HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Սուրեն Կարայանին են ներկայացվել Սյունիքի մարզի տնտեսական ծրագրերը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 14-16-ը աշխատանքային այցով Սյունիքում էր՝ ծանոթանալու մարզի տնտեսական և զբոսաշրջային ծրագրերին։

Ինչպես տեղեկացնում է նախարարությունը,  Սուրեն Կարայանն այցելել է «Սյունիք ֆուդ» ընկերության շինհրապարակ։ Նախարարի գլխավորած աշխատանքային խումբը ծանոթացել է արտադրամասի շինարարական աշխատանքներին և քննարկել ներդրումային ծրագրի իրականացման ընթացքը։ Ընկերության գործադիր տնօրեն Սարմեն Սարգսյանի խոսքով՝ կառավարությունը ձեռք է մեկնել իրենց ծրագրին և պետության կողմից տրված արտոնությունը մեծապես օգնել է ծրագրին։ Գործարարը նշել է, որ գործարանի շինարարական աշխատանքները կավարտվեն երկու ամսից՝ սկսելով պահածոների արտադրությունը։

Սուրեն Կարայանն ընթացքում այցելել է նաև Սյունիքի Ազատ տնտեսական գոտու շինհրապարակ՝ ծանոթանալու ծրագրի ընթացքին։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին են ներկայացվել ազատ տնտեսական գոտու հատակագիծը, ենթակառուցվածքները և շինարակական աշխատանքների մանրամասները։ Նախարարը և Մեղրու մաքսակետի ղեկավարությունը Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչների հետ քննարկել են ծրագրի իրականացման փուլերը և ժամկետները։ Սուրեն Կարայանը նաև ծանոթացել է Մեղրու մաքսակետում իրանցի զբոսաշրջիկներին տրամադրվող տեղեկատվական նյութերին, զբոսաշրջիկների ներհոսքի վերաբերյալ տվյալներին:

Նախարար Կարայանի օրակարգում էր նաև այցը Մեղրու պահածոների գործարան: Գործարանի տնօրեն Գրիշա Գրիգորյանը նախարարի հետ զրույցում նշել է, որ արտադրամասը կրկնապատկել է արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ։ Գործարարի խոսքով՝ պետության՝ «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամադրված վարկը և պետական սուբսիդավորումը էապես օգնել են բիզնեսին ոտքի կանգնել և ընդլայնվել, իսկ խնայողություններն ուղղվում են գործարանի վերազինմանը։ Գրիշա Գրիգորյանը նշել է, որ ավելացել են նաև արտահանման ուղղությունները՝ ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Ուկրաինա։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Սյունիքում քննարկել է նաև մարզի թեթև արդյունաբերության ներուժը։ Նախարարը հանդիպումներ է ունեցել Գորիսի, Կապանի և Խնձորեսկի թեթև արդյունաբերության ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։ Սուրեն Կարայանը վերջիններիս հետ քննարկել է զարգացման ծրագրերը և պետության օժանդակության ձևաչափը։ Նախարարի խոսքով՝ առկա հզորություններով միայն թեթև արդյունաբերության ոլորտում Սյունիքի մարզում հնարավոր է 1000-1500 լրացուցիչ աշխատատեղ ստեղծել։ Նախարարը հավելել է, որ կառավարությունը հետամուտ կլինի մարզի թեթև  արդյունաբերության ծրագրերի խթանմանն ու զարգացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter