24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկո՛լ, քո աթոռից բացի այլեւս ոչինչ չես կառավարում այս երկրում. Բաբուխանյան

Եթե որոշ քաղաքական ուժեր նոր-նոր են գլխի ընկնում, թե այսօր երկրում ստեղծված իրավիճակն ինչի հետեւանքն էր, ՍԻՄ կուսակցությունը երկար տարիներ է արդեն իսկ պայքարում էր պետականաքանդ խմբերի՝ սորոսականների, ԼԳԲՏ-ականների, աղանդավորների ու նիկոլականների դեմ, ինչը փաստում են այն բազմաթիվ դատական գործերը, որոնք ընթանում են առ այսօր: Այս եւ տեղի ունեցող քաղաքական գործընթացների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ II, V, VI գումարումների պատգամավորՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԱՐԻ ՀԵՏՈ ԼՈՒԾԱՐԵԼ ՆԻԿՈԼԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ»

– Պարոն Բաբուխանյան, Դուք տարիներ շարունակ բարձրաձայնել եք առկա խնդիրների մասին: Եթե այն ժամանակ ականջալուր լինեին, հնարավո՞ր է, որ չունենայինք այսօրվա իրավիճակը:

– Իսկապես, ՍԻՄ կուսակցությունը ե՛ւ 2,5, ե՛ւ 10, 20 ու ավելի տարի առաջ պայքարել է ու մշտապես պայքարում է անբարոյականության, ազգաքանդության, ազգային արժեքների ոտնահարման դեմ: Ըստ էության, Սովետական միության քայքայումից հետո՝ այս ուղղությունները սկսեցին ներթափանցել Հայաստան եւ անընդհատ պետք էր դրանց դեմն առնել: Այո, այսօր «Կյանքի խոսք» աղանդի եւ ԼԳԲՏ-ների հետ ունենք դատական գործընթաց: Պայքարում ենք սորոսականների դեմ ու փորձում դատարանով նրանց կարգի հրավիրել, ինչպես նաեւ անօրինական եւ հանցավոր Ազգային ժողովի նիկոլական ռեժիմի դեպուտատիկների դեմ ենք պայքարում ոչ միայն խոսքով, մեր կուսակցության թերթ «Իրավունք»-ով ամենօրյա թիրախավորման մեջ պահելով այդ հակազգային երեւույթները, այլ նաեւ դատական համակարգով, քաղաքական մակարդակով եւ այլն: ՍԻՄ կուսակցության նպատակն է Հայաստանում թույլ չտալ ազգային արժեհամակարգի ոչնչացումը: Ծախու արարածները ստանում են այստեղից-այնտեղից կոպեկներ, որի համար ծախում են սեփական ազգը, ինչն էլ, ի վերջո, բերեց այս կատաստրոֆային: Եվ մեր խնդիրն է այսօր պահպանել ազգային արժեհամակարգը, մշակույթը եւ մեր սուրբ եկեղեցին եւ փոխանցել մեր հաջորդ սերունդներին: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա զգուշացնում ենք, որ հայ ավանդական ընտանիքի քայքայումը, հայ ավանդույթների ոչնչացումը կբերի ազգի վերջնական եւ անդառնալի կորստի:

– Այսօր տեսնո՞ւմ եք ազգի փրկությունը՝  «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակում:

– Սկզբնական շրջանում, երբ կար 17 կուսակցությունների ձեւաչափը, մենք համագործակցում էինք: Հիմնական նպատակը Նիկոլի հեռացումն էր, ինչին աջակցում ենք եւ պահանջում: Ընդ որում՝ պահանջում ենք ավելի վաղ, քան մնացածը, որովհետեւ այդ մասին պաշտոնական հայտարարություն ենք արել դեռ մինչեւ պատերազմը՝ սեպտեմբերի 18-ին ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի նիստում: Արդեն տեսնելով, որ իրավիճակը գնում է դեպի պատերազմ, տապալում, կատաստրոֆա, հայտարարեցինք Նիկոլի հրաժարականի պահանջի մասին: Վերադառնալով Ձեր հարցին՝ պետք է այդ շարժումը բաժանել երեք փուլի.

Առաջինը՝ պատերազմի ընթացքում էր, երբ փորձում էինք փրկել իրավիճակը եւ մոտ երկու տասնյակ կուսակցություններով առաջարկում էինք ստեղծել օպերատիվ մի մարմին, որը կկարողանար կարգավորել պատերազմական հարցերը: Սա թույլ չտվեցին կյանքի կոչել, որովհետեւ այս իշխանության նպատակն այլ էր՝ ոչ թե փրկել հողերը, անցնել հակագրոհի, այլ հանձնել այն:

Երկրորդ փուլը հետպատերազմյան վիճակն էր, երբ արդեն, ըստ ստորագրված համաձայնագրի, հանձնվում էին այն տարածքները, որտեղ դեռ հայկական զորքերն էին՝ Բերձորը, Քարվաճառը, Ակնը եւ այլն: Սա էլ ավարտվեց դեկտեմբերի 1-ին, երբ մեր վերջին զորամիավորումները, ցավոք, դուրս եկան այդ տարածքներից:

Հիմա սկսվել է երրորդ փուլը, որն արդեն քաղաքական պայքար է, ինչ-որ տեղ նախընտրական արդեն եռուզեռի էլեմենտներ ենք նկատում, որտեղ տարբեր կուսակցություններ կամ կուսակցությունների միավորումներ առաջարկում են իրենց թեկնածուներին՝ որպես վարչապետի: Իմ կարծիքով՝ սա մի քիչ վաղաժամ է, որովհետեւ առաջին խնդիրը պետք է լինի Նիկոլի հեռացումը եւ հարցը, թե ինչպես պետք է հեռանա: Սա բավականին լուրջ խնդիր է: Այս երրորդ փուլում կուսակցությունների իրականացվող աշխատանքին ՍԻՄ-ը մասնակից չէ: Այսինքն՝ էլի պահանջում ենք Նիկոլի հրաժարականը, աջակցում ենք այս հարցում, բայց նեղ ֆորմատով որոշումներ չենք ընդունում, այդ թվում՝ վարչապետի թեկնածույի եւ այլն: Այն ճանապարհային քարտեզը, որով առաջարկվում է հիմա հանել Նիկոլին եւ միայն մեկ տարի հետո լուծարել նիկոլական Ազգային ժողովը մեզ համար ընդունելի չէ, որովհետեւ այս խորհրդարանն անբարոյական, հակահայկական, դավաճանական եւ անօրինական ինքնակոչ մարմին է, եւ այն նույնպես Նիկոլի հետ պետք է հեռանա:

«ՆԻԿՈ՛Լ, ՔՈ ԱԹՈՌԻՑ ԲԱՑԻ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ ԱՅԼԵՒՍ ՉԵՍ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»

– Նախորդ շաբաթ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ն. Փաշինյանն ասաց, որ իր հրաժարականն են պահանջում, այլ ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետեւ քաղաքական ուժերը վստահ չեն, որ նույնիսկ շեմը կհաղթահարեն եւ կհայտնվեն Ազգային ժողովում…

– Նիկոլն այդպիսի անիմաստ, դատարկ խոսակցություններ վարելու փոխարեն՝ ավելի լավ է թող մտածի մեր սահմանների, գերիների փոխանակման մասին: Ինչ վերաբերում է նրան, թե ով ինչպես կհաղթահարի շեմը, այդ դեպքում՝ Նիկո՛լ, հիմա դուրս արի քո պաշտոնից՝ առանց ցնցումների, միեւնույն է, քո աթոռից բացի ուրիշ ոչինչ այլեւս չես կառավարում այս երկրում, թող լուծարվի Ազգային ժողովը եւ անցնենք ընտրությունների, որ ուժը կհաղթահարի շեմը, թող այն էլ անցնի: Ժողովուրդն այս անգամ կարծում եմ՝ էլ չի սխալվի, ինչպես սխալվեց՝ Նիկոլին հավատալով: Ի դեպ, ժողովուրդ ասելով՝ հիշենք, որ ընդամենը 30 տոկոսն էր ձայն տվել իրեն, իսկ 70 տոկոսը չի աջակցել: 30 տոկոսի ձայներով եկան իշխանության եւ երկիրը հասցրեցին այս աղետին: Կարծում եմ՝ սա դաս եղավ բոլորի համար:

– Ի դեպ, ըստ էության, ԱԺ ամբիոնից Ն. Փաշինյանը հայտարարեց, որ չի բացառում բանակցություները՝ որոշ ընդդիմադիր ուժերի հետ՝ պայմանով, եթե այն չի լինելու վերջնագրերով: Սա նշանակո՞ւմ է, որ հնարավոր է ստվերային գործարքներ լինեն իշխանության եւ ընդդիմության միջեւ:

– Լավ կլիներ, որ Նիկոլը Ալիեւին ասեր՝ վերջնագրերով մեզ հետ չխոսես: Կամ այն ժամանակ, երբ Ալիեւն արդեն վերջնագրերով էր խոսում, կարողանար պատասխան տալ: Իսկ Ձեր ասած՝ ստվերային բանակցությունները շատ տարածված երեւույթ է քաղաքականության մեջ եւ անընդհատ ինչ-որ նման պրոցեսներ լինում են: Բայց հիմա այն պահը չէ, որ Հայաստանում քաղաքական ուժերը պետք է գնան ստվերային բանակցությունների: Մեր զոհերի, կորուստների, ողբերգության ֆոնի վրա ստեղծված մթնոլորտում գնալ ստվերային բանակցությունների անբարո կլիներ: Ըստ իս, պետք է լինեն բաց եւ թափանցիկ բանակցություններ, որը կտեսնի մեր ժողովուրդը: Իսկ  բանակցությունները պետք է վերաբերեն այն հարցին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը փոխանցում իշխանությունն այն ուժերին, որոնց կընտրի ժողովուրդը: Յուրաքանչյուրը կներկայացնի իր ծրագիրը՝ Վազգեն Մանուկյանն արդեն ներկայացրել է իր տեսլականը, մենք կներկայացնենք մերը եւ ժողովուրդը կընտրի: Եթե ժողովուրդը նորից ընտրի Նիկոլին, ուրեմն՝ թող շարունակի Նիկոլը պաշտոնավարել: Կարեւորը՝ ազատ ընտրություններ լինեն եւ ձեւավորենք այնպիսի իշխանություն, որը նախ կլինի ոչ այսքան վարկաբեկված, չպարտված, չմեղադրվի դավաճանության մեջ եւ կվերականգնի հայ ժողովրդի հույսը վաղվա օրվա հանդեպ: Այսօր մարդկանց հույսն է մարել, չգիտեն, թե ինչպես են ապրելու, անհանգստացած են:  Ուստի՝ պետք է ձեւավորել այնպիսի երկիր, որի իշխանությունն իր ժողովրդին դեպի այդ հույսի փարոսը կտանի: Այնպես որ, բանակցություններն, իսկապես, կարեւոր են, պետք է սկսել այն շատ արագ: Զուգահեռաբար բոլոր ոստիկանները, դեպուտատները, ընդդիմությունն էլ հետները պետք է պատրաստ լինենք գնալու մեր սահմանները պաշտպանելու: Այսօր սահմաններում խայտառակ վիճակ է. թուրքն առանց պատերազմի գծում է սահմանները՝ օգտվելով նրանից, որ չկա Նիկոլ եւ նիկոլական իշխանություն: Նրանք գտնվում են խորն, այսպես ասած, մանթրաժի մեջ եւ ի վիճակի չեն ոչինչ անել: Դրա համար պետք է սկսել բանակցություններ իշխանության տրանսֆորմացիայի վերաբերյալ եւ զուգահեռ զբաղվել սահմաններում կարգուկանոն մտցնելով: Թող յուրաքանչյուրին տրվի իր պատասխանատվության բաժինը, գնանք սահմաններում հարցերը լուծենք, իսկ դրա համար պետք են լիազորություններ եւ նաեւ ուժային ինչ-որ աջակցություն:

«ԿԱ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՏԱՐԲԵՐԱԿ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼ»

– Ի դեպ, Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացնելով իր տեսլականը՝ ասաց, որ Ռուսաստանը մեր «բարենպաստ պառտնյորն» է: Ի՞նչ է սա նշանակում:

– Նախ ասեմ, որ բոլոր ծրագրերին, որոնք ուղղված չեն հայ ազգային մտածելակերպի եւ արժեհամակարգի, հայ ինքնությունը ոչնչացնելու դեմ, մենք վերաբերվում ենք հարգանքով եւ պատրաստ ենք դրանք քննարկել, դրանց շուրջ բանավիճել եւ այլն: Վազգեն Մանուկյանն ունի իր ծրագիրը, հավանաբար այն նաեւ հաստատված է այն կուսակցությունների կողմից, որոնք հիմա մնացել են 15-ը: Իսկ մեր ծրագրով Ռուսաստանը ոչ թե «բարենպաստ պառտնյոր» է, այլ միակ ռազմավարական դաշնակիցն է, որի հետ պետք է ձեւավորենք նոր քաղաքական միություն: Այն կլինի հայ ժողովրդի ապագայի այն փարոսը, որի մասին արդեն նշեցի: Ռուսաստանի հետ նոր միությունը կբերի հայ ժողովրդի համար ապահովության եւ անվտանգության զգացողություն, իր սեփական հայրենիքում անվտանգ զարգանալու, երեխաներ մեծացնելու, մշակույթ, գիտություն, կրթություն, տնտեսություն կառուցելու, փող ներդնելու երաշխիք: Ցավոք, այսօր առաջնային խնդիրը ոչ տնտեսությունն է, ոչ հումանիտար հարցերն են, այլ մեր երկրի, մեր ժողովրդի եւ մեր երեխաների ապահովությունն է: Հիմա այդ ապահովության հարցը լուծելու կա ընդամենը մեկ տարբերակ՝ Ռուսաստանի հետ քաղաքական միություն ձեւավորել: Այս ողբերգական իրադարձություններից հետո՝ կորցրեցինք մինչ այդ ունեցած մեր 30 տարվա զարգացման տեսլականը: Մինչեւ պատերազմը մենք հույս ունեինք, որ ունենք բանակ, որը կկարողանա լուծել հարցը, ունենք քաղաքական, պետական կառուցվածք, որը կապահովի մեր անվտանգությունը եւ այլն, հիմա փոխվել է իրավիճակը, փոխվել են սահմանները եւ ապահովությաւն վերաբերյալ չափորոշիչները, փոխվել են նաեւ թշնամիների խոսելու տոնայնությունը եւ ձգտումները: Եթե առաջ ասում էին՝ Ղարաբաղը մերն է, հիմա ասում են՝ Երեւանն էլ է մերը: Թուրքիան եթե առաջ փորձում էր պահել իրեն քիչ, թե շատ քաղաքակիրթ երկրի նման, այսօր ցեղասպանների անուններն է տալիս: Այսինքն՝ մեզ զգուշացնում է, որ իրենք գնում են դեպի հայերի երկրորդ ցեղասպանաթյան իրականացման: Հիմա հայ ժողովուրդը պետք է նախկին եւ ներկա դժբախտություններից դաս քաղի: Մենք բազմիցս ասել ենք՝ ժողովո՛ւրդ, զգույշ եղեք: Ռուսաստանից հեռանալը, ասելը, թե «թող Լավրովը գա ադապտացվի մեզ», «մենք հավասար ենք», «առանց մեզ ռուսները չեն կարող», այդ պոռտոտախոսությունը բերեց հասցրեց սրան: Դրա համար այսօր պետք է կատարենք որոշում: Հիմա մարդիկ կան, որոնք ասում են՝ թող Հայաստանը լինի բազմավեկտոր, ինչպես 2013 թվականին ստորագրեցինք եւ անդամակցեցինք ԵԱՏՄ-ին, դրանցի առաջ ՀԱՊԿ-ին, իսկ 2017 թվականին ստորագրեցինք Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը՝ ասելով, որ ուզում ենք բոլորի հետ լավ լինել: Որքան հասկանում եմ՝ 15 կուսակցությունների առաջարկը հիմա սա է, բայց իմ կարծիքով՝ դրա գնացքն արդեն գնացել է, որովհետեւ այսօր աշխարհը տրանսֆորմացվել է լրիվ այլ իրավիճակի մեջ: Գերտերությունների միջեւ հարաբերությունները կատաստրոֆիկ ձեւով լարված են: Թուրքիան արդեն վեր է աճել սովորական տարածաշրջանային պետությունից եւ քայլ է անում դեպի գերտերության,  որոշակի էլեմենտներ է փորձում ինքն իրեն վերագրել եւ տիրել աշխարհի զգալի մասին՝ ենթարկեցնելով իրեն թյուրքական եւ իսլամական աշխարհը: Այս իրավիճակում փորձը այս մեկ ամսվա եւ վերջին 100-200 տարվա ցույց է տալիս, որ միակ լուծումը Ռուսաստանի հետ սերտագույն հարաբերություններն են: Սա չի նշանակում, որ այլ պետություններ հետ մենք հարաբերություններ չպետք է ունենանք: Բայց այլ պետությունների հետ մեր հարաբերությունները պետք է պայմանավորված լինեն Ռուսաստանի հետ համատեղ, ընդհանուր միությունով: Այսինքն՝ ով համատեղ մեր այդ միությանը դեմ չէ, դրա դեմ քայլեր չի կատարում, այո, նրանց հետ կարող ենք ունենալ հարաբերություններ: Բայց պետք է վստահելի լինենք՝ որպես դաշնակից՝ այնպես, ինչպես այսօր Ռուսաստանը վերջին պահին եկավ եւ փրկեց Արցախի բուն սահմանների մեծ մասը, այդտեղ ապրող ժողովրդին, ինչպես նաեւ Զանգեզուրը, Սյունիքը: Մենք պետք է գնահատենք սա, որովհետեւ երախտագիտության զգացումից զրկված ժողովուրդները դուրս են գալիս քաղաքական ասպարեզից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 iravunk.com

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ