211652_close_icon
views-count3680 դիտում article-date 23:00 21-02-2018

Տեղի է ունեցել գրքերի շնորհանդես և կլոր սեղան-քննարկում՝ նվիրված արևմտահայերենին

ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի դահլիճում փետրվարի 21-ին տեղի ունեցավ Սփյուռքի նախարարության պատվերով 2016-2017 թթ. հրատարակված «Գրական արևմտահայերենի և ՀՀ տարածքում գործառող Կը ճյուղի բարբառների առնչությունները», «Գրական արեւմտահայերէնի ուսումնասիրութեան պատմութիւն», «Արեւմտահայերէնի եւ արեւելահայերէնի մերձեցման ուղիները», «Քրդերեն-հայերեն, հայերեն-քրդերեն գործնական բառարան», «Արևմտահայերեն (կանոնակարգ և խնդիրներ)» գրքերի շնորհանդեսը: Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց ներկաներին Մայրենիի օրվա առթիվ և նշեց, որ այն մեր ամենապայծառ և ամենապարտավորեցնող տոներից մեկն է: «Յուրաքանչյուր հայ մարդ, պետական և հասարակական գործիչ իր գլխավոր խնդիրներից մեկը պիտի համարի մայրենի լեզվի անաղարտության պահպանումը: Եվ այսօր դիմում եմ բոլոր պաշտոնյաներին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, այն մարդկանց, ովքեր խոսում են հայերեն, հոգ տանել հայոց լեզվի մասին: Ինչպես Ավ. Իսահակյանն էր ասում, մայրենին պետք է ապրել, զգալ, օտար լեզուն՝ սովորել, հասկանալ»,-նշեց Սփյուռքի նախարարը: Անդրադառնալով արևմտահայերենին նվիրված գրքերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ այս ուսումնասիրությունները պետք է դառնան մայրենիի ուսուցման գործընթացի կարևոր բաղադրիչները և հասանելի լինեն սփյուռքյան դպրոցներին: «Առաջին և գլխավոր խնդիրը դպրոցական գրականության, միասնական դասագրքերի ստեղծման հարցն է: Այս խնդիրները տեղ են գտել նաև Սփյուռքի նախարարության կողմից մշակված՝ արևմտահայերենի պահպանման, զարգացման և կանոնարկման ռազմավարական ծրագրում: Պետք է Հայաստանում բնակվող սիրիահայ ուսուցիչների ներուժը ևս օգտագործենք: Ե՛վ ավագ դպրոցում, և՛ համալսարաններում, և՛ մշակույթի տարբեր բնագավառներում պիտի օգտագործվի նաև արևմտահայերենը: Ժամանակն է, որ խոսքից անցնենք գործի»,-շեշտեց Հրանուշ Հակոբյանը: Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարին և նախարարությանը արևմտահայերենը պետականորեն պահպանելու գործում նախանձախնդիր լինելու և ռազմավարության նախագծում կոնկրետ քայլեր նախանշելու համար: Ելույթներ ունեցան նաև Լեզվի պետական տեսչության ղեկավար Սերգո Երիցյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նրանք հատկապես կարևորեցին արևմտահայերենի՝ հայաստանյան դպրոցներում փորձնական ծրագրով դասավանդումը և արևմտահայ գրականության հանրահռչակումը: Այնուհետև գրքերի հեղինակները ներկայացրեցին իրենց կողմից մշակված հետազոտությունները: Այսպես, «Արեւմտահայերէնի եւ արեւելահայերէնի մերձեցման ուղիները» հետազոտության համաղեինակ, «Արևմտահայերեն (կանոնակարգ և խնդիրներ)» գրքի հեղինակ Հակոբ Չոլաքյանը նշեց. «Տասնամյակներ շարունակ Սփյուռքում լինելով արևմտահայերենի ուսուցիչ և դասագրքերի հեղինակ՝ հաստատվեցի Հայաստանում և հասկացա, որ գիտական ուսումնասիրություններ իրականացնելու անհրաժեշտություն կա: Արևմտահայերենը դժվար ճանապարհ է անցել, 19-20-րդ դարի զարթոնքի շրջանի և գեղագետների սերունդները ուղղակի ծաղկունքի հասցրին արևմտահայերենը: Հայոց ցեղասպանությունից հետո ցիրուցան եղած «մնացորդաց» սերունդը, որ սփյուռքահայ գրականության ու մշակույթի հունդերը սերմանեց՝ դարձավ հրաշագեղ արևմտահայերենի վերածննդի նոր երաշխավոր՝ Անդրանիկ Ծառուկյան, Մուշեղ Իշխան, Վահե Վահյան և այլք: Այսօր, կրկնում են, որ արևմտահայերենը վտանգված է: Մեզ պետք է ընդամենը բորբոքել վերածննդի ոգին: Առանց լեզվի չկա հավիտենականություն»: Շնորհանդեսի ավարտին «Հայկաշխարհ» (http://armlands.com/) արևմտահայերեն մանկապատանեկան կայքի համահիմնադիր Նայիրի Մկրտիչեանը ներկայացրեց մեկամյա կայքի ձեռքբերումները և համացանցի միջոցով արևմտահայերենի գիտելիքները զարգացնելու հնարավորությունները: Մանկապատանեկան կայքն առաջինն է իր տեսակի մեջ, ունի շաբաթական 10 հազար ընթերցող, որոնք աշխարհի 38 երկրներներից են: Նայիրի Մկրտիչեանը նշեց, որ կայքը տեղեկատվության աղբյուր է սփյուռքի ուսուցիչների համար և մեծ հարթակ սփյուռքահայ պատանիների համար: Այնուհետև տեղի ունեցավ արևմտահայերենի խնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկում: Քննարկման թեմաներն էին արևմտահայերենի պահպանումը և պաշտպանությունը, զարգացումն ու տարածումը, գործառության ոլորտների ընդլայնումը, կանոնարկումը, ուսուցումն ու ուսումնասիրումը, արևմտահայերենի և արևելահայերենի միասնական զարգացումը, փոխհարստացումը: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, Հայերենի բարձրագույն խորհրդի նախագահ Յուրի Ավետիսյանը հույս հայտնեց, որ գրքերի հրատարակությունները, բառարանների կազմումը, կլոր սեղան-քննարկումները կտան սպասված արդյունք: Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը հանդես եկավ «արևմտահայերենը՝ որպես երկրորդ լեզու» ձևաչափով առցանց դասագիրք ստեղծելու առաջարկով: Նա նշեց նաև, որ այժմ Լեզվի ինստիտուտը և Համազգային մշակութային միությունը աշխատանքներ են տանում արևմտահայերեն առցանց բառարան ստեղծելու ուղղությամբ, որում զետեղված կլինի արևմտահայերենի ամբողջ լեզվական պաշարը: Վիկտոր Կատվալյանը տեղեկացրեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ շուտով լույս կտեսնի «Մաշտոց» հայրենագիտական հանդեսը, որի նպատակը ևս արևմտահայերենի խնդիրների արծարծումն է: Լեզվի ինստիտուտի տնօրենը նշեց, որ ինստիտուտի կողմից լույս ընծայվող «Նոր բառեր» պրակներում տեղ են գտնում նաև արևմտահայերեն բառեր, որոնք վերցվում են արևմտահայ գրականությունից: Ինստիտուտի կայքը արդեն ունի արևմտահայերենին նվիրված բաժին, որտեղ ներկայացվում են լեզվի երկու ճյուղերում առկա այն զուգաձևությունները, որոնք հնարավոր է ներկայացնել որպես մեկ միասնական ձև: Արևմտահայերենի և արևելահայերենի մասին հավասարապես հոգ տանելու և դպրոցական ծրագրերում արևմտահայերենի դասաժամեր ունենալու առաջարկներով հանդես եկան նաև լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն ու Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիայի ներկայացուցիչ Կարինե Հայրապետյանը: Քննարկումն ամփոփեց Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա անդրադարձավ դասական սփյուռքում արևմտահայերենի պահպանման, լեզվի երկու ճյուղերին անաղարտության խնդիրներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր