Բարակ թավշյա ճանապարհով չստացվեց, հաստ թավիշ է պետք. Պ. Օհանյանը ՍԴ-ում ստեղծված իրավիճակի լուծման տարբերակ է առաջարկում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը չի բացահայտում, թե ինչ քայլ է հաջորդելու Սահմանադրական դատարանի կողմից Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ չընդունելու որոշմանը: 

«Խորհրդարանն ունի անհրաժեշտ գործիքակազմ, որպեսզի Հայաստանի կյանքում ի հայտ եկող ցանկացած խնդիր, այդ թվում՝ իրավական խնդիր լուծի, եւ խորհրդարանը լուծելու է։ Խորհրդարանը պետք է ապահովի, որպեսզի Հայաստանն ունենա հանրային վստահություն վայելող Սահմանադրական դատարան»,- երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը՝ հրաժարվելով բացահայտել, թե կոնկրետ ինչ ճանապարհով է լուծվելու խնդիրը:

Հովակիմյանն ասել է, որ օրենսդիր իշխանությունը Սահմանադրական դատավորներին հնարավորություն էր տվել այդ խնդրի լուծման շահագրգիռ կողմ հանդիսանալ, բայց նրանք մերժեցին այդ տարբերակը։

Ազգային ժողովի նախաձեռնած գործընթացին երեկ անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը: «Ես չեմ կարծում, որ այս քայլով Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի շուրջ ձեւավորված եւ դատարանում գոյություն ունեցող ճգնաժամի լուծմանը մազաչափ անգամ մոտեցել է, կամ սա քայլ էր, որպեսզի այդ ճգնաժամը լուծեր, սա ընդհանրապես որեւէ աղերս չուներ այդ ողջ կոնտեքստի հետ»,- «Ազատության հետ զրույցում ասել է Գրիգորյանը:

Խոսելով «Իմ քայլի» կողմից նման գործընթաց նախաձեռնելու նպատակահարմարության մասին՝ Գրիգորյանը հավելել է, որ ԱԺ-ն իրեն ընտրել է որպես դատավոր եւ ոչ թե քաղաքական թիմի անդամ, ուստի իր հետ որեւէ քայլ չի համաձայնեցվել եւ չկա որեւէ խողովակ, որով համաձայնեցվեն այդպիսի որոշումները:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նամակ էր ուղարկել Հայաստանի նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին, Սահմանադրական դատարանի անդամներին ու դատավորին՝ ահազանգելով ՍԴ-ում առկա սահմանադրական ճգնաժամի մասին:

Ըստ նրա՝ ՍԴ ճգնաժամը պայմանավորված է դատարանի գործող կազմով։ Որոշումները, ըստ Սահմանադրության, ընդունում են դատավորները՝ որոշ դեպքերում հինգ, որոշ դեպքերում՝ վեց դատավորի քվեով: Մինչդեռ 9 հոգանոց ՍԴ-ի կազմից յոթը անդամի կարգավիճակ ունեն, ուստիեւ որոշում կայացնելու լիազորություն չունեն:

Գրիգորյանը նամակում առաջարկում էր՝ համատեղ որոշմամբ պահպանել  ներկա իրավիճակը, կամ 7 թափուր հաստիքների համար Նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու Կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ ներկայացնեին: Իսկ երրորդ տարբերակում Գրիգորյանն ակնարկում էր Սահմանադրական դատարանի անդամների հրաժարականի մասին՝ առաջարկելով, որ այդ դեպքում վաղ կենսաթոշակային սխեմա գործի։ 

Սահմանադրական ճգնաժամը լուծելու տարբերակ

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը եւս «Իմ քայլի» նախաձեռնած գործընթացի հաջողության հասնելու վերաբերյալ ի սկզբանե հոռետեսական սպասելիքներ է ունեցել: Երեկ մեր զրույցում նա ասաց, թե իր կարծիքով իրականում ինչ քայլ պետք է նախաձեռնվեր: Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը.

- Պարոն Օհանյան, ՍԴ-ն նախօրեին մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի դիմումը: Սպասելի՞ էր ձեզ համար այս որոշումը:

- Ես մերժման իրավական հիմքերին ծանոթ չեմ, որ մեկնաբանեմ, բայց մի բան կգտնեին, էլի, այսպես ասած: Ինչքանով է հիմնավոր՝ դեռ չգիտեմ: Եթե նույնիսկ այսպես հեռակա խոսենք այդ որոշման հիմնավորվածությունից՝ ո՞վ պիտի լսի, որովհետեւ բողոքարկման ենթակա չէ: Ճիշտն ասած, ես ասել էի, որ հոռետես եմ: Ուղղակի չէի պատկերացնում անգամ, թե ինչպես պիտի ընդունեն վարույթ այդ դիմումը, ընդունեն հերիք չի՝ քննեն, քվեարկեն, որոշում կայացնեն հօգուտ այդ դիմումի... Բնական է, որ չէին անելու: Երեւի պիտի շնորհակալ լինենք, որ չեն ընդունել վարույթ: Որովհետեւ կարող էին եւ ծաղրել. ասենք ընդունեին, հետո քննարկեին եւ մերժեին՝ ահագին ժամանակ ծախսելով:

- Այսինքն՝ Ազգային ժողովի ներկայացրած հիմքերը, ձեր կարծիքով, այնպիսին էին, որ կարող էին նույնիսկ ծաղրի՞ արժանանալ:

- Դե, խոսքը հիմքերի մասին չէ, թեեւ հիմքերի մասին էլ կարելի է խոսել, այլ՝ որդեգրած քաղաքականության մասին: Ես համոզված էի, որ Սահմանադրական դատարանը այդ դիմումի քննարկման քայլին չի գնա գոնե նրա համար, որ նախադեպ չստեղծի, որովհետեւ ստացվում է, որ իրենք իրենց նկատմամբ, ՍԴ-ի անդամի նկատմամբ պիտի որոշում կայացնեին: Սրանով կարող էր նախադեպ ստեղծվել եւ հետո հենց նույն Ազգային ժողովը ենթադրաբար կդիմեր այս անգամ էլ մեկ ուրիշ անդամի վերաբերյալ:

- Իսկ Հրայր Թովմասյանը կարո՞ղ է ազդած լինել այս որոշման վրա: Նրա գործընկերները կարո՞ղ էին կաշկանդվածություն ունենալ նրա ներկայությունից: Ըստ մամուլի հրապարակումների՝ միայն Ֆելիքս Թոխյանն է դեմ եղել ԱԺ դիմումը վարույթ չընդունելուն:

- Հրայր Թովմասյանը հո զակոննի գող չի՞, նրանք էլ ենթակաները: Ես չեմ կարծում, որ հատկապես հիմա, իշխանափոխությունից հետո Հրայր Թովմասյանը ունենա ինչ-որ ճնշման գործիքներ. որտեղի՞ց:

- Զուտ որպես կոլեգա:

- Այո, դուք մոտեցաք. այստեղ դատավորների համերաշխության պահն է գործել: Նրանք հիմք ունեն հիմնավոր կասկած ունենալու, որ այդ խաչը իրենց դուռն էլ է չոքելու: Ըստ իս՝ սա պարզապես միամիտ քայլ էր «Իմ քայլի» կողմից: Ես լսեցի այդ հարցով զեկուցողին (Սուրեն Գրիգորյան-խմբ.),  խելացի տղա է, բայց գուցե փորձի պակաս կա: Երբ փորձի մասին խոսում ես՝ մարդիկ շատ վերացական բան են հասկանում, բայց փորձը հենց այն է, որ դու շախմատի պես մի քանի քայլ առաջ տեսնես, թե ինչ կլինի: Ինձ թվում է, որ սա ուղղակի «Իմ քայլի» կողմից մի անոնսային, նախազգուշական քայլ էր, որից հետո, եթե ավելի կտրուկ քայլերի գնան, խոսելու տեղ ունենան, որ մենք փորձեցինք էսպես, դուք չուզեցիք, դրա համար էլ մենք հիմա գնում ենք կտրուկ քայլերի: Այսինքն՝ հիմա պետք է ցույց տան, որ այդ բարակ թավշյա ճանապարհով չստացվեց, հիմա հաստ թավիշ է պետք՝ խորհրդային տարիների թավիշներից:

- Ըստ ձեզ՝ ի՞նչ քայլի պետք է դիմի «Իմ քայլը»՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար:

- Ես կարծում եմ, որ պետք է գնալ Սահմանադրական փոփոխությունների ճանապարհով:

- Իսկ ի՞նչ փոփոխություններով եք հնարավոր համարում այդ խնդրի լուծումը:

- Ես ասել եմ, որ Սահմանադրության 213 հոդվածում պետք է կատարվի փոփոխություն, ընդ որում, եթե չեմ սխալվում, դա արվում է առանց հանրաքվեի, հենց Ազգային ժողովի կողմից: Այսինքն, նույն Ազգային ժողովը, որ այսքան պրոցես նախաձեռնեց եւ մերժվեց՝ ընդամենը պետք է դա աներ:

- 213 հոդվածը վերաբերում է ՍԴ անդամների եւ նախագահի պաշտոնավարմանը: Դրանում ասվում է, որ «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար ՀՀ նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ Կառավարությունը»: Ի՞նչ պետք է փոխել այնտեղ: Թույլ չտա՞լ, որ ՍԴ անդամները շարունակեն պաշտոնավարել:

- Գիտեք ինչ, իմ կարծիքը հետեւյալն է. 213 հոդվածում փոփոխություն է արվում, լրացում ավելի շուտ, որ ՍԴ գործող անդամները շարունակում են պաշտոնավարել՝ Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով վերընտրվելուց հետո: Այսինքն, Ազգային ժողովի կողմից նորից պետք է վերընտրվեն: Բնական է, որ արդեն այդ փոփոխության հիման վրա կամ արդյունքում այսպես ասած վեթինգ կամ լյուստրացիա է կատարվում ինքնըստինքյան: Այսինքն՝ Սահմանադրական դատարանի այն անդամները, ովքեր կանցնեն այդ վեթինգը, համապատասխան վստահության բալերը կհավաքեն՝ կվերընտրվեն: Վերջին հաշվով ես չեմ կարծում, որ ինքնանպատակ կամ անձնավորված ինչ-որ պրոցես պիտի լինի: Գրեթե համոզված եմ, որ բոլորս, այդ թվում ե՛ւ իշխող ուժը՝ հենց վարչապետից սկսած, շատ լավ գիտի՝ ով ով է, ով ինչ մասնագիտական գիտելիքներով է բավարարում էդ պաշտոնին, ով ինչ քաղաքական հայացքներ կամ կապեր ունի, նյութական ինչ միջոցներ ունի, եւ այլն: Սրա արդյունքում ավելի խելամիտ կլինի, որ ոմանք մնան (ովքեր որ պրոֆեսիոնալ են, պարկեշտ են, աշխատել են, կամ ընդամենը երկու տարի է մնում, որ աշխատեն): Այսինքն՝ մի մասը դուրս կգան, մյուս մասը կշարունակի աշխատել:

- Ըստ ձեզ՝ այս հնարավորությանը ծանոթ չի՞ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը: Ի՞նչն է պատճառը, որ չի գնում այս ճանապարհով:

- Դե այդ հարցը ինձ չպետք է ուղղեք, որովհետեւ ես ընդամենը պիտի ենթադրություն անեմ, չնայած կարող եմ ենթադրել. հավանաբար որոշակի խոչընդոտներ կան, գուցե նպատակահարմարության հարցեր, չգիտեմ: Բաներ կան, որ մեզ հասու չեն: Միգուցե ինչ-որ խոչընդոտներ կան, ինչ-որ գուցե իրավական, գուցե քաղաքական, գուցե դիվանագիտական խնդիրներ կան: Կարող է Վենետիկի հանձնաժողովն է ինչ-որ վետո դրել, որ չի կարելի Սահմանադրություն փոխել նախորդ փոփոխությունից մեկ, մեկուկես տարի հետո: Բայց Վենետիկի հանձնաժողովը չէ, ուզում է Հռոմի պապը լինի՝ պիտի հասկանան, որ այստեղ տեղի է ունեցել հեղափոխություն, ոչ թե իշխանափոխություն: Չպետք է մոռանանք, որ հեղափոխության արդյունքում ժողովուրդը ընտրել է Ազգային ժողով, որը պարտավոր է լուծել այս խնդիրը: Չպետք է խորշենք վենետիկյան հանձնաժողովներից, պարզապես պետք է քայլ արվի, սա հեղափոխության էտապներից, փուլերից մեկն է: Ամեն անհրաժեշտ փոփոխություն պետք է կիրառել: Հավանաբար ուզում են այսպես ասած թավշյա լինի ամեն ինչ: Բայց գիտե՞ք ինչ՝ ամեն տեղ չի, որ թավիշը թավիշ է, թավիշ էլ կա, թավիշ էլ:

- Եթե դա թավշյա տարբերակ է՝ ձեր նշած տարբերակն ինչպե՞ս կկոչեիք:

- Իմ նշածը թավշյա իրավական ճանապարհ է, բայց մեծատառով թավշյա:

- Սահմանադրական փոփոխությունը միակ տարբերա՞կն է, որով կարող էր «Իմ քայլը» գնալ: Ի դեպ, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը եւս  ակնարկել է, որ Ազգային ժողովի նախաձեռնած գործընթացը իր պատկերացրածը չէր:

- Այո՛, Սահմանադրական փոփոխությունները միակ իրավական ճանապարհն է, որն արդյունավետ կլինի 100 տոկոսով: Կա նաեւ այսպիսի խնդիր, որի մասին ես խոսել եմ ժամանակին. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ եթե նույն օրենքի տարբեր նորմերի մեջ հակասություններ (կոլիզիա) կան, ապա առավելությունը տրվում է հատուկ մասի նորմին: Հիմա տեսեք, 213 հոդվածը անցումային դրույթի նորմ է: Հետեւապես, եթե օրենքի տառով մոտենանք՝ պետք էր էն գլխից առավելություն տալ հատուկ մասի նորմին եւ 213 հոդվածը չկիրառել: ՍԴ անդամներին պետք է կանչեին ԱԺ, որպեսզի համապատասխան ընթացակարգով անցնեին: Այսինքն՝ զուտ եղած նորմերի պայմաններում Ազգային ժողովը, առանց նույնիսկ Սահմանադրական փոփոխությունների, կարող էր կանչել ՍԴ անդամներին եւ ասել. 213 նորմը, որով ձեզ իրավունք է տրվել 30-40 տարի պաշտոնավարել, երկրորդական է հատուկ մասի նորմի համեմատ, ուստի դուք պետք է անցնեք այդ պրոցեսը (վերանշանակման-խմբ.), որովհետեւ Սահմանադրությունը դա է նախատեսում: Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանին՝ ես նրան շատ եմ հարգում ու սիրում, համարում եմ ազնիվ եւ շատ պրոֆեսիոնալ մարդ եւ իր, այսպես ասած, հիասթափությունը կամ նեղվածությունը շատ լավ հասկանում եմ, որովհետեւ այսպիսի վիճակում ենք շատերս, այդ թվում եւ ես: Բայց մենք չգիտենք՝ ինչ պատճառներ կան «Իմ քայլի» մոտ: Դրսից հեշտ է խոսելը, բայց երբ որ հայտնվում ես ներսում՝ իրավիճակը այլ կերպ է երեւում: Նույնն է, որ ֆուտբոլի սիրահարները գոռում են՝ պաս տուր, ինչի պաս չտվեցիր, քոռ ես՝ չտեսար, բայց դաշտում դա չի երեւում, կողքից հեշտ է ասելը:

Տպել
4303 դիտում

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել