×


Կներկայացվի նոր սերնդի Porsche 911 GT3 R-ը

Նոր Porsche 911 GT3 R-ը հանրությանը կներկայացվի այս տարվա 24 Hours of Spa-Francorchamps դիմացկունության մրցարշավի ժամանակ: 2023 թվականի մրցաշրջանից սկսած Porsche-ի հաճախորդների թիմերը կարող են նոր մրցարշավային մեքենան ներկայացնել GT3 կանոնակարգերին համապատասխանող համաշխարհային ավտոսպորտի միջոցառումների ընթացքում:

Մեքենան հիմնված է վերջին 992 սերնդի 911-ի վրա: Իր նախորդի համեմատ՝ նոր 911 GT3 R-ն առանձնանում է ավելի մեծ շարժիչով, ավելի կայուն աերոդինամիկ կատարողականությամբ եւ մեքենայի օպտիմալացված բալանսով:


911 GT3 R-ի ստեղծման աշխատանքները սկսվել են 2019 թվականին: Առաջնահերթությունը տրվել էր պրոֆեսիոնալ վարորդների համար մեքենայի մանեւրականության հնարավորությունների հետագա բարելավմանը:


Մեկ այլ առաջնահերթություն էր թիմերի համար մրցարշավային մեքենաների կառավարման օպտիմիզացումը եւ ընթացիկ ծախսերի նվազեցումը: Այժմ Porsche Motorsport-ն առաջարկում է նոր 911 GT3 R-ը՝ 511 000 եվրո արժողությամբ:

«Նոր 911 GT3 R-ի վրա մեծ պատասխանատվություն է դրված», - ասում է Porsche Motorsport-ի վաճառքի տնօրեն Մայքլ Դրայզերը:


«Նախորդ տարբերակը 2019 թվականից ի վեր հաղթել է գրեթե ամենուր, որտեղ հնարավոր էր հաղթել GT3-ի չորս սեզոնների ընթացքում: Այն դասակարգային հաղթանակներ է գրանցել 24 Hours of Daytona եւ 12 Hours of Sebring դիմացկունության մրցարշավներում: Նոր մոդելը հսկայական ծանրաբեռնվածության է ենթարկվելու Porsche-ի հաճախորդների մրցարշավային թիմերի կողմից», - նշում է նա:


Նոր մրցարշավային մեքենայի հիմքում 992 սերնդի 911 էներգաբլոկի վրա հիմնված շարժիչն է: Ինչպես նախորդ մոդելում, այն ջրով հովացվող, հարթ, վեց մխոցային շարժիչ է, չորս փականի տեխնոլոգիայով եւ վառելիքի ուղղակի ներարկմամբ:

911 GT3 R-ի կախոցը, որի շատ մասեր փոփոխվել են, ապահովում է մեքենայի մանեւրությունը, ղեկի ավելի ճշգրիտ կառավարումը, հետեւի անվադողերի ավելի քիչ մաշվածությունն ու նվազեցնում կարգավորումների փոփոխությունների վրա ծախսվող ժամանակը:


Այն Porsche Motorsport-ի երկրորդ մրցարշավային մեքենան է՝ հիմնված ներկայիս 992 սերնդի 911-ի վրա՝ 911 GT3 Cup-ից հետո: Նրա թեթեւ ալյումինե-պողպատե թափքը հիմնված է սերիական մոդելի վրա, թեեւ լուրջ փոփոխությունների է ենթարկվել 911 GT3 R-ում օգտագործման համար: Թափքի գրեթե բոլոր բաղադրիչները պատրաստված են թեթեւ կարբոնից՝ ներառյալ առջեւի եւ հետեւի կափարիչները, դռները, կողային վահանակները, հետեւի թեւը եւ տանիքը։


Անվտանգության առումով նոր 911 GT3 R-ը անզիջում մոտեցում է ցուցաբերում: Նստատեղը մոտեցվել է մեքենայի կենտրոնին։ Ինչպես եւ նախորդում, ղեկն ու ոտնակները կարող են կարգավորվել երկայնական ուղղությամբ՝ վարորդին հարմարեցնելու համար:

Նոր 911 GT3 R-ի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Porsche-ի կայքում այս հղումով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին