Բաժիններ՝

«Բա վարչապետ ես, մի հատ ձեռքդ խփի՛ր սեղանին, ասա՝ էս ի՞նչ կապիկություն եք անում». Հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձած գործարարը որոշել է լքել երկիրը

ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձավ նախկին գործարար, Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը, ում պատկանող բոլոր ընկերությունները սնանկ են ճանաչվել:

«Յոթ ամիս է՝ դիմում եմ Կառավարությանը, բայց Նիկոլ Փաշինյանը ժամանակ չի գտնում, որպեսզի հանդիպենք: Ես միշտ ասել եմ՝ նախկինում թեկուզև խաբում էին, բայց ընդունում էին: Հիմա, մտածում եմ՝ երևի ամեն ինչից անտեղյակ են: Գիտե՞ք, այս երկու տարվա մեջ ռիսկ չէին անում ամեն ինչը վաճառել, բայց հիմա ավելի արագ է արվում ամեն ինչ: Ամենամեծ ֆաբրիկան վաճառվել է 250.000 դոլարով, բայց 5-6 մլն դոլար կարժենար, եթե մեկը գար գներ: Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ սպասելիքներով էի վերադարձել… իսկ հիմա լրիվ փոշմանել եմ:

Դիմում եմ Կառավարությանը հանդիպման համար, բացարձակ չեն ընդունում: Մի անգամ հեռախոսով են խոսել, ուղարկել են ծրագրերի վարչություն, այստեղից էլ պարզվեց, որ խեղճ Արմենը պետք է գնա բանկի հետ լեզու գտնի: Ո՞նց չեք կարողանում հասկանալ, որ ես բանկին շատ եմ գումար տվել:

Ես միայն ինձ համար չեմ անհանգստանում: Գյուղատնտեսության վիճակն էլ է վատանալու: Ավելին՝ նախկին հարուստներն ամեն ինչ թաքուն առնում են, ավելի վատ վիճակ է լինելու: Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի գյուղատնտեսությունը: Այն, որ ստից ցույց են տալիս՝ ներդրող է գալու, արաբ է գալիս, և այլն, դա ի՞նչ է… էժան փողերը գալու են պտտվեն, գնան այստեղից: Ունենք 170.000 հեկտար չօգտագործվող հող:

Բացատրում եմ վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանին, ասում եմ՝ փող չեմ ուզում, Նիկոլ Փաշինյանը չի՞ ուզում գոնե մի 30 րոպե խոսեմ, հասկանանք, թե ի՞նչ է կատարվում: Ախր, ես ոլորտ էի զարգացրել: Այսօր Էջմիածնում արդեն ձու չկա, տակից 100 դրամով վաճառում են, իսկ 2016 թվականին ինձ սարքեցին ազգի դավաճան, որ դրսից փորձել էի ձու ներկրել: Հիմա մեր հայկական հավի ու ձվի մեջ սալմոնելա կա, ֆաբրիկաներում մեծ մասը սատկել են, ոչ մեկը պատճառը չգիտի:

Ես հիմա չեմ հասկանում, թե ի՞նչ է կատարվում: Գոնե Հովիկ Աբրահամյանն ասում էր՝ խնդրում եմ, ֆաբրիկաները չփակես, լավ է լինելու, նա վախենում էր 450 աշխատողի համար: Իսկ նոր իշխանության պետքն էլ չէ: Ուղղակի արհամարհում են: Բա ինչո՞ւ արդար դատավարություն չեն անում, իմ նմաններից խլածն ո՞վ է հետ բերելու: Հիմա նախարարությունները փակելուց են խոսում: Է հա, ոչ այն ժամանակ են պրոֆեսիոնալ աշխատել, ոչ հիմա: Ես հիմա որոշել եմ հեռանալ: Նախկինում կատարված խուզարկության ժամանակ իմ աղջիկը հիվանդություն է ձեռք բերել:

Ես ֆաբրիկաների, 25 միլիոնի կորցնելու մասին էլ չեմ մտածում: Ես իմ երեխայի առողջությունն եմ կորցրել: Հիմա հետևում են նախկինների արածներին, ստեղծած օրենքներին, մի բան էլ գործին ընթացք են տվել: Բա վարչապետ ես, մի հատ ձեռքդ խփեիր սեղանին, ասեիր՝ էս ի՞նչ կապիկություն եք անում:

Իմ ֆաբրիկաներին ընդամենը 3 միլիոն դոլար ներդրում էր պետք, որի արդյունքում 500 աշխատատեղ էր բացվելու: Իսկ սրանք ասում են՝ արաբը կգա, ներդրում կանի, աշխատատեղ կբացվի: Ես չգիտեմ արդեն՝ ո՞նց խոսեմ: Ախր, չգիտեմ՝ ի՞նչ անեմ, չեմ էլ ուզում իմ երկիրը թողնել, հեռանալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմենակ Խաչատրյանը:

Հարցին՝ ինչո՞ւ էր հայտնվել նախկին իշխանությունների թիրախում, նախկին գործարարը պատասխանեց.

«Կյանքում ամեն ինչի հասել եմ սեփական քրտինքով, ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, հավանաբար այդ պատճառով նման կերպ վարվեցին ինձ հետ՝ խլելով բիզնեսն ու սեփականությունը։

Ժամանակին ասում էի՝ ինչո՞ւ եք մեր զինվորին  Ամերիկայից ներկրված հավի բուդ տալիս, ինչո՞ւ պետք  է նա դա ուտի, դա անգամ ամերիկացիներն  իրենց շներին չեն տալիս: Սվիններով ընդունեցին խոսքերս: Ինչ վերաբերում է ներկայիս իշխանությանը… արդեն անլուրջ եմ վերաբերվում: Այո՛, նրանք կաշառակեր չեն, թալանչի չեն, ուղղակի ոչ պրոֆեսիոնալ են, որոնց խաբում են հիմա ներքևի օղակներում նստածները:

Նաիրին ասում է՝ կներեք, մեր ձեռքը հնարավորություն չկա… ահա այսպիսի գեղեցիկ պատասխաններ: Ես հո փող չե՞մ ուզում, պարզապես խնդրում եմ՝ դադար տան այս գործընթացներին, ու ես սկսեմ աշխատել: Գոնե Փաշինյանը մի 30 րոպեով  ընդունի՝ խոսենք: Ես 8 հոգանոց ընտանիք ունեմ, երեք անչափահաս կա տանը, ո՞նց անեմ, ասեք՝ ի՞նչ անեմ: Մենակ իմ հարցը չի, չեմ ուզում, որ մյուսների հետ էլ այդպես վարվեն»:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս