1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուսական արվեստի բացառիկ նմուշները ներկայացվելու են «Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ցուցահանդեսում

Ռուսական արվեստի բացառիկ նմուշները ներկայացվելու են «Ինչպես է ծնվում 
գլուխգործոցը» ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան  թանգարանից Հայաստան են բերվել 19-ից 20-րդ  դարի ռուսական ժողովրդական և պրոֆեսիոնալ արվեստի առարկաներ, որոնք ներկայացված են «Ինչպես է ծնվում գլուխգործոցը» խորագրով ցուցահանդեսում: Ցուցանմուշները համադրված են  Երևանի Ռուսական արվեստի թանգարանում պահվող գեղարվեստական գլուխգործոցներով, որոնց հեղինակները` Վասիլի Սուրիկովը,  Միխայիլ Նեստերովը, Բորիս Գրիգորևը և այլք ոգեշնչվել են ռուսական ժողովրդական արվեստից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսը, որն անցկացվում է «Համագործակցության ժառանգությունը: Ավանդույթներն ապագայի համար»  երկարամյա միջպետական ծրագրի շրջանակում, բացվելու է հոկտեմբերի 28-ին Ռուսական արվեստի թանգարանում: 

«Այս ցուցահանդեսը  միջպետական, միջթանգարանային  համագործակցության արդյունք է, որն իր ձևաչափով  նոր էջ է բացում  Երևանի Ռուսական արվեստի թանգարանի գործունեության մեջ։  Կարևորում եմ  ցուցահանդեսի ոչ միայն համադրումը, այլև դիզայնը, որն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից թանգարանագիտական մոտեցումներին: Նորարարական է առարկաների մատուցման եղանակը»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը: 

Համառուսաստանյան դեկորատիվ-կիրառական  և ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն Ելենա Տիտովան ասաց, որ իրենց համար շատ կարևոր է աշխատել այն գործընկերների հետ, որոնք գնահատում են ծրագիրը, որը միտված է վերականգնել կապերը պրոֆեսիոնալների, մշակութային ինստիտուտների ու ստեղծագործող մարդկանց միջև: 

Նա շեշտեց, որ իրենց թանգարանի հավաքածուից Հայաստան են բերել հատընտիր ստեղծագործություններ: «Դրանք պատմում են դեկորատիվ արվեստի խորը արմատների  մասին: Կարծում եմ, որ այս ցուցահանդեսը դիտելով` արվեստասերների համար  պարզ կդառնա, որ մեր մշակույթների միջև կան ընդհանուր խորհրդանիշներ, ընդհանուր գծեր»,-նշեց Տիտովան: 

Նախագծի հեղինակ և գիտական ղեկավար Գալինա Անդրեևան հիշեցրեց, որ «Համագործակցության ժառանգությունը: Ավանդույթներն ապագայի համար» երկարամյա միջպետական ծրագիրը նպատակ ունի միավորել  հետխորհրդային երկրների ընդհանուր ավանդույթները:  Անդրեևան ընդգծեց, որ այս նախագիծը յուրահատուկ է և անդրադարձավ խորագրին՝ շեշտելով, որ գլուխգործոցը ծնվում է տաղանդից, հանճարից, իմացությունից, երբեմն` աշխատասիրությունից: «Այն ծնվում է բոլոր տպավորություններից, որոնք մարդը ստանում է իր կյանքի ընթացքում, հարազատներից, հարազատ տնից, երկրից ու մշակույթից, իսկ հարազատ հողը ժամանակակից արվեստն է: Ռուսաստանի քաղաքային, գյուղական մշակույթը  պարզ պատկերվում է այս ցուցահանդեսում ներկայացված գործերում»,- նշեց նա: 

Ցուցահանդեսը կուղեկցվի միջազգային գիտաժողովով, որը կրում է  «Ազգային ոճը։ Ժողովրդական ավանդույթից դեպի պրոֆեսիոնալ արվեստ» խորագիրը։ Այն  կբացվի հոկտեմբերի 29-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։

Գիտաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն կժամանի մշակույթի ոլորտի շուրջ չորս  տասնյակ մասնագետ ԱՊՀ տարբեր երկրներից: 

Ցուցահանդեսը և միջազգային գիտաժողովը Հայաստանում իրականացվում են «Համագործակցության ժառանգությունը։ Ավանդույթներ ապագայի համար» ԱՊՀ միջպետական երկարամյա  ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2014 թվականից։ Նախաձեռնողը և հեղինակը Դեկորատիվ-կիրառական  և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանն է։  Ըստ  վերոհիշյալ ծրագրի հայեցակարգի՝ յուրաքանչյուր տարի փոխվում է գործընկեր-երկիրը, որն ընդունում է ցուցահանդեսը և միջազգային գիտաժողովը` ԱՊՀ երկրների առաջատար մասնագետների  մասնակցությամբ։

Ծրագիրն արդեն իրականացվել է ԱՊՀ  մի շարք երկրներում։

2019 թվականին հյուրընկալող երկիր է ընտրվել Հայաստանի Հանրապետությունը` Երևանի Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)։

Ծրագրի կազմակերպիչներն են Դեկորատիվ-կիրառական  և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանը, Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու):

Աջակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը:  Նախաձեռնությունն իրականացվում է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի  շրջանակում։ 

Ցուցահանդեսը, որի համադրողը Միլա Վեդենսկայան է, իսկ դիզայները Աննա Գրիգորևան, բաց կլինի մինչև 2020 թվականի ապրիլը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]