Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ինտեգրացիոն գործընթացներին ՀՀ մասնակցությունն՝ ըստ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի

Ինտեգրացիոն գործընթացներին ՀՀ մասնակցությունն՝ ըստ քաղաքական ուժերի 
նախընտրական ծրագրերի

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ կարևոր է պատկերացում կազմել, թե պատգամավորական մանդատների հավակնող քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ինչպիսի մոտեցումներ է որդեգրել և ինչ տեսլական ունի Հայաստանի արտաքին քաղաքականության, այդ թվում՝ ինտեգրացիոն գործընթացներին երկրի մասնակցության հարցում։ Հայաստանի մասնակցությունն ինտեգրացիոն գործընթացներին երկրի արտաքին քաղաքականության կարևոր բաղկացուցիչ մասն է, և մշտապես եղել է Հայաստանի քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածների համադրական վերլուծությունը թույլ է տալիս ինչպես վերհանել և համեմատել նրանց մոտեցումներն ինտեգրացիոն գործընթացներին ՀՀ մասնակցության առնչությամբ, այնպես էլ պարզել հարցի վերաբերյալ այն հիմնական օրինաչափությունները և միտումները, որոնք այսօր առկա են ՀՀ քաղաքական դաշտում։

Ինտեգրացիոն գործընթացներին ՀՀ մասնակցության վերաբերյալ քաղաքական ուժերի մոտեցումները ներկայացված են ըստ քվեաթերթիկներում նրանց համարների հերթականության։

Այսպես, Հայաստանի հանրապետական կուսակցությունը մատնանշում է, որ իշխանության գտնվելու ժամանակ որդեգրած և իրականացրած հավասարակշռված արտաքին քաղաքականությունը «խոհեմ և ճիշտ» էր, այսինքն՝ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) հետ ընդլայնվող գործընկերությունը՝ ի դեմս Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ), լավագույն ընտրությունն էր, որ Հայաստանը կարող էր կատարել։ Այս առումով կուսակցությունը կարևորում է նաև այն հանգամանքը, որ ներկայիս իշխանությունները շարունակում են տվյալ կուրսը և արտաքին քաղաքականության հարցում շրջադարձեր չեն իրականացնում, ինչն, ըստ ՀՀԿ-ի, վկայում է նման մոտեցման՝ ճիշտ լինելու մասին։ Հանրապետական կուսակցությունը խոստանում է՝ «շարունակելու է աշխատել հավասարակշռված և վարելու է Հայաստանի երկարաժամկետ շահերից բխող  արտաքին քաղաքականություն»:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում չի անդրադառնում ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի անդամակցության հարցին, սակայն արտաքին քաղաքականության տեսլականն ուրվագծելիս նշում է, որ «Հայաստանը պետք է հստակեցնի իր իրավունքների և պարտականությունների տիրույթն» այդ ոլորտում։

ՀՅԴ-ն իր նախընտրական ծրագրում նշում է, որ «արտաքին քաղաքականության վեկտորն ընտրելիս պետք է առաջնորդվել բացառապես ազգային շահով և վարել անկախ արտաքին քաղաքականություն», սակայն կուսակցությունը չի հստակեցնում արտաքին քաղաքական այդ հարցում ՀՅԴ առաջնահերթությունները։

«Իմ քայլը» դաշինքը խոստանում է «միջազգային ասպարեզում իրավահավասար ու արժանապատիվ հարաբերությունների հետագա զարգացում, համաշխարհային և տարածաշրջանային․․․ գործընթացներին պետության և ժողովրդի լայն ներգրավվածության ապահովում, Հայաստանի Հանրապետության հեղինակության և հայկական քաղաքակրթության ճանաչելիության բարձրացում»։ Հստակեցնելով ինտեգրացիոն գործընթացների հետ կապված մոտեցումները՝ դաշինքն առաջարկում է շարունակել Հայաստանի որդեգրած կուրսը՝ զարգացնելով փոխշահավետ համագործակցությունը եվրասիական տարածաշրջանի երկրների հետ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ինչպես նաև խորացնելով երկկողմ հարաբերությունները այս տարածաշրջանի երկրների հետ։ «Իմ քայլը» առաջարկում է շարունակել նաև Եվրոպական միության հետ հարաբերությունների տրամաբանությունը՝ ի դեմս ՀԸԳՀ-ի կիրարկման, ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման, ինչպես նաև քայլեր ձեռնարկել եվրոպական պետությունների հետ երկկողմ հարաբերություններին «նոր շունչ հաղորդելու ուղղությամբ»։

Նախընտրական ծրագրում ինտեգրացիոն գործընթացներին ՀՀ մասնակցությանը մանրամասն անդրադարձել է Լուսավոր Հայաստան կուսակցությունը։ Առաջարկվում է «հավասարակշիռ, ճկուն և հեռատես արտաքին քաղաքականության» իրականացում, որը զերծ կլինի աշխարհաքաղաքական ազդեցություններից և ուժային կենտրոնների միջև առկա հակասություններից։ Մասնավորապես, կուսակցությունն առաջարկում է չբավարարվել ՀՀ-ԵՄ համաձայնագրի առկայությամբ և նախաձեռնել ռազմավարական գործընկերության ձևավորում ԵՄ-ի հետ, և ընդհանուր առմամբ ավելի մեծ նախաձեռնողականություն դրսևորել համաեվրոպական գործընթացներում։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա «Լուսավոր Հայաստանը», ինչպես նշված է նախընտրական ծրագրում, 2017թ․-ի համեմատ՝ որոշակիորեն փոփոխել է մոտեցումը կառույցին ՀՀ անդամակցության վերաբերյալ։ Ծրագրում մասնավորապես նշվում է, որ ՀԸԳՀ-ի ստորագրումն ու վավերացումը, ինչպես նաև վերջին ամիսներին Հայաստանում տեղ գտած քաղաքական փոփոխությունները հնարավորություն են ստեղծել «բոլոր միջազգային հարթակներում, այդ թվում՝ եվրասիական ինտեգրացիոն նախագծերում գործել ի շահ Հայաստանի և զարգացնել Հայաստանի տնտեսությունը»։ Ավելին, ըստ կուսակցության՝ Հայաստանը կարող է դառնալ համագործակցության հարթակ եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն տարածքների միջև։

Հայաստանի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը նախընտրական ծրագրում չի մանրամասնում իր մոտեցումները Հայաստանի արտաքին քաղաքականության, այդ թվում՝ ինտեգրացիոն գործընթացներին մասնակցության մասով, սակայն նշում է, որ արտաքին քաղաքականությունը «պետք է հիմնված լինի բացառապես հայամետ դիրքորոշման և հայաստանակենտրոն քաղաքականության վրա»։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական կարևորագույն հարցերի վերաբերյալ հանդես է գալիս տարբերվող մոտեցմամբ՝ առաջարկելով հանրաքվե անցկացնել «ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլ միջպետական ու վերպետական կառույցներին Հայաստանի անդամակցության, ինչպես նաև Հայաստանի տարածքում օտար պետությունների ռազմաբազաների առկայության նպատակահարմարության հարցի» վերաբերյալ։ Կուսակցությունը կարևորում է հանրաքվեների ինստիտուտի կիրառումը «երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումների ընտրության և Արցախի հարցի կարգավորման» գործընթացում։ 

Ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի անդամակցության հարցում «ՄԵՆՔ» դաշինքն ունի խիստ ընդգծված մոտեցում։ Քաղաքական ուժը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցումը համարում է «ամենամեծ վրիպումը», իսկ ապագայում ԵՄ-ին անդամակցությունը՝ «ռազմավարական տեսլական»։ Մասնավորապես, դաշինքն առաջարկում է վերանայել ԵԱՏՄ-ին ՀՀ անդամության հարցը, քանի որ ըստ դաշինքի՝ կառույցն արդյունավետ չէ, և Հայաստանի համար ունեցել է ոչ թե դրական այլ բացասական ազդեցություն, ինչպես նաև Հայաստանը քայլ առ քայլ տանել դեպի ԵՄ։

«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի 50 քայլերից երկուսը վերաբերում են նաև ինտեգրացիոն գործընթացներին ՀՀ մասնակցության հարցերին։ ՕԵԿ-ն առաջարկում է ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում ՀՀ դիրքերի հետևողական ամրապնդում և ԵՄ-ի հետ գործընկերության առաջընթաց: 

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը նախընտրական ծրագրում առաջարկում է «որակապես նոր մակարդակի հասցնելու հարաբերությունները Եվրոպական միության» հետ, սակայն չի անդրադառնում ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցին՝ միևնույն ժամանակ նշելով, որ պետք է վերանայվեն Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ «դրանք կառուցելով իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա»:

Եվ, վերջապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խոստանում է շարունակել Հայաստանի գործուն մասնակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ աշխատանքներին, միևնույն ժամանակ ապահովել կառուցողական մասնակցություն եվրաինտեգրման գործընթացներին։

 Ամփոփելով, պետք է փաստել, որ ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի շրջանում գերակշռում է արտաքին քաղաքական վեկտորների հավասարակշռման, ինտեգրացիոն գործընթացների համադրման և փոխլրացման մոտեցումը, թեև այդ ուժերն այս հարցում հանդես են գալիս որոշակի տարբեր շեշտադրումներով, ինչպես օրինակ՝ ՀՀԿ, «Իմ քայլը» դաշինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն և այլն։ Երկրորդ խմբում են այն ուժերը, որոնք հանդես են գալիս եվրաինտեգրման օգտին և ԵՄ-ին ՀՀ անդամակցությունը համարում են Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից մեկը («ՄԵՆՔ» դաշինք, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն)։ Նախընտրական ծրագրերում հստակ արտահայտված չեն «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության, Հայաստանի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության, ՀՅԴ-ի մոտեցումները ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության հարցում։

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն, ի թիվս այլ հարցերի, որոշակիորեն կարտացոլեն նաև ՀՀ քաղաքացիների մոտեցումը Հայաստանի արտաքին քաղաքականության, այդ թվում՝ ինտեգրացիոն գործընթացներին երկրի մասնակցության վերաբերյալ։

 

Վարդուհի Հարությունյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]