաքրացեղ խոզատեսակներ կբուծեն
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի հետ այցելել է «Երեմյան փրոջեքթս» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա՝ ծանոթանալու նորաստեղծ հաստատության գործունեությանը։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Երեմյան փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշել է, որ «Երեմյան փրոջեքթս» ընկերությունն իրականացնում է 3 խոշոր նախագիծ, որոնցից մեկն էլ հենց ակադեմիան է։ Երկրորդ ուղղությունը գյուղատնտեսությունն է, երրորդն էլ՝ նոր ձևաչափի ռեստորանները։ «Այս տարվա ներդրումների ծավալը մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլար կկազմի և կստեղծվի 250 նոր աշխատատեղ», - նշել է Դավիթ Երեմյանը։
Նախարարին տեղեկացվել է, որ Դիլիջանում նոր խոզաբուծական ֆերմա է բացվել, և Հայաստան են բերվել կանադական հայտնի Genesus Genetics ընկերության մաքրացեղ խոզատեսակներ: Ընկերությունն օգտվել է մաքրացեղ խոշոր եղջերավոր կենդանիների համար տրվող պետական սուբսիդավորման արտոնությունից։
Ֆերման համապատասխանեցված է արտադրության և որակի միջազգային սահմանված բոլոր չափանիշներին: Նշվել է նաև, որ Ջերմուկում արդեն գործում է խոշոր անասնաֆերմա, որտեղ պահվում են մաքրացեղ անասուններ. մեծածավալ ներդրումներ են իրականացվում այն նորարարական տեխնոլոգիաներով հագեցնելու համար։
Տեղում քննարկվել է գաստրոզբոսաշրջությանն առնչվող մեծամասշտաբ միջոցառում իրականացնելու հնարավորությունը, որը կհամախմբի գաստրոարդյունաբերության ոլորտում ծառայություն մատուցող ընկերություններին՝ ներկայացնելու հայկական սննդի բազմազանությունը՝ ներգրավելով նաև միջազգային մասնագետների։