Մատչելիության հղումներ

Առաջարկվում է ստեղծել համայնքապետին պաշտոնանկ անելու օրենսդրական հնարավորություն


Համայնքապետի հրաժարականի պահանջով ցույց Մարալիկում:
Համայնքապետի հրաժարականի պահանջով ցույց Մարալիկում:

Խորհրդարանականները օրենքի նախագիծ են շրջանառության մեջ դրել, որով առաջարկում են համայնքնապետին պաշտոնանկ անելու նոր հնարավորություն:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ համայնքներում սկսված գործընթացներն են առիթը․ - «Տարբեր համայնքներում գործընթացներ կան, որոնք դեմ են գործող համայնքի ղեկավարներին, և մարդիկ պահանջում են համայնքների ղեկավարների հրաժարականը: Մենք երեք պատգամավորներով որոշեցինք առաջարկել համայնքապետերին անվստահություն հայտնելու մեխանիզմ»:

Առաջարկվում է «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացում կատարել` համայնքի բնակչությունը կարող է նախաձեռնել ու տեղական հանրաքվեի դնել համայնքապետին անվստահություն հայտնելու հարցը: Եվ որպեսզի սա բնակավայրերում ամենօրյա զբաղմունք չդառնա, շեմ է սահմանվել:

«Ընդամենը հավաքելով ընտրության իրավունք ունեցող անձանց 20 տոկոսի ստորագրությունը: Այնուհետև հարցը ներկայացնել տեղական հանրաքվեի, և եթե հանրաքվեին կմասնակցեն ընտրության իրավունք ունեցող մարդկանց 40 տոկոսը, ապա ձայների մեծամասնությամբ հնարավոր կլինի անվստահություն հայտնել», - պարզաբանեց Կարապետյանը:

Նախագծի հեղինակները հիմնավորում են, թե հանրապետության տարբեր մարզերում օրեցօր համայնքապետերի դեմ բողոքի օջախներ են թեժանում, մարդիկ նրանց պաշտոնավարմանը դեմ են, բայց համայնքապետերը հրաժարական չեն տալիս, իսկ հեռացնելու այլ տարբերակ չկա:

Փոփոխություն են առաջարկում նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում․ - «Որ հանրաքվեի արդյունքը հիմք հանդիսանա լիազորություններից զրկելու համայնքի ղեկավարին» (Վարազդատ Կարապետյան):

Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց,որ առաջարկին ծանոթ չէ․ - «Էդ մեխանիզմը պիտի տեսնեմ, հասկանամ, կարդամ: Եթե նույնիսկ քննարկում եղել է, դա աշխատանքային քննարկում է: Այս պահին որևէ բան չեմ կարող ասել»:

Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը կարծում է, որ հանրաքվեով համայնքապետին պաշտոնանկ անելու հնարավորությունը կթուլացնի տեղական իշխանությունը, նրա պատասխանատվությունը կդառնա հեղհեղուկ: Բացի սրանից, ըստ Երիցյանի, նախագծի հեղինակները պետք է Սահմանադրական դատարանի եզրակացությունն ստանան. - «Ժամանակին Սահմանադրական դատարանը նման մի հայտ քննարկել է՝ Վանաձոր համայնքի ղեկավարին հետ կանչելու հետ կապված: Եվ Սահմանադրական դատարանը, նախկին Սահմանադրության հետ կապված տվել է հստակ եզրահանգում, որ համայնքի ղեկավարը հետ կանչվել չի կարող»:

Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը նոր մեխանիզմի կիրառումը ընդունելի է համարում՝ եթե այն լինի ժամանակավոր, միայն այս հետհեղափոխական փուլում: Ըստ Մովսիսյանի, տեղական իշխանության ձևավորման գործող կարգով, համայնքապետը ընտրվելու հաջորդ օրն իսկ ընդդիմադիրների վճռորոշ զորք կարող է ունենալ․ - «Եթե, ասենք, մի փուլի մասնակցում են 15 թեկնածու, բոլորը հավաքում են 8 տոկոս, իսկ էն մյուսը՝ մի քիչ ավելի շատ՝ ասենք 8,5, ապա նա միանգամից դառնում է համայնքի ղեկավար: Ակնհայտ է, որ հաջորդ օրը, երբ որ ինքը ստանձնեց լիազորությունը, արդեն 90 տոկոսից մի քիչ պակաս ընդդիմություն ունի»:

Այն, ինչ կատարվում է հանրապետության մեծ ու փոքր բնակավայրերում՝ համայնքապետարանի դուռը , ճանապարհները փակելուց, բողոքի ակցիաներից մինչև հացադուլ, Վահան Մովսիսյանը համարում է բնական գործընթաց: Համայնքների մեծ մասում, նրա խոսքով, ամենաբարեկեցիկ ընտանիքը համայնքապետին է․ - «Մեշ հաշվով ինչի՞ց էին վախեցել երկար տարիներ մեր հայանքի ղեկավարները: Ամենևին չէին վախում, որ թույլ ծառայություն են մատուցում, որ լավ չեն կառավարում: Նրանք վախում էին մի բանից՝ անպայման կարողանան իրականացնեն համապետական ընտրություններին էն խնդրի լուծումը, ինչը իրանց առաջ դրված ա: Եթե իրանք կարողանում էին հաջողությամբ դա լուծել, իրանք համարում էին, որ իրանք լավ են աշխատում: Եվ այդպես համարվում էր ամբողջ համակարգում: Հիմա ինչ-որ բան ա փոխվել»:

Վահան Մովսիսյանը, սակայն, նկատում է, թե մարդիկ անտեղյակ են և չգիտեն, որ ստորագրահավաքներով համայքնապետից ազատվել չեն կարող՝ եթե իհարկե նա հոգեբանական ճնշման ներքո չհեռանա․ - «Ոնց որ ճնշման տակ հրաժարական տվեց Հանրապետական կուսակցությունը: Ճնշումը ոչ մեկը չի արգելում՝ եթե դա օրինականության սահմաններում է: Բայց, քանի որ ինքը կոռուպցիոն ռիսկերով լիքը իշխանություն էր, շատերը նույնիսկ, եթե սկսեն փորփրել, իրանք անմիջապես կհեռանան»:

Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի կարծիքով, համայնքների բազմազանության մեջ գուցե կան բողոքի օբյեկտիվ պատճառներ, բայց այս ամենը նա գնահատում է որպես տեղեական իշխանության արժեզրկման գործընթաց․ - «Տեսնում ենք նաև էդ տեսակ մոտիվացիայով, երբ որ մարդիկ ունենում են անձնական շահեր և դա քողարկում են քաղաքական կամ հայանքի ղեկավարին ուղղված միտումներով»:

Երիցյանի դիտարկմամբ, համայնքապետերը դարձել են քարկոծվող, թույլ օղակներ: Նրանց նկատմամբ անվստահությունը, ըստ Երիցյանի, նաև իշխանությունն է խորացնում՝ նրանց անընդհատ թիրախավորելով որպես կոռումպացվածների․ - «Եթե ընդհանրապես մենք համարենք, որ համայնքի ղեկավարները գող են, կոռուպցիոներ են, ավազակ են, ապա սա ազդում է բոլորի անհատական ընկալման վրա: Երբեք որևէ մեկը չի կարող ոգևորված, առողջ, մոտիվացված աշխատել, ընտրվել ավագանու անդամ կամ համայնքի ղեկավար, եթե իրեն միևնույն է ընկալելու են այդ կլիշեների մեջ»:

Համայնքապետի հրաժարականի պահանջով այս պահին էլ փակ է Մարալիկի համայնքապետարանի շենքը, Զարթոնքում են կրքեր շիկանում, Քասախում ավագանու անդամը նույն պահանջով հացադուլը օրերս դադարեցրեց: Եվ այս շարքը անավարտ է:

Տարածքային կառավարման փոխնախարարը անհանգստանալու առիթ չի տեսնում՝ քաղաքացիական դրսևորումներ են, որ պիտի ձգվեն այնքան, որքան դրա պահանջարկը լինի:

Տերտերյանն ասում է, որ լուծումներ տեղում էլ գտնում են. - «Մի դեպքում կարող է լինել հրաժարականը, մի դեպքում կարող է լինել երկխոսությունը, մի դեպքում կարող է լինել չհրաժարականը․․․ կյանքը բազմազան է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG