Ուժը և իրավունքը ՄԱԿ-ում. ՀՀ նախագահի ելույթի հետքերով
ՄԱԿ-ի կանոնադրությունը սկսվում է ՄԱԿ-ի նպատակների թվարկմամբ, որոնցից առաջինը «միջազգային խաղաղության և անվտանգության ապահովումն է»: Այս նպատակի համար պետք է կոլեկտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ խաղաղության նկատմամբ սպառնալիքները վերացնելու և խաղաղ ճանապարհով վեճերը կարգավորելու համար: Առանցքային հասկացությունն այստեղ խաղաղությունն է, որի շուրջ անդամ երկրները պետք է համագործակցեն:
Սա տեսության մեջ, իսկ իրականում պատկերը հակասական է, ինչին և ականատես եղանք երեկ մեկնարկած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նիստին: Սպառնալիքների պակաս չզգացվեց: ԱՄՆ-ի նախագահը սպառնաց «ամբողջությամբ վերացնել» Հյուսիսային Կորեային, Իսրայելի վարչապետը հոխորտանքների մի ամբողջ տարափ թափեց Իրանի հասցեին, Թուրքիայի վարչապետը Իրաքի քրդերին վախեցրեց, որ անկախության հանրաքվե անցկացնելու դեպքում կկորցնեն եղածը և այլն: Վստահ կարող ենք լինել, որ նմանատիպ հռետորաբանություն դեռ կլսենք, հատկապես որ այսօր սպասվում է Ադրբեջանի նախագահի ելույթը:
Ի տարբերություն այս ռազմատենչ թրենդի` Հայաստանի նախագահի ելույթի հիմնական ուղերձներից էին այն, որ ԼՂ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և որ ԼՂ հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է ու այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար ու անօտարելի իրավունքներից մեկի` ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Ընդգծվեց նաև, որ Արցախը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Կոչ արվեց Ադրբեջանին ճանաչել ու հարգել Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը: Կարևոր էր նաև ընդգծել ժողովրդավարության առումով Արցախի և Ադրբեջանի տարբերությունը, ինչը նույնպես իրավական ու բարոյական տեսակետից անհնարին է դարձնում Ադրբեջանի հավակնությունները ԼՂ նկատմամբ:
Ելույթի ընդհանուր գիծն այն էր, որ Հայաստանը ԼՂ հարցում խոսում է իրավունքի դիրքերից, որն ամրագրված է նաև պարտադրված պատերազմով: Ավելի լայն կտրվածքով, Հայաստանը հանդես է գալիս որպես միջազգային հանրության պատասխանատու և վստահելի անդամ, ով իր լուման է ներդնում ժամանակակից մարտահրավերների դիմագրավման համար և մասնակցում է նաև մի շարք խաղաղապահ գործողությունների, իր նպաստն է բերում խաղաղության պահպանման գործին: Հայաստանն ընտրում է խաղաղությունը:
Պաթետիկ թող չհնչի, բայց այս օրերին, երբ լիբերալ աշխարհակարգը ճգնաժամի եզրին է, երբ միջազգային հարաբերություններում ուժային լուծումները վերադառնում են մոդա, երբ պետությունների եսասիրությունը և ազգայնական պոպուլիզմը դառնում է թելադրող գաղափարախոսություն, խաղաղության ու անվտանգության պահպանման բոլոր կոչերն էլ արժեքավոր են դառնում:
Ճիշտ է, ներկայիս աշխարհակարգն ամենաարդարը չէ և այն ներկայացնող կառույցները, առաջին հերթին ՄԱԿ-ը, արմատական բարեփոխման կարիք ունեն: Բայց դա չի ենթադրում, որ պետք է կտրուկ ամեն ինչ ջնջել ու ստեղծել նորը, որն ավելի լավ կարտահայտի ուժերի նոր բալանսը: Վերփոխումները պետք է լինեն քննարկումների և փոխզիջումների արդյունքում: Ուժի կիրառումը ցանկացած դեպքում պետք է բացառվի և դիտարկվի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին