1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ

Առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային 
մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միավորել տաղանդավոր կոմպոզիտորներին՝ հիմքում դնելով երաժշտությունն ու հայ դասական պոեզիան. Առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ: Այն անցկացվում է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Կողբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը նշեց, որ մեր լեզուն ու մշակույթն առաջ մղելու գործում սա կարևոր նախաձեռնություն է:

«Մենք նպատակ ունենք նախ նպաստել երկրի ներսում որոշակի մշակութային միջավայր ձևավորելուն, և երկրորդը՝ դրսում ներկայացնենք մեր պետությունը, մշակութային ժառանգությունը: Այդ օրակարգից ելնելով՝ մաեստրո Մանսուրյանի անվան միջազգային մրցույթը նախաձեռնելը լիարժեք հնարավորություն է տալիս մեր նպատակներին հասնելու համար»,-ասաց Արման Բարսեղյանը:

Մրցույթը նախաձեռնողներն ակնկալում են, որ ակտիվ կլինեն ոչ միայն հայ, այլև օտարերկրացի ստեղծագործողները: Արդեն այլ երկրներից հետաքրքրվողներ կան: Մրցույթին մասնակցելու մեկնարկը տրված է: Հայտադիմումների ընդունումը բաց է 2022 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2023 թ.-ի ապրիլի 1-ը: Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ  նախագծի պատասխանատու Սոնա Վերդյանը նշեց, որ մրցույթին կարող են մասնակցել ժամանակակից ակադեմիական ուղղվածության կոմպոզիտորներ՝ առանց տարիքային և ազգային սահմանափակումների:

«Վեց ամիս է տրված, որ ստեղծագործող անձինք կարողանան ուսումնասիրել հայ պոեզիան: Ասեմ, որ պոեզիայի ընտրության հարցում սահմանափակումներ չկան: Բոլոր ժամանակների դասական հայ պոեզիան ընդունելի է: Մասնակիցներն ազատ են, հարցերի դեպքում կարող են մեզ դիմել»,-ասաց Սոնա Վերդյանը:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը կարևոր է համարում նման մրցույթների անցկացումը: Նա նկատեց, որ հայ դասական երաժշտության ու հայ դասական բանաստեղծության համադրությունն այսօր հատուկ խնամքի պահանջ ունի:

«Ոչ երգերն են պակաս, ոչ այս ժանրի հետ հարաբերվող ստեղծագործողները, բայց ես պնդում եմ, որ այս մրցույթը լավ առիթ է հայ դասական երաժշտությունն ու պոեզիան միջազգային հարթակ դուրս բերելու համար: Ակնկալում ենք, որ այս մրցույթին ակտիվ կմասնակցեն նաև այլ ազգի հեղինակներ»,- ասաց Տիգրան Մանսուրյանը:

Յուրաքանչյուր կոմպոզիտոր կարող է ներկայացնել մեկ վոկալ-գործիքային ստեղծագործություն կամ շարք՝ գրված ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար: Ստեղծագործությունը պետք է գրված լինի վերջին մեկ տարվա ընթացքում: Այն երբևէ չպետք է լինի կատարված, ձայնագրված, հրատարակված կամ հրապարակված: Ստեղծագործության տևողությունը պետք է լինի նվազագույնը 8 րոպե, առավելագույնը` 12 րոպե: Կոմպոզիտոր, Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի հանձնաժողովի նախագահ Արամ Հովհաննիսյանը նշեց, որ ժյուրիի կազմն արդեն ձևավորվել է և անհամբեր սպասում են մասնակիցների ստեղծագործություններին:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել այս նախաձեռնության աշխատանքներում՝ որպես ժյուրիի նախագահ: Մենք շատ լավ հնարավորություն ունենք միջազգային ասպարեզում հարաբերվելու, հայ դասական պոեզիան ներկայացնելու համար: Մենք բոլոր հնարավորությունները ձեռնարկելու ենք մրցույթը միջազգային հարթակում ճանաչելի դարձնելու համար»,-ասաց Արամ Հովհաննիսյանը:  

Մրցութային փուլի արդյունքում ընտրված 6 ստեղծագործությունները կկատարվեն գալա-համերգի ընթացքում, որը տեղի կունենա 2023թ. մայիսին Երևանում: Եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցներն հնարավորություն կունենան մասնակցելու գալա համերգին, որի ընթացքում հայտնի կդառնան մրցանակակիրները: 1-ին մրցանակի համար սահմանված է 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 2-րդ մրցանակի համար՝ 2.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 3-րդ մրցանակի համար՝  1․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]