Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները հայտնի են

Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները հայտնի են

PanARMENIAN.Net - 2017 թ. ֆիզիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակի են արժանացել Քիփ Թորնը, Ռայներ Վայսը և Հարրի Բերիշըլազերային-ինտերֆերոմետրիկ գրավիտացիոն-ալիքային դիտարանի՝ LIGO (Laser Interferometer Gravitational-Wave Observatory) ծրագրում «բեկումնային ներդրման համար», ինչպես նաև «գրավիտացիոն ալիքների դիտարկման» համար: Այդ մասին հայտարարել է Նոբելյան կոմիտեն:

Վայսը ծնվել է 1932-ին Գերմանիայում, աշխատում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Բերիշը ծնվել է 1936-ին ԱՄՆ-ում, աշխատում է Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում: Նույն ինստիտուտից է նաև Քիփ Թորնը, որը ծնվել է 1940-ին ԱՄՆ-ում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

2016-ի փետրվարի 11-ին LIGO նախագծի մասնակիցները հայտարարեցին գրավիտացիոն ալիքների հայտնաբերման մասին: 2015-ի սեպտեմբերի 14-ին նրանք իրենց սարքերում մի ազդանշան հայտնաբերեցին, որը գալիս էր 36 և 29 արևային զանգվածներով երկու սև անցքերի համաձուլումից՝ Երկրից 1,3 մլրդ լուսային տարի հեռավորության վրա: Թեև ազդանշանը շատ թույլ էր, դա բավական էր այդ ալիքների գոյությունը հաստատելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Առաջին անգամ գրավիտացիոն ալիքների առկայությունը կանխատեսել էր Ալբերտ Էյնշտեյնը դեռևս 100 տարի առաջ:

Նոբելյան դափնեկիրներին մրցանակն ավանդաբար հանձնվում է Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին, մրցանակային գումարը 9 միլիոն շվեդական կրոն է (1 միլիոն դոլար):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---