HSBC-ի վրա հարձակումը կասեցնողները մեդալներ են ստացել

HSBC-ի վրա հարձակումը կասեցնողները մեդալներ են ստացել

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակման կասեցման մասնակիցները պարգևատրվել են մեդալներով: Հանցագործություն կատարած անձին վնասազերծելիս զոհվել է Պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկան, ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը: Ծառայողական պարտականությունները կատարելիս խիզախություն և անձնազոհություն ցուցաբերելու համար Արա Շախգուլյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով։

Ավազակային հարձակման ժամանակ խիզախություն և անձնազոհություն ցուցաբերելու համար «Արմոբիլ» անվտանգության ծառայության պահնորդ Խաչատուր Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանության պետի հրամանով՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվել է նաև «Արմոբիլ» անվտանգության ծառայության պահնորդ Արամ Մկրտչյանը, որին հրազենային վնասվածք էր պատճառել հանցագործը։

Հանցագործին վնասազերծելու ժամանակ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար Պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկան, ոստիկանության ավագ Վաղինակ Սարգսյանը ոստիկանության պետի հրամանով, պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով։

Ոստիկանությունը կարևորում է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում քաղաքացիների համագործակցությունը, ոստիկանության ծառայողներին ցուցաբերած աջակցությունը:

Հանցագործին բռնելիս ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ խմբերին աջակցած քաղաքացիներ Տիգրան Ալավերդյանն ու Հրաչյա Մեժլումյանը, ոստիկանության պետի հրամանով, պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել՝ հարձակվող անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:

Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել: Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն:Պարզվել է, որհարձակում գործած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---